09:04 6 հունվարի, 2025NEWS.am Sport-ը ներկայացնում է «Նոր Տարվա հեքիաթ» հարցազրույցների շարք, որտեղ մրցաշրջան-2024-ում մեծ նվաճումներ ունեցած հայկական սպորտի աստղերը կպատմեն անցնող տարվա ձեռքբերումների, մեծ հաղթանակների, ցավալի ձախողումների, Ամանորի եւ մանկական հիշողությունների մասին: Շարքի այսօրվա հերոսը հայկական սպորտի ամենահեռանկարային մարմնամարզիկն է՝ երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, 17-ամյա Համլետ Մանուկյանը:
2024 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երիտասարդ մարմնամարզիկը ուսի վնասվածքով հավասարը չունեցավ նժույգ թափեր վարժությունում եւ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Ըստ մասնագետների, Համլետ Մանուկյանը հայկական մարմնամարզության ապագան է: 2025 թվականից Համլետ Մանուկյանը կպայքարի մեծահասակների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում:
Համլետ, ինչպիսի՞ն ստացվեց մրցաշրջան-2024-ը քեզ համար:
2024 թվականը հաջող տարի էր ինձ համար, կարողացա Եվրոպայի չեմպիոն դառնալ: Ուսի վնասվածքի պատճառով միայն մեկ գործիքով մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը: Դեկտեմբերին մասնակցեցի նաեւ Վորոնինի գավաթի խաղարկությանը եւ հաղթող ճանաչվեցի երկու գործիքների վրա, տարբեր գործիքների վրա մեդալակիր դարձա: Ընդհանուր հաշվարկով 7 մեդալ եմ նվաճել 2024-ին:
2025-ից արդեն ուժերս կփորձեմ մեծահասակների պայքարում եւ կփորձեմ արդարացնել բոլորի սպասելիքները: Նորամուտս կնշեմ Եվրոպայի առաջնությունում, եթե ընդգրկվեմ կազմ: Կփորձեմ մեծահասակներում լավ հանդես գալ եւ մեդալներ նվաճել:
Ո՞րն ես համարում տարվա գլխավոր ձեռքբերումդ:
Եվրոպայի առաջնության ոսկե մեդալն էր մեծ նվաճումս: Կուզեի այլ գործիքի վրա էլ պայքարել, բայց վնասվածքս թույլ չտվեց: Այս տարի միակ ուժեղ մրցաշարը Եվրոպայի առաջնությունն էր: 2024-ում երիտասարդների աշխարհի առաջնություն չանցկացվեց:
2024-ում ունե՞ս կատարված երազանք:
Ավելի շատ նպատակ է եղել. քանի որ Եվրոպայի չեմպիոն չէի դարձել, երկու անգամ աշխարհի առաջնությունում էի հաղթել, մեծ նպատակ ունեի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էլ դառնալ: Շնորհակալ եմ Աստծուն, որ կարողացա լավ կատարել վարժությունս, մարզիչներիս օգնությամբ, նրանց հրահանգները լսելով՝ հաղթեցի, ինչի համար շատ ուրախ եմ:
Ո՞րն է տարվա ամենահիշարժան օրդ:
Ամենահիշարժանը Եվրոպայի առաջնության եզրափակիչի օրն է ՝ ապրիլի 27-ը, պարգեւատրման արարողությունը: Շատ ուրախ էի այդ հաղթանակի համար:
Ի՞նչ մտքերով ես ճանապարհում 2024-ը:
Լավ մտքերով եմ ճանապարհում՝ նոր սպասումներով ու նպատակներով նոր տարվա համար: Բարդ տարի էր վնասվածքներիս առումով, բայց հագեցած էր հույզերով, հաղթական զգացողություններով:
Սիրո՞ւմ ես Նոր տարին, տոնական օրերը: Ինչո՞վ է առանձնանում այն քեզ համար:
Ինչպես մնացած տոները, Նոր տարին էլ սիրում եմ: Պատրաստվում ենք, ընտանիքով նշում ենք: Նոր տարին ընտանիքով դիմավորում ենք եկեղեցում:
Սիրում եմ նաեւ տոնական աժիոտաժը, որ այցելում ենք բարեկամների, ընկերների տներ, շնորհավորում միմյանց: Ամենասիրելի պահն ինձ համար կեսգիշերի ղողանջներն են:
Հավատո՞ւմ ես Ամանորի հրաշքին:
Երազանք չեմ պահում: Ցանկություններս, նպատակներս աղոթքներով եմ ասում, իսկ նպատակներս հիմնականում կապված են սպորտային հաջողությունների հետ: Ինձ համար այդ հրաշքը աղոթքներով խոսքս Աստծուն հասցնելն է:
Փոքր տարիքում բոլորի նման ես էլ էի հավատում Ձմեռ պապիկին: Անհամբեր սպասում էի, թե երբ է գալու Ձմեռ պապին եւ ինձ նվերներ բերելու: Ծնողներս անակնալ էին անում, եւ ես ստանում էի նվերները: Նոր տարվա ամենասիրելի հիշողություններս այդ պահերի հետ են կապված: Տոնածառի տակ էին դնում նվերները ու ինձ համար մեծ անակնկալ էր, թե ինչպես են նվերները հայտնվում տոնածառի տակ:
Եթե հանդիպեիր Ձմեռ պապին...
Երբեք չէի մտածել, թե ինչ կասեմ Ձմեռ պապին, եթե տեսնեի: Երեւի կուզեի, որ մեր երկրում խաղաղություն լիներ: Ինձ համար ոչինչ չէի ուզի եւ չէի ասի, որովհետեւ իմ նպատակներին ինքս պետք է հասնեմ:
Ո՞րն է ամենասիրելի ուտեստը տոնական սեղանից:
Ամենասիրելի ուտեստս խոզի բուդն է:
Ո՞րն է քո Նոր տարվա հեքիաթը:
Ընտանիքով Նոր տարին դիմավորելն է իմ հեքիաթը: Վերջին տարիներին եկեղեցում ենք դիմավորում եւ շատ խորհրդանշական է, երբ ընտանիքի բոլոր անդամներով գիշերով եկեղեցում ենք: Ինձ համար առաջնահերթ է ընտանիքի հետ դիմավորելը: Եկեղեցում դիմավորելն է ինձ համար կարեւոր, Աստծուն ուղղված աղոթքներով տարին սկսելը:
Ի՞նչ նպատակներով եւ երազանքներով ես դիմավորում 2025-ը:
2025-ին ամեն ինչ պետք է անեմ, ջանք ու եռանդ չխնայեմ մեծահասակներում լավագույնս հանդես գալու համար: Մարզիչներիս հորդորդները լսելով, քրտնաջան աշխատանքով կփորձեմ յուրաքանչյուր մրցաշարում, որին մասնակցեմ, մեր երկրի պատիվը բարձր պահել, դրոշը բարձրացնել:
2025 թվականին բոլորին մաղթում եմ հաջողություններով լի տարի, մարզիկներին՝ առանց վնասվածքների եւ հաղթանակների տարի: Խաղաղություն լինի մեր երկրում: Փորձենք տարբեր միջազգային մրցաշարերում Հայաստանի պատիվը բարձր պահել:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.