15:04 3 փետրվարի, 2025Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամները Ջերմուկում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում նվաճել են առաջին ոսկե մեդալները:
Տղամարդկանց ազատ ոճում հաղթողի կոչմանն արժանացել է Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, եռյակը եզրափակել է Թադևոս Պողոսյանը: Երեք մարզիկներն էլ Աշոցքից են:
Կանանց ազատ ոճում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը Աշոցքից: Երկրորդ տեղում Վասելինա Խաչատուրյանն է Սոչիից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռոզա Սիմոնյանը Գյումրիից:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ծրագրում առաջին անգամ ընդգրկվել է ձնամարտը, որի մրցումներին մասնակցում են 18 թիմեր Ապարանից, Վիեննայից, Լիբանանից, Թալինից, Թբիլիսից, Կրասնոդարից, Թեհրանից, Մասիսից ու մի շարք այլ քաղաքներից:
Խաղերի շրջանակում մեկնարկել են նաև շախմատի մրցումները, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցում են 210 շախմատիստներ: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շախմատի մրցաշարում տարիքային սահմանափակում չկա: Մասնակիցներն ուժերն են չափում արագ շախմատում, որի մրցաշարը բաղկացած է 9 տուրից:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքներից: Առաջին խաղերին, որոնք կայացել էին 2014 թվականին Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում ընդգրկված են հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մարզաձևերը: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերը կանցկացվեն Ապարանի տարածաշրջանում և Երևանում:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կավարտվեն փետրվարի 7-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.