10:08 15 փետրվարի, 2025Աշխարհի առաջնությանը միանշանակ ուժեղագույնները պետք է գնան: Չեմ տանելու այնպիսի բռնցքամարտիկների, որ ուղղակի մասնակցեն եւ իրենց լավ զգան, փորձառություն ձեռք բերեն:
Բոլորիս երազանքն է Օլիմպիական խաղերում ունենալ մասնակից եւ նվաճել մեդալ: Այս օլիմպիական մրցափուլում կփորձենք հասնել այդ նպատակին եւ պատրաստել աղջիկների օլիմպիական պայքարին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը:
Երեւանում անցկացված Հայաստանի առաջնությունից հետո հավաքականը փետրվարի 10-ից ուսումնամարզական հավաք է անցնում Ծաղկաձորում: Վազգեն Բադալյանը նոր է նշանակվել կանանց հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:
Պարոն Բադալյան, մրցումային տարվա առաջին հավաքին ովքե՞ր են ընդգրկված, ինչի՞վրա եք շեշը դրել Ծաղկաձորում:
Մրցումային տարվա առաջին հավաքը միշտ ուղղված է լինում ֆիզիկական պատրաստվածությանն: Ծաղկաձորում եղանակը թույլ է տալիս, որ նորմալ մարզումներ անցկացնենք: Հրավիրել եմ 11 բռնցքամարտիկի, այդ թվում՝ 2022 թ. Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանին, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Անուշ Գրիգորյանին, մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էլիդա Քոչարյանին։
Հիմնական կազմից բացի, հավաքին մասնակցում են նաեւ երիտասարդ բռնցքամարտիկներ: Մարզումներն անցնում են ըստ ծրագրի: Աղջիկներից մի քանիսն վնասվածքներ ունեն, մարզումներին զուգահեռ նաեւ բուժվում են: Երկրորդ հավաքին արդեն պարզ կլինի, թե որքանով են վերականգնված: Ոմանց մոտ ոտքերի հետ կապված վնասվածքներ են: Ունենք նաեւ ձեռքի վնասվածներ: Այս վնասվածքները նախկինում ձեռք բերված են:
Մրցումային տարին սկսում եք աշխարհի առաջնությունով: Արդեն որոշվա՞ծ է, թե ովքեր են մասնակցելու:
Ինչպես արդեն նշեցի, մեր հիմնական կազմից մի քանիսն ունեն վնասվածքներ: Այս առումով դեռ պարզ չի, թե ովքեր կմեկնեն առաջնության, ովքեր բաց կթողնեն: Երկրորդ հավաքը կանցկացնենք Երեւանում, որտեղ պարզ կլինի, թե ովքեր են լիարժեք ապաքինվել: Այս պահին նաեւ չեմ կարող ասել, թե քանի մասնակից կունենանք, որ քաշային կարգերում:
Աշխարհի առաջնությունը շատ ուժեղ մրցաշար է, բարձր կարգի: Մասնակցում է 50 երկիր, միանշանակ ուժեղագույնները պետք է գնան: Այստեղ մենք խնդիր չունենք քանակի, չեմ տանելու այնպիսի բռնցքամարտիկների, որ ուղղակի մասնակցեն եւ իրենց լավ զգան, փորձառություն ձեռք բերեն: Մինչեւ 5 քաշային կարգերում գուցե ունենանք ներկայացուցիչներ: Ամեն ինչ կախված է աղջիկների վիճակից, վնասվածքներից:
Քանի՞ փուլով կպատրաստվեք աշխարհի առաջնությանը:
Մինչեւ աշխարհի առաջնությունը, նախատեսում ենք մեկ արտագնա հավաք անցկացնել Բուլղարիայում: Աշխարհի առաջնությունն անցկացվելու է մարտի 9-16-ը: Մենք մեկ շաբաթ շուտ նախատեսում ենք մեկնել Բուլղարիա, որտեղ կունենանք համատեղ հավաք կամ Բուլղարիայի հավաքականի հետ, կամ որեւէ երկրի հետ: Այնտեղից կգնանք Սերբիա, որտեղ էլ անցկացվելու է աշխարհի առաջնությունը: Ինչ վերաբերում է Երեւանի հավաքին, օրերը կորոշվի Բուլղարիա մեկնելու օրերը հստակեցնելուց հետո: Հասկանանք՝ երբ ենք մեկնում, այդ ժամանակ կորոշենք երեւանյան հավաքի օրերը: Ես ուզում եմ, որ անպայման մեկ շաբաթ հավաք անցնենք նաեւ Բուլղարիայում, համատեղ մարզումներ անցկացնենք այլ երկրի թիմերի հետ:
Կանանց հավաքականում սփարինգներ զուգընկերների խնդիր կա՞, ինչպե՞ս եք լուծում այդ խնդիրը:
