10:09 14 ապրիլի, 2025Հաղթանակից հետո ընկեր Հակոբն ասաց՝ «ապրես»: Երեւի սպասում էր, որ կհաղթեի: Առանց մարզիչների աշխատանքի, անհնար է որեւէ հաջողության հասնել: Իմ այս արդյունքները, ոսկե մեդալը նրանց շնորհիվ է:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Խորվաթիայից ասաց սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի կրկնակի, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Համլետ Մանուկյանը:
Ապրիլի 12-ին Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում 18-ամյա Համլետ Մանուկյանը հավասարը չունեցավ նժույգ թափեր վարժության եզրափակիչում եւ մեծահասակների պայքարում նվաճեց իր առաջին ոսկե մեդալը (14.633 միավոր):
Համլետ, շնորհավորում եմ ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ: Առաջին մեծ հաղթանակդ է մեծահասակներում: Ի՞նչ զգացողութուններ ունես:
Շատ լավ տպավորություններ ունեմ: Ուրախ եմ, որ կարողացա հաղթել: Երկար էինք պատրաստվել այս մրցմանը: Լավ ստացվեց, իսկապես շատ ուրախ եմ, որ կարողացա ոսկե մեդալ նվաճել:
Ինչպիսի՞ն էր մրցակցությունը մեծահասակների մրցասպարեզում քեզ համար:
Մեծահասակներում մրցակցությունն արդեն շատ ուժեղ է: Օլիմպիական մեդալակիրների, աշխարհի չեմպիոնների հետ ես մրցում, պետք է ավելի զգոն եւ ուշադիր լինես վարժությունդ կատարելիս: Փառք Աստծո, ստացվեց ինձ մոտ հավաքվել եզրափակիչում եւ կատարել վարժությունս:
Որակավորման փուլում ավելի ցածր միավորներ էի վաստակել: Կարեւորը եզրափակիչ դուրս գալն էր: Հիմնական ուժերս դրել էի եզրափակիչի վրա, որպեսզի բարձր միավորներ վաստակեի:
Լարվածություն կա՞ր:
Լարվածություն կար, բայց հաղթահարեցի: Հաղթահարելի լարվածություն էր: Փորձեցի չկենտրոնանալ, որ պայքարում եմ մեծահասակներում: Կարեւոր էր, որ լավ կատարեմ վարժությունս, այդ պարագայում արդեն էական նշանակություն չունի՝ մեծահասակներում եմ պայքարում, թե երիտասարդներում: Միակ տարբերությունն այն է, որ այստեղ արդեն շատ ուժեղ մրցակիցներ են:
Սպասո՞ւմ էիր, որ ոսկե մեդալ կնվաճես:
Ամեն մրցաշարին սպասում եմ, որ ոսկե մեդալով պետք է վերադառնամ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կստացվի վարժությունս: Այստեղ լավ ստացվեց եւ սպասում էի, որ հաղթող կճանաչվեմ:
Այս արդյունքները, որ կարողանում եմ անել, մարզիչներիս մեծ աշխատանքի արդյունքն է: Առանց նրանց աշխատանքի, անհնար է որեւէ հաջողության հասնել: Իմ այս արդյունքները, ոսկե մեդալը նրանց շնորհիվ է:
Ի՞նչ ասաց ընկեր Հակոբը, մրցելույթիցդ հետո:
Ասաց՝ «ապրես»: Երեւի սպասում էր, որ կհաղթեի:
Ո՞ւմ հետ առաջինը կիսեցիր ուրախությունդ, երբ իմացար՝ դու ես հաղթողը:
Առաջինը խոսեցի իմ անձնական մարզիչի՝ Հայկ Նազարյանի հետ: Այն միավորները, որ հավաքեցի այստեղ, իմ առավելագույնը չէին. սրանից բարձր միավորներ էլ եմ ստացել: Դեռ մի քանի աշխարհի գավաթ էլ ունենք, պետք է շարունակենք մարզումները, որ մյուս փուլերում էլ լավ արդյունքներ ունենանք: Կպատրաստվենք նաեւ Եվրոպայի առաջնությանը, որտեղ, կարծում եմ, շատ ավելի բարդ է լինելու, ավելի մեծ է լինելու մրցակցությունը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.