Կարեն Աղամալյան․ Եվրոպայի առաջնությունից մեդալային ակնկալիքներ ունենք

17:11   11 հոկտեմբերի, 2024

Օլիմպիական խաղերից հետո նոր ուժով եւ տրամադրվածությամբ ենք մեկնարկել: Եվրոպայի առաջնությունից մեդալային ակնկալիքներ ունենք: Ուժեղ կազմով ենք մասնակցում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուլղարիայից ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Հոկտեմբերի 12-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 17 բռնցքամարտիկով:

Տղամարդկանց պայքարում կմասնակցեն՝ Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Մանվել Պետրոսյանը (63, 5 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Գարիկ Անտանոսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (92 կգ):

Կանանց պայքարում կլինեն Լուսինե Գեւորգյանը (48 կգ), Արեւիկ Դոխոլյանը (52  կգ),  Աննա Զուռնաչյանը (54 կգ), Ջուլյա Լալայանը (57 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ):

«Մեծ կազմով ենք մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Սպասելիքները մեդալային են: Թիմն առաջնությանը լավ է պատրաստվել, տղամարդկանց եւ կանանց թիմերը լավ մարզավիճակում են: 

Երկու մարզումային փուլով ենք անցել Աբովյանի մարզաբազայում եւ Երեւանի Օլիմպավանում: Կազմն ընտրել եմ ըստ բռնցքամարտիկների արդյունքների: Իրենց քաշային կարգերում ուժեղներն են ընդգրկվել կազմ: Նույնը կասեմ նաեւ աղջիկների մասին: Նրանց վերջին արդյունքներով է որոշվել, թե ով է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Թիմում չկա թույլ բռնցքամարտիկ, որը եկել է ուժեղի փոխարեն: Այնպես որ, մեդալների ակնկալինքեր ունենք տղաներից եւ աղջիկներից: Ընդհանուր 33 երկիր է մասնակցում, մեծ մրցակցություն է սպասվում: Այստեղ բոլորն էլ եկել են մեդալ նվաճելու նպատակով: Երիտասարդներ են, մեդալի կռիվ են տալու: Չգուշակենք, թե մենք ինչ մեդալների հավակնություններ ունենք, կփորձենք անել առավելագույնը: Հուսով ենք, որ շատ լավ կլինի:

Այս շրջանը կարեւորներից է մեզ համար: Օլիմպիական խաղերից հետո նոր ուժով եւ տրամադրվածությամբ ենք մեկնարկել: Բնական է, որ ընթացքում հավաքականի կազմը փոխվելու է: Հետօլիմպիական շրջանը բարդ չենք անցել: Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Այսօր տեղի է ունենալու քաշային կարգերի վիճականահանությունը: Մ23 Եվրոպայի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 21-ին:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.