Իհարկե կա: Տարբեր քաշային կարգերում ունենք քիչ ներկայացուցիչներ, շատ չի ստացվում կազմակերպել սփարինգ մենամարտեր: Հայաստանի առաջնությունում 5 քաշային կարգերի մրցաշար անցկացրին, քանի որ մասնակիցների քանակը քիչ էր: Այս խնդիրը կփորձենք լուծել Բուլղարիայի հավաքով: Հենց այս նպատակով ենք ուզում արտագնա հավաք անել: Այնտեղ հավաքի կլինեն 2-3 երկիր, այնպես կանենք, որ աղջիկներին աշխատացնենք, իրենց փորձառության հետ նաեւ լավ վիճակում լինեն:
Ծաղկաձորում սփարինգների խնդիր չկա, ֆիզիկական պատրաստվածության հավաք է՝ վազք, պրես, ցատկեր, ծանր գնդակներով վարժություններ, ծանրամարտի գործիքներով աշխատանք:
Անի Հովսեփյանը Հայաստանի առաջնությանը հայտարվորված էր, բայց չմասնակցեց: Ի՞նչն էր պատճառը:
Նրա քաշային կարգում մարդ չկար: Քաշ չկար: Մրցակիցը հրաժարվեց պայքարից, նա չաշխատեց: Հավաքին ընդգրկված է, բայց չեմ կարող ասել՝ աշխարհի առաջնությանը կմասնակցի, թե ոչ: Այդ հարցերը կլուծվի, երբ ամեն ինչ պարզ լինի:
Անուշ Գրիգորյանն ի՞նչ մարզավիճակում է: Վիրահատությունից հետո լիարժեք վերականգնվե՞լ է:
Անուշը ծնկահոդի խնդիր ուներ, վիրահատվել էր, այժմ վերականգնվում է: Մարզումներին նորմալ մասնակցում է: Հետեւողական եմ, պետք է ուշադիր լինենք, քանի որ վիրահատվել էր, բուժում չէր անցել: Լավ մարզավիճակում է, ամեն ինչ լավ է ընթանում:
Նշեցիք, որ Ծաղկաձորի հավաքին ընդգրկված են նաեւ մի քանի երիտասարդ բռնցքամարտիկներ: Ի՞նչ հնարավորություններ կտրվի նրանց:
Նրանք միացել են հավաքին փորձ ձեռք բերելու նպատակով: Երեւանում աղջիկներին կօգնեն զույգերով աշխատելիս: Այս ամենից բացի, Երեւանում անցկացվելու է մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս աղջիկների տարիքը համապատասխանում է այդ մրցաշարին մասնակցելու համար: Սա նրանց համար լրացուցիչ հավաք կլինի ուղղված Եվրոպայի առաջնությանը:
Անցած մրցաշրջանում աղջիկները պարբերաբար մարզվում էին տղաների թիմի հետ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: Ի՞նչ վիճակում եք ընդունել հավաքականը։
Անցած մրցաշրջանում աղջիկներն ունեցել են մարզիչ: Իմ տեղեկություններով ֆիզիկական պատրաստվածության հավաքներն են անցել տղաների հետ, որը նորմալ է: Արդեն ձեռնոցներով աշխատելիս իմաստ չկա տղաների հետ աշխատել, քանի որ նրանք շատ ուժեղ են: Նորմալ վիճակում եմ վերցրել հավաքականը, բոլոր այն աղջիկներն են, որոնք միշտ եղել են: Ես կուզեի, որ երիտասարդներին ավելին շուտ ընդգրկենք մեծահասակների կազմ: Ես ղեկավարում եմ նաեւ երիտասարդների հավաքականը: Կփորձեմ լավ երիտասարդներին բերել թիմ, քանի որ պաշտոնական մրցաշարերին շատ քիչ քաշային կարգերում ենք ունենում ուժեղ եւ մրցունակ ներկայացուցիչներ: Թիմերը լրացված չեն: Հանրապետության առաջնությունում քաշերից կեսից ավելինում զույգեր չկային, որ եզրափակիչի համար պայքարեին: Մի քիչ մասսայականության խնդիր ունենք, սերնդափոխության խնդիր նույնպես ունենք: Պետք է այնպես անենք, որ երիտասարդների եւ մինչեւ 22 տարեկանների հետ աշխատելով, լրացնենք գլխավոր թիմը: Հավաքականում, օրինակ, ծանր քաշերում մարզիկներ չունենք:
Ի՞նչ խնդիր է Ձեր առջեւ դրված ֆեդերացիայի կողմից: Օլիմպիական խաղերի ուղեգրերի խնդիր կա՞:
Այդ խնդիրը հայ ազգի առջեւ է դրված, ուր մնաց մեր առջեւ դրված չլինի: Դա բոլորի ամենաբարձր երազանքն է, որ հասնենք այն մակարդակին, ունենանք ներկայացուցիչ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում եւ նվաճենք մեդալ: Ես չեմ հիշում, որ Օլիմպիական խաղերում աղջիկ մասնակից ունեցած լինենք: Կփորձենք այս օլիմպիական մրցափուլում հասնել այդ նպատակին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.