09:07 4 հունվարի, 2025NEWS.am Sport-ը ներկայացնում է «Նոր Տարվա հեքիաթ» հարցազրույցների շարք, որտեղ մրցաշրջան-2024-ում մեծ նվաճումներ ունեցած հայկական սպորտի աստղերը պատմում եմ անցնող տարվա ձեռքբերումների, մեծ հաղթանակների, ցավալի ձախողումների, Ամանորի եւ մանկական հիշողությունների մասին:
Շարքի հաջորդ հերոսը Փարիզ-2024-ի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 77 կգ քաշային կարգի առաջատար Մալխաս Ամոյանն է:
Մրցաշրջան-2024-ը Մալխաս Ամոյանի համար եղավ ամենաբարձր նվաճման տարի: 25-ամյա հունահռոմեական ոճի ըմբիշը մարզական կարիերայում առաջին անգամ մասնակցեց Օլիմպիական խաղերի եւ նվաճեց իր առաջին օլիմպիական մեդալը՝ դառնալով բրոնզե մեդալակիր: Օլիմպիական տարում Ամոյանը երրորդ անգամ նվաճեց նաեւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ազգությամբ եզդի ըմբիշը մեծ հաջողություններ ունեցավ նաեւ ակումբային կարիերայում: Այս հաղթանակների ֆոնին, սակայն, Մալխաս Ամոյանը չընդգրկեց տարվա լավագույն մարզիկների ցանկում, ինչը թեժ քննարկումների տեղիք տվեց հայկական սպորտում:
Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի Մ23 կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը NEWS.am Sport-ի ընթերցողների համար ամփոփել է մեծ նվաճումներով լի 2024-ը եւ պատմել իր Նոր տարվա հեքիաթի մասին:
Մալխաս, ինչպիսի՞ն ստացվեց 2024-ը քեզ համար:
Տարին լավ սկսեցի, դարձա Եվրոպայի առաջնության հաղթող: Տարվա երկրորդ հատվածում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր դարձա: Կարծում եմ՝ նորմալ ստացվեց: Փարիզում կուզենայի օլիմպիական ոսկե մեդալ նվաճել, բայց բավարարվեցի բրոնզով:
Ինչի՞ համար ես ափսոսում:
Ափսոսալ եւ փոշմանել չստացված ու չնվաճած մեդալների համար, ուշ է: Այս պահին, հավանաբար, օլիմպիական բրոնզի էի արժանի: Գուցե այսքան էի պատրաստվել, այդ պատճառով էլ այս արդյունքը եղավ: Շատ կուզեի մեդալիս գույնը ուրիշ լիներ, նպատակս իրականացնեի, սակայն չստացվեց: Ինձ համար օլիմպիական ոսկե մեդալը չստացված եմ համարում, բայց, միանշանակ, իմ առաջին օլիմպիական մեդալը նվաճեցի եւ այն անփոխարինելի է: Միայն կասեմ, որ բրոնզե մեդալն այն արդյունքը չէր, որի համար գնացել էի:
Ինչո՞վ տպավորվեց քո առաջին Օլիմպիական խաղերը:
Մինչեւ Փարիզ մեկնելս պատկերացնումներս այլ էին Օլիմպիական խաղերի մասին, բայց ամեն ինչ այդպես չէր: Կարծես՝ Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեկնած լինեի: Ինձ ավելի շատ տպավորեց մրցումային օրերին մարզադահլիճում տիրող մթնոլորտը: Շատ հայեր էին եկել մեզ երկրպագելու, ինչը ոգեւորիչ էր: Օլիմպիական խաղերում պատասխանատվությունն է ավելի մեծանում: Հուսամ՝ հաջորդ Օլիմպիական խաղերում արդեն ավելի մեծ փորձով եւ ավելի լավ պատրաստված կլինեմ:
Ո՞րն է տարվա ամենամեծ հաղթանակդ:
