Արթուր Ալեքսանյան․ Միջազգային ֆեդերացիան չի ընդունում մեր բողոքարկումը, քանի որ միջազգային ֆեդերացիան է պատճառը

00:33   13 օգոստոսի, 2024

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան չի ընդունում մեր բողոքարկումը, քանի որ միջազգային ֆեդերացիան է պատճառը, ինչպես կարող է իր մեղքն ընդունել։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օլիմպիական խաղերի քառակի մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Օլիմպիական չեմպիոնը օգոստոսի 12-ին Փարիզից վերադարձավ հայրենիք։

Փարիզ-2024-ում Արթուր Ալեքսանյանը վիճահարույց մրցավարության պայմաններում արժանացավ արծաթե մեդալի։

«Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան չի ընդունում մեր բողոքարկումը, քանի որ միջազգային ֆեդերացիան է պատճառը, ինչպես կարող է իր մեղքն ընդունել։ Կդիմենք ՄՕԿ-ին։ Մեզանից ուզել են տեսանյութը։ Ամեն ինչ կա փաստերով, տեսանյութը եւս, թող մասնագետները նայեն եւ ասեն՝ այդտեղ ում միավոր կա, ում չկա։

Մինչեւ  եզրափակիչ էլ բարդ գոտեմարտեր անցկացրի։ Օլիմպիական խաղերում թույլ մրցակիցներ չեն լինում։ Կիսաեզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնի հետ էի մրցում։ Լավ մարզավիճակում էի, ինձ լավ էի զգում։ Իմ կարծիքով, եթե այսպիսի մրցավարություն չլիներ, ես իմ ուզած մեդալով կվերադառնայի։ Լարվածություն կար ոչ միայն իմ  նկատմամբ, այլ նաեւ Հայաստանի թիմի դեմ։ Մասնավորապես, Սլավիկ Գալստյանի կիսաեզրափակիչի ժամանակ եւս եղավ կողմնակալ վերաբերմունք, ինչի արդյունքում նա առանց մեդալ մնաց։

Իմ մրցակցի հետ չեմ խոսել, նա որեւէ մեղավորություն չունի, բայց շատերը, անգամ UWW-ի մրցավարները, որոնց անունները չեմ նշի, եկել, ներողություն են խնդրել բոլորի անունից։ Դեռ չգիտեմ, Լոս Անջելեսի Խաղերին կլինեմ, թե ոչ»,- ասաց Արթուր Ալեքսանյանը։

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.