ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյան. Արթուր Սողոմոնյանը պաթոլոգիկ ստախոս է

11:17   26 փետրվարի, 2025

Արթուր Սողոմոնյանը պաթոլոգիկ ստախոս է: Ես գտել եմ նրա ախտորոշումը, նա հիվանդ է: Նրա պնդումների 99.9 տոկոսը սուտ են:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը:

«Փյունիկ« ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հերթական մեղադրանքներն է ներկայացրել ՀՖՖ ղեկավարության նկատմամբ: Ըստ նրա, ֆեդերացիայում այժմ ստուգումներ են եւ կա ձերբակալված անձ: 

Պարոն Նիկողոսյան, Արթուր Սողոմոնյանի եւ ֆեդերացիայի առճակատումը դեռ շարունակվում է: Այժմ ի՞նչ խնդիր կա ակումբի նախկին նախագահի հետ: Ինչո՞ւ չեն հանդարտվում կրքերը:

Մոտ 2,5 տարի Արթուր Սողոմոնյանը խոսում է ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներից, կոնկրետ նախագահից, փոխնախագահից: Այդքան ժամանակ նա ամեն ինչով փորձում է մեղադրանքներ ներկայացնել ֆեդերացիայի գործունեության վերաբերյալ: Մենք գրեթե չենք պատասխանում: Ես անձամբ 1-2 անգամ եմ պատասխանել այդ մարդուն, քանի որ անձնամբ նրան լավ չեմ ճանաչում: Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու է այդքան խոսում: Տարբեր վարկածներ էի ինձ համար մտածում: «Փյունիկ» ակումբը վաճառեց, մտածեցի՝ վերջապես այս մարդը կհանգստանա, այլեւս մեր մասին չի խոսի: Նա արդեն կապ չունի ֆուտբոլի հետ, բայց ուշքն ու միտքը Արմեն Մելիքբեկյանն է եւ Արմեն Նիկողոսյանը:

Ունեմ արդեն բնորոշում, թե ինչ է իրենից ներկայացնում Արթուր Սողոմոնյան մարդը: Առաջին հերթին ես պետք է հասկանայի նրա հիվանդության բնորոշումը, որովհետեւ կարծում եմ՝ նա հիվանդ է: 2,5 տարի Արթուր Սողոմոնյանը տարբեր հարթակներով վճարովի հիմունքներով խոսում է, բայց նրա պնդումների 99.9 տոկոսը սուտ են:

Ձեր եւ ֆեդերացիայի հասցեին հնչեցված մեղադրանքների ու պնդումների սուտ լինելը կհիմնավորե՞ք:  

Չեմ ցանկանում պատասխանել Արթուր Սողոմոնյան անձին: Պատասխանում եմ հայկական ֆուտբոլով հետաքրքրվող լսարանին: Նախկինում էլ հանել էի նրա ստերի շարանը, բայց կանդրադառնամ վերջին հարցազրույցի մի քանի կետի:

Մինչեւ 2022 թ. հոկտեմբերի 19-ը Արթուր Սողոմոնյանը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը բացառապես միայն շնորհակալություն են հայտնել ֆուտբոլի ֆեդերացիային: Այդ մասին կան բազմաթիվ փաստեր, հրապարակումներ նրանց սոցիալական էջերում: Ֆեդերացիան մշտապես աջակցություն է ցույց տվել բոլոր այն խնդիրներին, որոնք բարձրացվել են: Օգնությունը եղել է կազմակերպչական հարցերով, ֆուտբոլիստներին գրանցելու, խաղերը կազմակերպելու, «Փյունիկի» նախապատրաստական, ընդհուպ մինչեւ հսկայական ֆինանսական աջակցություն, որը չուներ «Փյունիկը» խաղերին մեկնելու համար. խոսքը 100 միլիոն դրամի մասին է: Բոլոր հնարավոր միջոցներով ֆեդերացիան աջակցել է ակումբին եւ դա բնական է, քանի որ մեր աշխատանքն է, որն անում ենք Հայաստանը ներկայացնող յուրաքանչյուր ակումբի նկատմամբ: Հետո, չգիտես ինչու, շատ լավ հիշում եմ՝ «Սլովանին» պարտվելուց հետո մեղադրանքների տարափ սկսվեց ֆեդերացիայի ղեկավարների հասցեին:

Ասում է, որ ֆեդերացիան իրեն եւ «Փյունիկին» ճնշել է: Սուտ է ասում, որովհետեւ միակ թիմը, որը Արմեն Մելիքբեկյանի ղեկավարության ընթացքում երկու անգամ դարձել է չեմպիոն, «Փյունիկն» է: Ակումբի աղջիկների թիմը, տարբեր տարիքային խմբերի թիմեր դարձել են չեմպիոններ: Ինչ ճնշման մասին կարող է խոսքը լինել, եթե «Փյունիկը» շատ հանգիստ կարողանում է տիտղոսներ նվաճել:

