17:46 22 մարտի, 2025Հայաստանի հավաքականին ժամանակ է պետք արդյունքների հասնելու համար: Այս մասին Թբիլիսիում անցկացված նախախաղային ասուլիսում նշեց Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, հոլանդացի Ջոն վան'տ Սխիպը:
Հայաստանի հավաքականը պատրաստվում է Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար փլեյ-օֆֆի Վրաստան - Հայաստան պատասխան խաղին:
«Պետք է միշտ ելնենք այն խաղացողների ընտրությունից, որն ունենք: Ինքնանպատակ չեն մեր սխեմաները: Օրինակ, Վարաստանի հետ Երեւանում խաղում էինք կիսապաշտպանով, որը ներս էր մտնում, կամ ֆուտբոլիստով, որը փորձում էր ավել խաղացողի իրավիճակ ստեղծել:
Այս երկու հանդիպումներին պատրաստվել էինք այն մոտեցմամբ, որ Վրաստանի հավաքականը շատ լավ թիմ է, բայց ինքներդ տեսաք, որ անհատական մի շարք սխալներ եղան մեր կողմից, որի արդյունքում պարտվեցինք:
Բոլոր դիրքերում անընդհատ պետք է փորձենք ընտրել նոր խաղացողների: Մյուս հավաքների ընթացքում կփորձենք ավելի շատ ֆուտբոլիստներ դիտարկել բոլոր դիրքերի, այդ թվում եւ դարպասապահի դիրքի համար:
Հավաքի ընթացքում բոլոր խաղացողները մեր ուշադրություն կենտրոնում են: Առաջիկա խաղերի եւ հավաքների ընթացքում փորձելու ենք առավել կենտրոնանալ երիտասարդների վրա:
Ես շատ լավ տեղյակ եմ, որ Հայաստանում մարզիչին գնահատում են արդյունքով: Այդպիսի իրավիճակի բախվել եմ նաեւ Հունաստանում: Կարծում եմ, բոլորդ տեսնում եք, որ Հայաստանի հավաքականին ժամանակ է պետք արդյունքների հասնելու համար, պետք է ժամանակ տրամադրենք այդ արդյունքները տեսնելու համար:
Վերջին երկու օրերի ընթացքում ունեցել եմ 25 զրույց ֆուտբոլիստների հետ: Ռանոսին ասել եմ, որ երիտասարդ է, լավ տարիքում է եւ վաղվա խաղի հետ կապված էլ նրա հետ ծրագրեր ունեի, բայց նա չհամաձայնեց: Ես փորձում եմ զրուցել, խոսել ֆուտբոլիստների հետ, հասկանալ նրանց խնդիրները, ցանկությունները»,- ասաց Ջոն վան'տ Սխիպը:
Վրաստան - Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։ Երեւանում Հայաստանի թիմը վրացիներին պարտվել է 0:3 հաշվով։
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.