Չեմպիոնների լիգա. «Արսենալը» դարձյալ հաղթեց «Ռեալին», «Ինտերը» ևս կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

01:03   17 ապրիլի, 2025

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերն» ու Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում անգլիական ակումբը 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ, իսկ միլանցիները տանը մարտական ոչ-ոքի խաղացին Մյունխենի «Բավարիայի» հետ՝ 2:2: Առաջին խաղում «Ինտերը» հաղթել էր 2:1 հաշվով, իսկ «Արսենալը» խփել էր 3 անպատասխան գոլ:

Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: 13-րդ րոպեին 11-մետրանոցից վրիպել էր «Արսենալի» անգլիացի վինգեր Բուկայո Սական, որը 65-րդ րոպեին բացեց հաշիվը գեղեցիկ գրոհի արդյունքում: 2 րոպե անց «Արքայական ակումբի» պատասխան գոլը խփեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որն օգտվեց հյուրերի ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբայի կոպիտ սխալից: «Արսենալը» հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց բրազիլացի եզրային հարձակվող Գաբրիել Մարտինելին:

«Ինտեր» - «Բավարիա» խաղի առաջին խաղակեսը ևս գոլազուրկ էր: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնն առաջ մղեց «Բավարիային», սակայն իտալական ակումբը 3 րոպեի ընթացքում 2 գոլ խփեց և առաջ անցավ հաշվի մեջ: Դաշտի տերերից մեկական անգամ աչքի ընկան արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսն ու ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը: Գերմանական ակումբին պարտությունից փրկեց անգլիացի պաշտպան Էրիկ Դայերի գոլը:

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերը» կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել Դորտմունդի «Բորուսիային», իսկ «Արսենալն» ուժերը կչափի անգլիական «Ասթոն Վիլային» հաղթած ֆրանսիական ՊՍժ-ի հետ:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր

«Ռեալ» (Իսպանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1:2 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 0:3) 

Վինիսիուս Ժունիոր, 67 – Բուկայո Սակա, 65, Գաբրիել Մարտինելի, 90+3

Վրիպում 11-մետրանոցից՝ Բուկայո Սակա, 13 («Արսենալ»)

«Ինտեր» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 2:2 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 2:1) 

Լաուտարո Մարտինես, 58, Բենժամեն Պավար, 61 – Հարի Քեյն, 52, Էրիկ Դայեր, 76



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.