14:44 4 դեկտեմբերի, 2012Որպեսզի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները սկսեն ինձ ընդունել որպես մարզիչ, ապա ես պետք է 10 անգամ հաղթեմ Ռուսաստանի առաջնությունում, այնուհետեւ երեք անգամ աշխարհի առաջնությունում, նոր հետո միայն նրանք կսկսեն ինձ վստահել: Շատ կցանկանայի որեւէ հայկական թիմ մարզել։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:
Պարոն Գրիգորյան, ֆուտբոլային տարին ավարտված է, իսկ «ԲՄԱ-Էներգիան» երրոդն է մրցաշարային աղյուսակում: Կարո՞ղ եք ամփոփել:
Ընդհանուր առմամբ մեր ելույթները կգնահատեի բավարար: Իհարկե, մենք ցանկանում էինք զբաղեցնել երկրորդ հորիզոնականը եւ Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճել: Բայց այս փուլում մենք երեւի պատրաստ չէինք լուծել այդ խնդիրը: Անկախ ամեն ինչից, մենք մինչեւ վերջին տուրը կշարունակենք պայքարը եւ կփորձենք զբաղեցնել 3-4-րդ տեղերը: Կփորձենք Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճել անցումային խաղերի շնորհիվ: 21 տուրերից հետո կարող եմ ասել, որ թիմի պաշտպանական գործողություններում ինձ ու մարզչական շտաբին հաջողվել է լավ արդյունքներ գրանցել: Դա մեր ամենաուժեղ կողմն էր: Ինչ վերաբերում է հարձակման գծին, ապա այս դիրքում մենք մի փոքր կաղում ենք, եւ այնքան ագրեսիվ չենք, ինչքան որ ցանկանում եմ: Մենք ստեղծագործ, գրոհ կազմակերպող ֆուտբոլիստների՝ հատկապես հարձակվողի եւ կենտրոնական կիսապաշտպանի կարիք ունենք: Այդ իսկ պատճառով, առաջին հերթին մենք մեկ հարձակվող եւ ստեղծագործական աշխատանքով աչքի ընկնող կիսապաշտպանի կփնտրենք:
Իսկ թեկնածուներ կա՞ն:
Թեկնածուներ կան, բայց մենք դեռ վերջնական որոշում չենք կայացրել, ու նրանց անունները հրապարակելն անիմաստ եմ համարում:
Հնարավո՞ր է, որ նրանք հայ ֆուտբոլիստներ են:
Ամենայն հավականությամբ, նրանք վրացի ֆուտբոլիստներ կլինեն:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ միայն հարձակվողի ու կիսապաշտպանի պետք է գնե՞ք:
Արմատական փոփոխություններ չենք կատարի: Մենք պետք է հարձակման գծի բացերը լրացնենք: Ամենայն հավանականությամբ, ձեռք կբերենք երկու կիսապաշտպանի եւ երկու հարձակվողի:
Արդեն երեք ամիս է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը խաղում է Ձեր թիմում: Ինչպե՞ս կգնահատեք նրա խաղը:
Ռոբերտն անկասկած տարբերվում է Առաջին դիվիզիոնի մյուս պաշտպաններից: Նրանց ֆոնի վրա Ռոբերտը շատ ավելի առաջադեմ ֆուտբոլիստ է: Այսօր Առաջին լիգայի պաշտպանները նրանք են, ովքեր կարողանում են անհատական պայքարի մեջ մտնել: Նրանցից շատերը արագաուժային տվյալներ չունեն: Մեծ մասը առաջին փոխանցում չի կարողանում կատարել: Ինչ վերաբերում է Ռոբերտին, ապա նա ունի կենտրոնական պաշտպանի համար անհրաժեշտ բոլոր որակները՝ նա փորձում է գնդակ խլել՝ միեւնույն ժամանակ մաքուր գործելով: Արզումանյանն ունի լավ արագություն, որը կենտրոնական պաշտպանների մոտ հազվադեպ է հանդիպում: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Ռոբերտին ավելի հեշտ կլիներ խաղալ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում, որտեղ ավելի շատ են անհատապես ուժեղ հարձակվողները: Այդ առաջնությունում նրա մաքուր խաղալու եւ արագուժային տվյալների