Ամենամեծ հաղթանակս Եվրոպայի առաջնության երրորդ ոսկե մեդալն էր: Շատ ուրախ եմ, որ կարողացա երրորդ անգամ նվաճել չեմպիոնի կոչումը: Տարեց տարի ավելի է բարդանում չեմպիոնություն պահելը, ավելի մեծ է դառնում մրցակցությունը: Բոլորը սկսում են պայքարել քո դեմ, մրցակիցներդ ավելի լավ են սկսում ճանաչել քեզ, քո թույլ կողմերը եւ ավելի է բարդանում գոտեմարտելը: Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալն ավելի հեշտ էր, քան երկրորդ եւ երրորդ անգամ տիտղոսը պահելը: Այս առումով ուրախ եմ, որ 2024-ին էլ կարողացա հաղթող ճանաչվել: Ինձ համար սա մեծ հաղթանակ է:
Իսկ ձախողո՞ւմը:
Չեմ համարում, որ ձախողում ունեցել եմ: Օլիմպիական բրոնզե մեդալը ձախողում չեմ համարում: Այդպես կհամարեի, եթե առանց մեդալ վերադառնայի Օլիմպիական խաղերից: Այդքան պատրաստվեի եւ մեդալ չնվաճեի:
Օլիմպիական բրոնզե մեդալն ի՞նչ փոխեց քո կյանքում:
Իրականում, ոչինչ: Այդ էջն արդեն փակված է ինձ համար: Դրական ազդեցություն ունեցավ. փորձ, մոտիվացիա տվեց ու ավելի ուժեղացրեց: Ես այլեւս հետ նայելու իրավունք չունեմ, պետք է առաջ շարժվել ու պատրաստվել եկող մրցաշարերի, գնալ նոր հաղթանակների ու ավելի բարձր մեդալների հետեւից:
2024-ին կատարված երազանք ունե՞ս:
Սովորաբար երազանքներ չեմ պահում հսջորդ տարվա համար: Նպատակներ եմ դնում իմ առջեւ եւ փորձում եմ հասնել դրանց: 2024-ում իմ առջեւ նպատակ էի դրել հաղթանակներ ունենալ խոշոր մրցաշարերում եւ մեդալներ նվաճել: Համարում եմ, որ այդ նպատակներս իրականացան Եվրոպայի ոսկե մեդալով եւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալով:
Ի՞նչ մտքերով ես ճանապարհում տարին:
Օլիմպիական մեծ հիշողություններով, լավ մտքերով ու շնորհակալություններով եմ ճանապարհում: Իմ հաջողությունների ճանապարհին այս տարի էլ օգնել են ծնողներս, հորեղբայրներս, ընկերներս, հայ եւ եզդի ազգը: Ուզում եմ բոլորին շնորհակալություն ասել, որ կողքիս են եղել: Առանձնահատուկ շնորհակալություն նաեւ իմ մարզիչներին, որոնց շնորհիվ ես այս տարի կարողացա երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալ, առաջին օլիմպիական մեդալը նվաճել եւ շատ այլ հաջողություններ գրանցել սպորտում:
Ի՞նչ նպատակներով ես դիմավորում 2025 թվականը:
Իմ երազանքներն ու նպատակները հիմնականում կապված են սպորտի հետ: Իմ առջեւ խնդիր եմ դրել դառնալ Եվրոպայի քառակի եւ աշխարհի կրկնակի չեմպիոն:
Ինչպե՞ս ես սիրում անցկացնել Ամանորը:
Ինձ համար Նոր տարին ընտանեկան ջերմ տոն է: Սիրում եմ անցկացնել ընտանիքիս անդամների հետ: Մեզ համար առավել հաճելի է, քանի որ տարվա ընթացքում շատ ենք բացակայում, իսկ Ամանորին վերգտնում ենք ընտանեկան ջերմությունը, հարազատների եւ ընկերների հետ ջերմ մթնոլորտում հանդիպումները: Այս ամենը շատ թանկ է ինձ համար:
Եթե հանդիպեիր ձմեռ պապին...
Նրան կասեի, որ միայն մեկ ցանկություն ունեմ. խաղաղություն լինի մեր երկրում:
Ո՞րն է քո Նոր տարվա հեքիաթը:
Իմ Նոր տարվա հեքիաթը ընտանեկան եւ ընկերական ջերմ միջավայրն է, այն մթնոլորտը, որում ապրում ենք տոնական օրերին:
Շնորհավորում եմ հայ եւ եզդի ազգի Ամանորը, թող 2025-ը լինի խաղաղության, սիրո, ջերմության, նոր ու բարձր նվաճումների տարի:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.