22:00 26 մարտի, 2025Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է, որ եվրոպական երկրներում երկրպագուական խմբերի հետ արշավ են սկսելու ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ընտրվելու դեմ, եթե նա մինչեւ քվեարկությունը չհայտնի ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռանալու ժամկետի մասին։
«Շուրջ 1 շաբաթից` ապրիլի 3-ին, Բելգրադում տեղի է ունենալու ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրություններ, որին մասնակցելու են ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրների ասոցացիաները։
Այս պահին կա 11 թեկնածու` 7 տեղի համար, 4 տարի ժամկետով։ 11 թեկնածուների մեջ է մեր ֆեդերացիայի տխրահռչակ նախագահը։
Թեկնածուները պետք է լինեն երկրի ֆեդերացիայի նախագահ, փոխնախագահ, կամ գլխավոր քարտուղար։ Հետագայում երկրի ֆեդերացիայի նախագահ չընտրվելու կամ հրաժարականի դեպքում կարող են պահպանել իրենց տեղը գործկոմում, եթե հաջորդ նախագահը հետ չկանչի։
ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամի աշխատավարձը տարեկան շուրջ 197 000 եվրո է, 200 եվրո օրապահիկով։
Թվում է, եթե կարողացել է թեկնածու դառնալ, ապա 11-ից հանգիստ կհայտնվի 7-ի մեջ, բայց դա միայն առաջին հայացքից, երբ ուսումնասիրում ես մնացած թեկնածուներին, որոնց մեջ են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, մրցավարներ, ֆուտբոլային գերտերությունների ղեկավարներ, որոնց մի մասը նայև գործող անդամներ են ու Արմեն Մելիքբեկյան, պարզ է դառնում, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինելու։
Ունենալ մարդ ՈՒԵՖԱ-ի գործկոմում իհարկե լավ է` կարող են բացվել որոշակի հնարավորություններ, դեպի Հայաստան նոր ծրագրեր, ֆինանսների ներգրավվում, բայց հավատալու չէ, որ էդ անելու է այս ստախոս, անթասիբ մարդը, որը միշտ պնդել է աթոռից կառչած չլինելու մասին ու իր տված խոստումների անգամ փոքր մասը չի կարողացել իրականացնել։ Այլ կերպ ասած Հայաստանում իր անելիքները «դորդուբեշ» չարած, մի հատ էլ եվրոպական ֆուտբոլն ա խելքի բերելու, մեր համար էլ մի բան քերի։ Մենք լոյալ ենք եղել այս հարցի շուրջ և չենք շահարկել այս հարցը հրաժարականի պահանջի համատեքստում։
Հիմա, երբ բոլոր սահմանները այլևս անցած են, եթե այս մարդը առաջիկայում հստակ չտեղեկացնի իր հրաժարականի ժամկետների մասին, մենք հնարավոր է գնանք ծայրահեղ քայլի` նախաձեռնենք պրոցես, նրա ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելու ընթացքը վիժեցնելու ուղղությամբ, որովհետև կա մտավախություն և գալիս են ազդակներ, որ մեծ վերնագրեր են հայտնվելու, լոբբինգա գնալու հրամցնել, որ էդ շատ մեծ, կարևոր մի դեր ա, ուզած չուզած պետք ա մնա ՀՖՖ-ում, էդ երկրի համար պատիվա և այլն։
ՀՖՖ-ն թողնելու պարագայում միանշանակ կողմ ենք Մելիքբեկյանի ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելուն ու Մելիքբեկյանի ինչ որ կամուրջով կապը հաջորդ ՀՖՖ նախագահի հետ, բայց պադոշից դիմակը օր առաջ հանելա պետք»,- գրել է Սերգեյ Ջանջոյանը։
ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի 49-րդ Կոնգրեսում։ 7 տեղին (4 տարվա պաշտոնավարում) հավակնում է 11 թեկնածու։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.