առկայությունը ավելի արդյունավետ կլինեն: Իր ներուժը նրան թույլ տալիս է խաղալ Պրեմյեր լիգայում: Ինչ վերաբերում է նրա խաղային պրակտիկային, ապա Ռոբերտը կարող է թիմում ավելի հաճախ խաղալ, եթե հավաքականում հանդիպումներ չանցկացներ: Նա չմասնակցեց երեք տուրի հանդիպումների, միայն այն բանի համար, որ վերադարձել էր հավաքականից ու ֆիզիկապես չէր հասցնում: Քանի որ նա հավաքականի առանցքային ֆուտբոլիստ է, ապա նրան վերականգնման համար ժամանակ է անհրաժեշտ, իսկ Խաբարովսկը Կենտրոնական Ռուսաստան չէ: Այստեղ ժամային գոտիների տարբերությունը շատ մեծ է: Մի խոսքով՝ ես գոհ եմ նրանից:
Իսկ Հայաստանի հավաքականի կամ Հայաստանի առաջնության ֆուտբոլիստներից ո՞ւմ կցանկանայիք տեսնել Ձեր թիմում:
Հայաստանի հավաքականն ունի շատ բարձրակարգ մի ֆուտբոլիստ. դա Հենրիխ Մխիթարյանն է: Ես շատ կուզեի նրան իմ թիմում տեսնել, բայց դա իրատեսական չէ: Իսկ իրատեսականների շարքից կարող եմ ասել, որ մնացած թեկնածուները, որոնք կարող են խաղալ Խաբարովսկում, ապա մեզ չեն հետաքրքրում, քանի որ Առաջին լիգայում լեգեոնականների սահմանափակում կա: Ամեն թիմում կարող են խաղալ միայն երեք լեգիոնականներ: Նրանք պետք է մեկ գլուխ բարձր լինեն ռուսաստանցի ֆուտբոլիստներից: Հայաստանի ազգային հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստները խաղում են Պրեմյեր լիգայում կամ այլ լավ ակումբներում, իսկ պահեստային ֆուտբոլիստներին վերցնել չարժի:
Այս օրերին հայկական ու ռուսական լրատվամիջոցները քննարկում են Յուրա Մովսիսյանի՝ «Սպարտակ» տեղափոխվելու, ինչպես նաեւ «Ալանիայի» կողմից Դավիթ Մանոյանի եւ Կամո Հովհաննիսյանի նկատմամբ հետաքրքրության վերաբերյալ լուրերը: Ի՞նչ կասեք այդ մասին: Այդ ֆուտբոլիստները ի՞նչ հեռանկարներ ունեն:
Կարծում եմ՝ այստեղ քննարկելու խնդիր չկա: Եթե նույնիսկ «Ալանիան» դուրս մնա Պրեմյեր լիգայից, ապա ակնհայտ է, որ Վալերի Գազաեւի գլխավորությամբ այն կրկին ուժեղագույնների խումբ կվերադառնա: Պետք է մտածել, որ Կամոն ու Դավիթը կարողանան ամրապնդվել թիմի հիմնական կազմում: Եթե «Ալանիան» դուրս մնա Պրեմյեր լիգայից, ապա լեգեոնականների խնդիր կառաջանա: Նրանք մինչեւ այդ պետք է մտածեն ոչ թե «Ալանիայի»՝ Պրեմյեր լիգայից դուրս մնալու մասին, այլ այնպես անեն, որ ամրապնդվեն թիմի հիմնական կազմում: Ինչ վերաբերում է Մովսիսյանին, ապա դա շատ մեծ հաջողություն է, որ նա ընդգրկվել է ամենաժողովրդական թիմում: «Սպարտակը» երկրպագուների ամենամեծ բանակն ունի: Մովսիսյանը բարձր որակներ ունի, սակայն հիմնական կազմում տեղ գտնելու համար նրան դժվարին պայքար է սպասվում:
Վարդան Մինասյանը, երկու շաբաթ առաջ եթերում պատասխանելով այն հարցին, թե ակումբային որ մարզիչների հետ է խորհրդակցում, նշեց Ձեր անունը:
Ես Վարդան Մինասյանի հետ վերջերս եմ ծանոթացել: Այդ ծանոթության նախաձեռնողը ես եմ: Նա շատ ինտելիգենտ ու կիրթ անձնավորություն է, եթե նա ասել է, որ խորհրդակցում է ինձ հետ, ապա չափազանցրել է, քանի որ այդ ես եմ նրա հետ խորհրդակցում: Ինչ վերաբերում է Ռոբերտին, ապա նրա հնարավորությունները Մինասյանն ինձանից լավ գիտի: Ժամանակին ես ցանկանում էի թիմի համար եւս մեկ հայ ֆուտբոլիստի ձեռք բերել: Բայց քանի որ ես հայ եմ, ու այնքան էլ հարմար չէր լինի, եթե իմ հայրենակիցը մնար պահեստայինների նստարանին, այդ իսկ պատճառով ես Մինասյանին չեմ դիմել, թե որ հայ ֆուտբոլիստին խորհուրդ կտար ձեռք բերել, քանի որ ինձ իրոք պետք է այնպիսի ֆուտբոլիստ, ով անկասկած կընդգրկվեր այդ երեք լեգեոնականների ցուցակում:
Մեր վերջին զրույցից հետո երկու ամիս է անցել: Այդ ընթացքում Հայաստանի հավաքականը երկու հանդիպում է անցկացրել: Ի՞նչ տպավորություն եք ստացել այդ խաղերից:
Ես դեռ այն ժամանակ ասում էի, որ Վարդան Մինասյանի համար նախորդ տարվա նման լուրջ արդյունքներ գրանցելը շատ բարդ է լինելու: Որպեսզի հավաքականը մշտապես բարձր արդյունքներ գրանցի, ապա նրա բոլոր գոտիներում պետք է Հենրիխ Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստներ խաղան: Հիմնական խնդիրը մնում է դարպասապահի խնդիրը: Դեռ ոչ ոք չի կարող մրցակցել Բերեզովսկու հետ: Բացի այդ, հավաքականը պաշտպանության հետ խնդիրներ ունի: Կարծում եմ, որ միայն Ռոբերտն է համապատասխանում հավաքականի մակարդակին: Եվ այն, որ Սարգիս Հովսեփյանն այդքան երկար խաղաց եւ նրա պատվին կարելի հուշարձան տեղադրել, դա կարելի է ասել եզրային պաշտպաններ չունենալու հետեւանքն էր:
Որոշ ժամանակ անց հայկական ակումբներից կամ հավաքականներից որեւէ մեկը գլխավորելու ցանկություն ունե՞ք:
Ես փաստացի պայմանավորվածություն էի ձեռք բերել գլխավորել Գյումրիի «Շիրակը»: Ինձ Հրավիրում էր Արման Սահակյանը: Նա ինձ դուր եկավ թե՛ որպես անձնավորություն, թե՛ որպես ակումբի ղեկավար: Թիմի այժմյան արդյունքները վկայում են այն մասին, որ նա հենց այնպես չէ, որ հայկական ֆուտբոլում է: Ես դեռ այն ժամանակ որոշում չկայացրեցի: Ինձ այն ժամանակ հարցնում էին, թե ինչպես եմ պատրաստվում հայերին մեկ թիմում համախմբել, քանի որ մեր ազգը այդքան տարբեր է, որ անգամ 300 տեսակի պանիր ունի: Ես կարծում եմ, որ դա հնարավոր է, բայց պարտադիր չէ: Հայերը պետք է հայրենասիրական ընդհանուր գաղափարների շուրջ միավորվեն: Հայաստանի հավաքականի հաջողության գաղտնիքը հայրենասիրության մեջ է: Ըստ իս, որպեսզի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները սկսեն ինձ ընդունել որպես մարզիչ, ապա ես պետք է 10 անգամ հաղթեմ Ռուսաստանի առաջնությունում, այնուհետեւ երեք անգամ աշխարհի առաջնությունում, նոր հետո միայն նրանք կսկսեն ինձ վստահել: Շատ կցանկանայի որեւէ հայկական թիմ մարզել: Նույնիսկ կարող եմ ասել, որ դա իմ երազանքն է: Այնպես է ստացվել, որ ես երկար ժամանակ Հայաստանից կտրված եմ եղել, ու ես շատ կցանկանայի Հայաստանի համար ինչ-որ օգտակար բան անել: Կցանկանայի աշխատել առողջ ձգտումներ ունեցող ակումբում:
Իսկ ինչո՞ւ չգլխավորեցիք «Շիրակը»:
Ես նախնական համաձայնությունս տվել էի, բայց ինձ կանչեցին Խաբարովսկ:
Ի՞նչ կմաղթեք Ձեզ եւ հայ ժողովրդին գալիք նոր տարում:
Ինձ կմաղթեի առողջություն: Ընտանիքիս նույնպես: Ես մեծ ընտանիք ունեմ՝ երեք դուստր: Իսկ հայ ժողովրդին կցանկանամ, որ նրանք իրենց չբաժանեն երեւանցիների, լենինականցիների, էջմիածինցիների: Մենք մի ժողովուրդ ենք, որը շատ է տառապել, եւ մենք իրավունք չունենք բաժանում մտցնենք: Մենք հայեր ենք եւ պետք է հպարտանանք դրանով:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.