Կարեն Գիլոյան․ Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել

22:33   27 դեկտեմբերի, 2024

Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար, մարզական հեռուստամեկնաբան Կարեն Գիլոյանը:

Համացանցում շրջանառվում են տեղեկություւններ, ըստ որոնց սպորտի փոխնախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ես հրաժարականի դիմում չեմ ներկայացրել եւ շարունակում եմ պաշտոնավարել որպես ԿԳՄՍ փոխնախարար: Միտք ունեմ հրաժարական տալու:

Մինչեւ դեկտեմբերի 30-ը քննարկում ունեմ WADA-ի նախագահի հետ: Ինչպես գիտեք, ես ընտրվել եմ Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադրամի  խորհրդի անդամ, ինձ ավելի լայն հնարավորություններ է առաջարկում: Եթե մինչեւ դեկտեմբերի 30-ը գամ համաձայնության, տոներից հետո հավանաբար դիմում կգրեմ: WADA-ում ընտրվել եմ 3 տարի ժամկետով՝ 2025 թ. հունվարի 1-ից մինչեւ 2027 թվական:

Մի քանի ուրիշ ծրագրեր էլ ունեմ մասնավորի հետ: Երկու խոշոր ծրագիր է՝ ուսումնամարզական մարզաբազա հավաքների համար եւ եւս մեկ խոշոր մարզահամալիր սառցե սահադաշտով, օլիմպիական լողավազանով, ամեն ինչ նախատեսած մրցումների համար: Մարզաբազան կլինի Հանքավանում, մարզահամալիրը՝ Երեւանի մերձակայքում: Առայժմ բանակցությունների մեջ ենք: Մի քանի տասնյակ միլիոնների ներդումներ է լինելու: Իմ շատ հարազատ ընկերների ցանկությունն է, որ մնամ սպորտում, փորձենք ակումբային սպորտը զարգացնել:

Այնպես, որ այս ամենը դեռ բանակցությունների փուլում է, ես հրաժարականի դիմում չեմ ներկայացրել: Որոշումս կկայացնեմ Նոր տարուց հետո»,- ասաց փոխնախարարը:

Կարեն Գիլոյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ նշանակվել է 2020 թ. դեկտեմբերի 29-ին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ ԿԳՄՍՆ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.