Ասում է, թե ֆեդերացիան կպնում է ակումբի սաներին, չի հրավիրում հավաքականներ, զրկում է մարզիչներին: Սուտ է ասում: Եթե կա մեկ դեպք, որ «Փյունիկի» սանը չի կանչվել ֆեդերացիայի ղեկավարների պահանջով կամ որեւէ մարզիչ զրկվել է ֆեդերացիայի ղեկավարների պահանջով, ես հենց նույն րոպեին հրաժարական կտամ: Սողոմոնյանը սուտ է ասում:

Ասում է՝ ՀՖՖ կազմում կեսից ավելին չգործող կազմակերպություններ են: Սուտ է ասում: ՀՖՖ կազմում չգործող կազմակերպություններ չեն կարող լինել: Նա խոսում է մեկ ձայնի իրավունքի մասին, համաձայն որի «Փյունիկ» ակումբը պիտի ստանա ավելի շատ ձայներ, քան, օրինակ, շրջաններում գործող ակումբները: Սա խայտառակություն է, ընդ որում, ասում է «մաֆիա»: Նշանակում է՝ «մաֆիա» պետք է ասել նաեւ ՈՒԵՖԱ-ի մասին: Պատկերացրեք՝ նույն բանն ասի Գերմանիան, որ պետք է ունենա ավելի շատ ձայներ, քան Հայաստանը, որովհետեւ Գերմանիան մի քանի անգամ դարձել է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանը չի դարձել: Նման չարություն եւ արկածախնդրություն ֆուտբոլի հանդեպ չի կարելի անել: Մարզերում ֆուտբոլը զարգացնող ակումբները պակաս ներդրում ունե՞ն, քան Սողոմոնյա՞նը:

Նա պարբերաբար նշում է, որ «Բազելի» հետ խաղից առաջ ֆեդերացիան խաղ է դնում: Կա «Բազելի» հետ խաղը օրով նշված, եւ կա «Փյունիկի» վերջին խաղի օրը: Նա չի կարողանում իր նախորդ խաղի եւ այս խաղի միջեւ օրերի տարբերությունը հաշվել: Մեկ հայտնի խոսք կա՝ 2+2 ոչ միշտ է 4 անում. դա Սողոմոնյան Արթուրն է:

Նրա խոսքով ԲԿՄԱ-ի 23 ֆուտբոլիստներից 19-ն ավարտել են կարիերան: Տարբեր տարիներին տարբեր թվեր է ասել, հիմա հասել է 19-ի: Նախորդ հարցազրույցումս անդրադարձել էինք այս հարցին, որ այդ ֆուտբոլիստների մեջ նույնիսկ կար տղա, որը զոհվել էր պատերազմի ժամանակ, բայց Սողոմոնյանն իրեն էլ էր հաշվել:

Ըստ Արթուր Սողոմոնյանի,  ֆեդերացիան զբաղված է ԲԿՄԱ-ի միջոցով տղաներին բանակից ազատելու գործով: Նաեւ նշում է, որ իշխանությունն է ուղղորդում, թե ում ազատել բանակից...

Ֆեդերացիայի ոչ նախագահը, ոչ փոխնախագահը տեղյակ չեն, թե երեխաներն ինչպես են հասնում ԲԿՄԱ: ԲԿՄԱ-ի ցուցակները կազմում է 12 մարզիչից բաղկացած մարզչական խորհուրդը, որի անդամները տարիներ շարունակ հետեւում են երեխաներին եւ իրենք են ներկայացնում կազմը: Մենք ընդամենը ցուցակներն ենք ուղարկում ԿԳՄՍ, նախարարությունը ստուգումներից հետո ուղարկում է ՊՆ, որի միջոցով մտնում է Կառավարություն: Մի քանի ֆիլտր են անցնում այդ երեխաները: Մեղադրել ֆեդերացիայի ղեկավարությանը այդ ցուցակներին միջամտելու մեջ, առնվազն ապուշություն է: Եթե չեմ սխալվում, այդ ընտրությունը կատարող 12 մարզիչների մեջ կան նաեւ «Փյունիկի» մարզիչներ: Մենք դրա հետ կապ չունենք: Ինչ վերաբերում է իշխանության միջամտությանը, սուտ է: Թող բերի մեկ դեպք: Անընդհատ փոխնախարարի տղայի օրինակ է բերում, այժմ էլ նոր բան է գտել, թե այդ մարդը մեզ մոտ աշխատում է, ինչը նույնպես սուտ է: Մենք ունենք ինչպես գործող, այնպես էլ նախկին նախարարների ֆուտբոլիստ երեխաներ, որոնք բանակում ծառայում են: Չկարողացան լավ արդյունքի հասնել, այսօր ծառայում են:

«Փյունիկի» նախկին սեփականատերը եւս մեկ անգամ հիշատակել է կոռուպցիայի մասին: Ի՞նչ կասեք նրա բարձրաձայնած թվերի եւ փաստերի մասին:

Այն, որ ՀՖՖ-ի 30-ամյակի կապակցությամբ մեր անցկացրած միջոցառման վրա 900 միլիոն դրամ գումար էնք վատնել, խայտառակ սուտ է: Ամեն տարի տալիս ենք հաշվետվություն մեր ծախսերի մասին: Սուտ է ասում նաեւ այն, որ 30-ամյակի միջոցառմանը չենք հրավիրել Հենրիխ Մխիթարյանին և իր մորը: Երկուսն էլ հրավիրվել են, չեն եկել:

Ասում է՝ Նիկողոսյանը ավտոմեքենաներ է գնում: Սուտ է ասում, որովհետեւ Արմեն Նիկողոսյանը վերջին անգամ ավտոմեքենա է ունեցել 20 տարի առաջ: 2004 թվականից ավտոմեքենա չունեմ եւ չեմ վարում: Ասում է՝ Մելիքբեկյանը տներ է գնում: Սուտ է: 

Արթուր Սողոմոնյանը անընդհատ խոսում է միլիոնների մասին, 100 միլիոն դոլարների մասին, որոնք գոյություն չունեն, իսկ ես կասեմ փաստեր. «Փյունիկ» ակադեմիան, որի սեփականատերն է Արթուր Սողոմոնյանը, ամեն ամիս երեխաներից հավաքում է 80-100 հազար դոլար: Տարեկան կտրվածքով այս գումարը 1 միլիոն եվրոյից ավելի է: Դա այն վարձն է, որը հավաքում է: Ինչքա՞ն հարկ է նա տալիս այդ գումարից: «Փյունիկ» ակումբը 7 տարվա մեջ ՈւԵՖԱ-ից եւ ՀՖՖ-ից տարբեր կտրվածքներով ստացել է մի քանի միլիոն դոլար: Այդ միլիոններից քանի՞ կոպեկ է դրվել ենթակառուցվածքների վրա:

Արթուր Սողոմոնյանը հայտնել է նաեւ, որ ֆեդերացիայում ստուգումներ են գնում, կա ձերբակալված անձ: Կա՞ն ստուգումներ եւ ո՞վ է ձերբակալվել:

Կներեք, չգիտեմ, թե այս մարդը որտեղից է այդ ստերը հորինում: Ֆեդերացիայում ստուգումներ չեն գնում, ձերբակալվածներ չկան: Ըստ նրա, ես տեղյակ եմ: Առաջին անգամ եմ լսում, որ մեզ մոտ ստուգումներ են, եւ կա ձերբակալված մարդ:

Ասում է՝ հավաքականի խաղերին չարթերով մեր ընկերներին ենք տանում: Հերթական սուտը: Ես կարող եմ այլ բան ցույց տալ, իր չարթերով նա իր ընկերներին է տանում: Մեր չարթերում նման բան չկա: Ամենավատն այն է, որ մեր ֆուտբոլիստներին անվանում է կլոուններ: Ով մեր հավաքականի ֆուտբոլիստներին կլոուն է ասում, ամենամեծ կլոունն ինքն է, որովհետեւ այդ չարթերի ամենակարեւոր մարդիկ ֆուտբոլիստներն են: Բնականաբար, ազգային հավաքականը տեղափոխվում է բացառապես չարթերով, որովհետեւ դա պայմաններից մեկն է:

Ասում է՝ Նիկողոսյանը չգիտի, թե քանի ֆուտբոլիստ է խաղում դաշտում: Նաեւ պատմում է, որ սկսել է ուսումնասիրել հայագիտությունը,  իմացել է, որ Ուրուգվայը փոքր երկիր է եւ երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Ծափ պետք է տամ նրան, որ վերջապես այդքանը գիտի: Պետք է խնդրեմ, ուսումնասիրի, թե Նիկողոսյանը ֆուտբոլով երբվանից է զբաղվում:

Հարցազրույցի սկզբում ակնարկեցիք, որ ունեք բնորոշում, թե ինչ է իրենից ներկայացնում Արթուր Սողոմոնյան մարդը: Ի՞նչ նկատի ունեք:

