Երեւանում է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահը

20:03   7 փետրվարի, 2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչին, որը Հայաստան է ժամանել՝ ուսումնասիրելու առկա ենթակառուցվածքներն ու համագործակցության հնարավորությունները, ԿԳՄՍՆ-ի կայքը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը:

Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել այցելության և համագործակցության պատրաստակամության համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ապրելակերպի ու ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է:

Նախարարի տեղակալը, ներկայացնելով պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, նշել է՝ մեկնարկել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը, որով նախատեսվում է ֆինանսավորել դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների անցկացումը գործող լողավազաններում:

Արթուր Մարտիրոսյանը նաև ներկայացրել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի կազմակերպումը, որոնցից մեկն անցկացվում է լող մարզաձևից:

Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Լողի հայկական դաշնության ակտիվ մասնակցությունը Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող առաջնություններին և կոնգրեսներին վստահություն է ներշնչում, որ առկա է համագործակցության ավելի լայն ներուժ: Նրա խոսքով՝ որպես առաջին փորձ՝ Հայաստանը կարող է դիտարկել հենց Սևանա լճում Open Water՝ բաց ջրերի ձևաչափով միջոցառումների անցկացումը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.