17:56 12 օգոստոսի, 2024ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն անդրադարձել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի՝ իրանցի ըմբիշի հետ օլիմպիական եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման ընթացքին, փոխանցում է ԿԳՄՍՆ-ի կայքը:
«Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է՝ նշելով, որ մրցավարները ճիշտ են դատել:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, կցելով ֆեդերացիայի բողոքարկումը և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը, դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին:
Առաջին արձագանքը հետևյալն էր՝ «Ի լրումն ուղարկեք, թե որ դրվագում կոնկրետ ինչն է բողոքարկվում»: Առաջիկա մեկ-երկու օրերին հավելյալ փաստեր կուղարկվեն բողոքարկման հանձնաժողով:
Մենք ունենք տեսագրություններ, որտեղ նույն դրվագի համար՝ այլ գոտեմարտում, գորգից դուրս եկողին զգուշացրել են, իսկ հակառակորդին տվել են միավոր: Այսինքն՝ ունենք փաստ, որ Արթուր Ալեքսանյանի դեպքում եղել է ճիշտ հակառակ վերաբերմունք: Առավել քան վստահ ենք՝ Արթուր Ալեքսանյանն այդ գոտեմարտում չէր պարտվի, հատկապես որ դրանից հետո որևէ միավոր չի եղել, որևէ գործողություն չի եղել: Պայքարելու ենք մինչև վերջ, հույսեր ունեմ, որ ազնիվ կգտնվեն և արդարությունը կվերականգնվի»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Հայաստանի օլիմպիական հավաքականը մեդալներ նվաճած 91 հավաքականների շարքում 66-րդն է Փարիզի Խաղերում` 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով։ Հայաստանի ներկայացուցիչներից օլիմպիական փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու ծանրորդ Վարազդատ Լալայանը, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.