Գտել եմ Արթուր Սողոմոնյանի ախտորոշումը. կոչվում է պաթոլոգիական ստախոս: Վիկիպեդիան գրում է՝ «Պաթոլոգիկ ստախոս, նշանակում է՝ սուտ ինֆորմացիա հաղորդելու, ֆանտաստիկ պատմություններ ստեղծելու հակում: Սովորաբար առաջանում է, երբ անհատը ցանկանում է ուշադրություն սեւեռել իր անձի վրա, այլ կերպ ասած ցանկանում է ցույց տալ սեփական անձի կարեւորությունը: Պաթոլոգիկ ստախոսները կարող են գիտակցել, որ ստում են եւ կարող են հավատալ այն ամենին, ինչն ասում են որպես ճշմարտություն: Պաթոլոգիկ ստախոսությունը կլինիկական ախտորոշման մեջ չի գործածվում, բայց հոգեբուժների մեծամասնությունը կարծում են՝ անձի այս տեսակը համարվում է հոգեկան հիվանդ: 2005 թ. տրվել է առաջին ապացույցը, որ պաթոլոգիկ ստախոսի ուղեղը տարբերվում է սովորական մարդու ուղեղից: Հետազոտությունների ընթացքում պաթոլոգիկ ստախոսների ուղեղում հայտնաբերվել են կառուվածքային անոմալիաներ, որոնցով նրանք տարբերվում են մնացած բոլորից»: Իմ կարծիքով՝ սա լավագույն բնորոշումն է Արթուր Սողոմոնյանին: Այս մարդը պաթոլոգիկ ստախոս է, եւ ես նրա մասին այլեւս չեմ խոսի:

Մենք մեկ անգամ նրան դատի տվել ենք: Վաղը նամակով կդիմենք, որպեսզի ինքը հերքի իր ասածները, եթե ոչ, հերթական անգամ կգնա դատարաններ, իր ստերի համար պատասխան կտա:

Ինչո՞ւ որոշեցիք պատասխանել նրան:

Չէի պատասխանի, բայց այդ մարդը գումարով տարբեր ալիքներով այլ երկրների շահերը սպասարկող լրատվամիջոցներով կամ մեռելածին անձանց հարցազրույցներ է տալիս: NEWS.am-ի լսարանը, ընթերցողների շրջանակը հաշվի առնելով, որոշեցի պատասխանել:  

Արթուր Սողոմոնյանից բացի, ֆեդերացիայի գործունեության, նախագահի եւ ղեկավար կազմի նկատմամբ կա մեծ բողոքի ալիք, դժգոհություններ: Երկրպագուները պահանջում են Արմեն Մելիքբեկյանի եւ Ձեր հրաժարականը: Այդ մեղադրանքներն էլ են սու՞տ:

Ես մեկ առիթով ասել եմ, որ երկրպագուների ցանկացած ակցիայի հարգանքով եմ մոտենում: Մարդիկ իրավունք ունեն դժգոհելու եւ դժգոհում են: Ես դեմ եմ դժգոհելու այն միջոցին, որ երբեմն խաղերը խանգարում են, հատկապես ազգային հավաքականի խաղերը: Մնացած դեպքերում ընդունում եմ նրանց գործողությունները, առավել եւս, լսում եմ երկրպագուների ձայնը, հանդիպում եմ, խոսում եմ նրանց հետ: Որոշակի բաներ կա, որ ընդունում եմ, որոշները՝ ոչ: Բայց, նման պաթոլոգիկ ստախոսները պետք չի գան, ընկնեն այդ դաշտ: Մեր երկրպագուների հետ կխոսենք, կհասկանանք, պետք լինի կհանդիպենք: Դժգոհությունների հետ կապված՝ այո, ես էլ դժգոհություններ ունեմ թե մեր աշխատանքից, թե հավաքականների ցուցադրած արդյունքներից: Նորմալ է:

Թե ինչու չեմ պատասխանում մյուս մեղադրանքներին, քանի որ անձնական բնույթի չեն: Եթե գործի մասին է խոսքը, մենք պատրաստ ենք քննարկել: Մենք ցույց ենք տվել աշխատանքներ, որոնք ճիշտ են կամ սխալ, ուրիշ բան, թե մարդիկ ինչպես են ընդունում: Կա մի հստակ բան․ եթե մարդը գիտի սեւ է, ինչ ուզում ես արա, պիտի ասի՝ սեւ է: Մեր հասարակությունը հիմա այնպիսի վիճակում է, որ ոչ մեկ չի ուզում լսել՝ դու ինչ ես ասում: Քեզ ասում են սեւ, ուրեմն դու սեւ ես: Շատ ցավալի է, որովհետեւ նման բեւեռացում կա. կարեւոր չի ՀՖՖ-ն ինչ է ասում, ինչ է անում: Մարդու մոտ պիտակավորվել է եւ չես կարող ջնջել:

Կա էքստրեմիստ մարդկանց մի փոքրիկ խումբ, որոնց հետ ես չեմ էլ ցանկանում խոսել: Այդ մարդիկ պիտակավորել են իշխանությանը, ֆուտբոլի ֆեդերացիային: Այդ մարդկանց նպատակը իշխանափոխությունն է, ոչ ֆուտբոլը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.