Ծանրամարտի ԵԱ. Մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը

10:17   16 ապրիլի, 2025

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 16-ին Հայաստանը կունենա կունենա մեկ ներկայացուցիչ: Պայքարի մեջ կմտնի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 21-ամյա Գոռ Սահակյանը, որը հանդես կգա 73 կգ քաշային կարգում:

Գոռ Սահակյանը 2018 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2021 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն, 2022 թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2022 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն:

Մեծահասակներում նորամուտը նշել է 2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում, որտեղ 67 կգ քաշայինների պայքարում երկամարտի 370 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն (145+175):

2023 թ. սեպտեմբերին Սահակյանն առաջին անգամ մասնակցեց նաեւ մեծահասակների աշխարհի առաջնությանը: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած առաջնությունում երկամարտի 312 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ (142 +170):

2024 թ. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ 67 կգ քաշային կարգում Սահակյանը երկամարտում հավաքեց 311 կգ (140+171)։

Հոկտեմբերին Լեհաստանում անցկացված Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) նվաճեց ոսկե մեդալ:

2024 թ. Բահրեյնում անցկացված աշխարհի առաջնությունում 73 կգ քաշայինների պայքարում Սահակյանը երկամարտում գրանցեց 331 կգ արդյունք (146+185) եւ պայքարն ավարտեց 8-րդ տեղում:

Քիշնեւում ընթացող Եվրոպայի առաջնությունում 73 կգ քաշային կարգում տիտղոսի համար կպայքարի 11 ծանրորդ: Գոռ Սահակյանը հիմնական ֆավորիտն է: Երկամարտում նրա նախնական հայտը 345 կգ է, որն ամենաբարձրն է: Նրանից 5 կգ-ով պակաս են պատվիրել երկու թուրք ծանրորդներ:

73 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:

Եվրոպայի առաջնությունում առաջին մեդալը նվաճել է 2024 թ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ ճանաչված Ալեքսանդրա Գրիգորյանը, որը դարձել է արծաթե մեդալակիր (202, 85+117): Բրոնզե մեդալակիր է դարձել Գառնիկ Չոլակյանը (275 կգ, (124+151):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.