18:03 2 հոկտեմբերի, 2024Չեմ պատկերացնում, որ իմ անուն-ազգանունի տակ երբեւէ լինի ուրիշ դրոշ: Առաջարկներ շատ եմ ստացել, բայց չեմ մտածել: Այն հավաքականը, որն ունենք այսօր, շատ ուժեղ է: Հավատում եմ, որ մի օր այս կազմով կկարողանանք Օլիմպիադայի մեդալակիր դառնալ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի թիմային առաջնության հաղթող, Հայաստանի 6-ակի չեմպիոն, Համաշխարհային օլիմպիադայում անհատական բրոնզե մեդալ նվաճած Էլինա Դանիելյանը:
Սեպտեմբերի 11-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված 45-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում կանանց Հայաստանի հավաքականը 17 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը:
Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը իրենց խաղատախտակներում անհատական պայքարում դարձան բրոնզե մեդալակիրներ:
Էլինա, շնորհավորում եմ Օլիմպիադայի բրոնզե մեդալի կապակցությամբ: Ինչպիսի՞ն էր այս Օլիմպիադան Ձեզ համար:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Բուդապեշտի Օլիմպիադան արդյունքերով, երեւի, ամենահաջողն էր: Մենք էլի գրավել էինք 5-րդ տեղ 10 տարի առաջ՝ բաժանելով 4-6-րդ տեղերը: Այս Օլիմպիադայում մի քիչ բարձրացանք, 3-րդ տեղից ենք կիսել: Ամենալավ արդյունքն էր: Նախկինում ունեցել ենք բարձր արդյունքներ՝ տասնյակում ենք եղել, բայց Բուդապեշտում խաղի որակով, ընթացքով գերազանցում էին: Մինչեւ վերջ պայքարում էինք մեդալների համար: Վերջին տուրում խոշոր հաշվով հաղթեցինք Գերմանիայի ուժեղ թիմին, բայց, ինչպես ասում են՝ աստղերը մեր դեմ էին:
11 տուրում միայն մեկ պարտություն կրեցիք տիտղոսը նվաճած Հնդկաստանի թիմից: Ի՞նչը պակասեց այդ մրցախաղում:
Թիմի միակ պարտությունն իմն էր: Բեկումնային խաղ էր գնում, որոշիչ էր: Լարվածությունն ավելի շատ է լինում, երբ քո խաղից է կախված թիմի արդյունքը: Մեղավորը եղել եմ ես: Մեկ սխալ քայլ արեցի եւ դա բավական էր, որ պարտվեի: Ճիշտը տեսնում էի, չգիտեմ՝ ինչ եղավ, ինչպես եղավ, չարեցի այդ ճիշտ քայլը: Ասես՝ ինքս ինձ հակասում էի, տեսնելով ճիշտ քայլն ու սխալ անելով:
Տուրերից ո՞րն ամենաբարդը ստացվեց:
Օլիմպիադայի երկրորդ կեսը բարդ ստացվեց: Երկրորդ կեսին մոտենում ես հոգնած վիճակում: Թիմային առաջնություններում հոգնածությունն ու լարվածությունն ավելի շատ է: Բարդությամբ կառանձնացնեմ վերջին երեք տուրերը: Ամենաբարդ մրցախաղերից էր Ուկրաինայի դեմ պայքարը, որտեղ ես նորից վատ խաղացի: Այդ տուրում ես ես չէի, շատ լարված էի: Իսպանիայի հետ մրցախաղն էլ լարված ստացվեց: Պարտվում էինք 1:2 հաշվով: Ես պետք է հաղթեի, որ չպարտվեինք: Առավելություն ունեի, կարողացա մինչեւ վերջ պահպանել առավելությունս եւ հաղթել, ինչի արդյունքում գրանցեցինք ոչ ոքի:
Ի՞նչով էր պայմանավորված լարվածությունը: Մարզավիճակի խնդիր կա՞ր, թե՞ այլ պատճառներ կային:
Թիմային պայքարում միշտ լարվածություն կա: Քո արդյունքից կախված է ամբողջ մրցախաղը: Պատասխանատվությունը շատ մեծ է: Մեկ սխալ քայլ եւ կարող ես պարտվել, ինչպես եղավ Հնդկաստանի հետ իմ պարտիայում: Ուկրաինայի դեմ մրցախաղում մի փոքր այլ հոգեվիճակ էր: Նախորդ տարիներին մենք Ուկրաինայի դեմ միշտ վատ էինք խաղում: Ու քանի որ արդեն Օլիմպիադայի վերջն էր, մրցակիցն էլ Ուկրաինան էր, այն միտքն ինձ վրա ազդել էր:
Վիետնամի եւ Մոնղոլիայի հետ մրցախաղերում Ձեր պարտիաներում ունեիք պարտված դրություն, բայց երկուսում էլ հաղթեցիք: Ի՞նչպես ստացվեց:
Վիետնամցու հետ պարտիայում ժամանակը սպառվեց: Մրցակիցս չի հանձնվել, պարզապես չհասցրեց 40 քայլ անել 90 րոպեում: Այս պարտիայում շատ հետաքրքիր ձեւով խաղացի: Ֆիգուրս զոհաբերեցի, երկրորդ ֆիգուրս ստացա հաղթած դիրք: Տեսնում էի հաղթածս քայլը, բայց մի պահ նայեցի ժամացույցին, ցայտնոտում հայտնվեցի. վայրկյաններս իջնում էին: Արագ պատահական քայլ արեցի, ինչը բերեց պարտված դիրքի: Նրա ժամանակը լրացավ, ես հաղթանակ գրանցեցի:
Մոնլողիայի հետ մրցախաղում մնացել էի մենակ, աղջիկներն արդեն ավարտել էին: 2:1 հաշվով հաղթում էինք: Վերջնախաղի անցանք, որտեղ հավասար դրությունում էինք: Մրցակիցս ուներ մեկ զինվոր ավել, բայց իմ ֆիգուրները ակտիվ էին: Տրամաբանորեն խաղը պետք է ոչ ոքի ավարտվեր: Քանի որ մոնղոլները մրցախաղը պարտվում էին, իմ մրցակիցը պարտավոր էր խաղալ հաղթանակի համար, ինչը շատ ռիսկային էր: Ես կարողացա այնպիսի դիրք ստեղծել, այնպես խաղալ, որ մրցակիցս պարտված դիրք ունենա: Մրցակիցս շատ մեծ ցայտնոտի մեջ էր, իսկ ես հաղթանակին մոտ դիրք ունեի: Ի վնաս ինձ խաղում էի այնպես, որ նրան քիչ հնարավորություն տայի: Այս պարագայում մեր թիմին իմ ոչ ոքին լրիվ բավարար էր, քանի որ հաղթում էինք: Ոչ այդքան ուժեղ քայլերով հասանք վերջնախաղ: Մրցակիցս ուներ հնարավորություն մեկ ճիշտ քայլ անելու եւ ոչ ոքի ավարտելու խաղը, բայց նրա ժամանակը լրացավ:
Դուք Հայաստանի հավաքականի առաջին անդամներից եք եւ բոլոր ժամանակներում ներկա եք եղել թիմի կազմի փոփոխությանը: Ի՞նչ կասեք մեր այսօրվա կազմի մասին: Որքանո՞վ եք «հենված» Ձեր թիմակիցների վրա:
Վստահ կարող եմ ասել, որ հիմա ունենք հոյակապ թիմ: Հավաքականում երկու սերունդներ են համախմբվել՝ փորձառուներն ու երիտասարդները: Փորձը եւ երիտասարդությունը միմյանց լրացնում են: Իմ կարծիքով՝ այս ձեւաչափով դեռ կարող ենք պայքարել բարձր արդյունքների, մեդալների համար: Մեկս մյուսիս օգնում ենք, աջակցում, երիտասարդներին փորձում ենք օգտակար լինել: Շատ մտերիմ ենք:
Այս Օլիմպիադայում Լիլիթ Մկրտչյանը ֆանտաստիկ խաղաց: Նա խաղում էր առաջին խաղատախտակի վրա: Շատ ուժեղ մրցակիցների դեմ էր խաղում եւ հրաշալի մրցաշար անցկացրեց: Ինչ ուժ ուներ, դրել էր Օլիմպիադայում:
Մարիամը խաղաց երկրորդ խաղատախտակի վրա, որտեղ 50 տոկոս հավաքեց: Սա բավականին բարձր արդյունքն է: Իմ կարծիքով՝ վատ չի խաղացել, պահել է իր խաղատախտակը: Ես ու Աննան կարողացանք մեր խաղատախտակների վրա բրոնզե մեդալակիրներ դառնալ: Սուսանա Գաբոյանը մեր պահեստայինն էր: Երկու պարտիա խաղաց մրցաշարի սկզբում, իր «պլյուսը» բերեց թիմին:
Թիմի գլխավոր մարզիչ Զավեն Անդրեասյանին մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեզ դիմանալու համար: Յուրաքանչյուրս խաղում ենք մեկ պարտիա, նա՝ 4 պարտիա միաժամանակ:
1992 թվականից Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում եք Համաշխարհային Օլիմպիադաներին: Ո՞ր Օլիմպիադան է տպավորվել:
Իսկապես, Հայաստանի անկախացումից հետո առաջին Օլիմպիադայից ես մասնակցում եմ: Առաջինը 1992 թվականին Մանիլայում էր: Բուդապեշտն իմ 15-րդ Օլիմպիադան էր: Կարծում եմ՝ միակ շախմատիստը կլինեմ, որն իր երկրից այդքան քանակությամբ պարտիաներ է խաղացել միայն Օլիմպիադաներում:
Ամենավառ հիշողությունս 2018-ի Բաթումիի Օլիմպիադայից է: Այնտեղ ավելի մոտ էինք մեդալներին, նույնիսկ չեմպիոնությանը: Նախավերջին տուրում խաղում էինք Ադրբեջանի հետ: Հաշիվը 1:1 էր: Մնացել էինք ես եւ Աննան: Իմ պարտիան ոչ ոքի էր, բայց դեռ խաղում էինք: Աննան ուներ հաղթած դիրք, մեծ առավելություն: Ես ավարտեցի, լքեցի դաշտը, Աննան ցայտնոտի մեջ հայտնվեց, սխալ խաղաց եւ հաղթած դիրքը ոչ ոքի դարձավ: Մենք չհաղթեցինք այդ շատ կարեւոր մրցախաղում, որն ավարտվեց 2:2 հաշվով: Եթե հաղթեինք, ապահովում էինք բրոնզե մեդալը, անգամ կարող էինք չեմպիոն դառնալ: Շատ ուժեղ էինք խաղում, լրացուցիչները բարձր էին: Վերջին տուրում էլ մրցում էինք Վրաստանի հետ: Թիմը հոգեբանորեն արդեն կոտրվել էր Ադրբեջանի հետ մրցախաղի արդյունքից. չկարողացանք հաղթել Վրաստանին: Շատ ցավալի էր, քանի որ կես քայլ էր պետք Օլիմպիադայի մեդալի համար: Տպավորվել է մեր ամբողջ թիմի զգացողությունները այդ տուրից հետո: Վերջին տուրում հոգեբանորեն ուղղակի գոյություն չունեինք:
2021-ին նվաճեցիք Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, թիմային պայքարում եք դարձել հաղթող: Ի՞նչ է պակասում աշխարհի առաջնությունում մեդալներ նվաճելու համար: Ի՞նչ խնդիրներ ունենք այսօր հայկական շախմատում:
Մոտեցումը պետք է մի քիչ ուրիշ լինի, ավելի լուրջ, ֆինանսական աջակցություն, պայմանները... Շախմատիստներս ամեն ինչ անում ենք, փորձում ենք մեր երկրի պատիվը բարձր պահել: Կար մի ժամանակ, երբ Հայաստանում շախմատային «բում» էր, մասնավորապես Լեւոն Արոնյանի ժամանակ: Լեւոնը շատ մեծ ներդրում ունեցավ մեր երկրում շախմատի զարգացման մեջ: Նրա հաղթանակները, նվաճումները փոխեցին Հայաստանի դիրքը շախմատային աշխարհում: Շատ դժվար է կրկնել այդ հաջողությունները, քանի որ շախմատը շատ է երիտասարդացել: Հիմա չկա այդ սերունդը: Տիգրան Պետրոսյանը եկավ, իր հետեւից բերեց անուններ, հետո եկավ Լեւոն Արոնյանը եւ նրա սերունդը, նա նույնպես բերեց իր հետեւից: Հիմա չկա: Պետք է լինի այն մեկը, որն իր հետեւից կբերի սերունդ, անուններ:
Էլինա, երբեւէ մտածե՞լ եք մարզական քաղաքացիությունը փոխելու, այլ հավաքականից հանդես գալու մասին: Առաջարկներ եղե՞լ են:
Որեւէ մեկին չեմ քննադատում նման որոշում եւ քայլ կատարելու համար: Չեմ պատկերացնում, որ իմ անուն-ազգանունի տակ երբեւէ լինի ուրիշ դրոշ: Առաջարկներ շատ եմ ստացել, բայց չեմ մտածել: Որեւէ մեկին չեմ քննադատում նման որոշում եւ քայլ կատարելու համար: Դա յուրաքանչյուրի անհատական որոշումն է: Ուրեմն՝ ինչ-որ պատճառ կա:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.