Փաշիկ Ալավերդյան․ Հեռու չէինք ոսկե մեդալից, բայց Լաշան մնում է Լաշա

10:11   11 օգոստոսի, 2024

Եթե Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը անեին բոլոր մոտեցումները, որոնց ես ուղարկում էի, երկուսն էլ առաջին տեղը զբաղեցնելու հնարավորություն կունենային: Գոհ եմ այս արդյունքներից: Ուրախ եմ, որ Վարազդատ Լալայանը օլիմպիական մեդալակիր է: Լաշա Տալախաձեին հաղթելը հեշտ չի, բայց շատ մոտ էինք: Նա շնորհավորեց Լալայանին եւ Մինասյանին, ասաց՝ ապրեն տղաները եւ, որ իր համար արդեն դժվար է շարունակել պայքարը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Փարիզում ավարտվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի մրցաշարում +102 կգ քաշայինների պայքարում Վարազդատ Լալայանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Երկամարտում Լալայանը գրանցեց 467 կգ արդյունք (215+252)՝ 3 կգ-ով հետ մնալով օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճած վրացի Լաշա Տալախաձեին: Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը երկամարտի 461 կգ (216+245) արդյունքով բրոնզե մեդալակիր է:  

Պարոն Ալավերդյան, շնորհավորում եմ Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճելու կապակցությամբ: Այսպիսի պայքարը սպասելի՞ էր Ձեզ համար:

Շնորհակալ եմ, շնորհավորում եմ բոլորիս: Շատ մոտ էինք ոսկե մեդալին, շատ քիչ էր տարբերությունը: Իսկապես հետաքրքիր ու լարված էր, բայց ինձ համար դժվար պայքար էր: Սպասում էի այս արդյունքներին: Հեռու չէինք ոսկե մեդալից, բայց, ամեն դեպքում, Լաշան մնում է Լաշա: Այդքան հեշտ չէր նրան հաղթելը: Ամեն դեպքում՝ բավականաչափ մոտ էինք: Եթե անեին բոլոր մոտեցումները, որոնց ես ուղարկում էի, երկուսն էլ՝  Գոռ Մինասյանն էլ, Վարազդատ Լալայանն էլ, առաջին տեղը զբաղեցնելու հնարավորություն ունեին: Ճիշտ է՝ Գոռ Մինասյանի բրոնզե մեդալը Հայաստան չեկավ, բայց դա նշանակություն չունի, նա մեր տղան է:

Շատ գեղեցիկ պայքար էր գնում Գոռի ու Վարազդատի միջեւ: Պոկում վարժությունից հետո Գոռն առաջատարն էր: Անցել էր Լաշա Տալախաձեին ու Վարազդատ Լալայանին: Եթե կարողանար 220 կգ-ն պահել, դժվար թե կարողանային Գոռին հաղթել, նա կդառնար Օլիմպիական չեմպիոն:

Լալայանն ու Մինասյանը հավասար պայքար էին տանում Տալախաձեի հետ: Այդ մրցակցությունը զգացվում էր նաեւ վրացի ծանրորդի մոտեցումներում եւ պատվիրած կիլոգրամներում: Այս մրցակցությունը կանխատեսելի՞ էր: 

Լաշա Տալախաձեն մինչեւ Օլիմպիական խաղեր շատ վնասվածքներ տարավ, նույնիսկ բաց թողեց մի քանի մրցաշարեր: Այստեղ պայքարից հետո ասաց, որ երեւի այս Օլիմպիական խաղերով կավարտի մրցարշավը Օլիմպիական խաղերում: Նշեց, որ դժվարանում է: Նա շնորհավորեց Լալայանին եւ Մինասյանին եւ ասաց, ապրեն տղաները եւ որ իր համար արդեն դժվար է շարունակել պայքարը: Ամեն դեպքում այդպես ասաց: Չես կարող ասել՝ կգնա իր 4-րդ օլիմպիական ոսկու հետեւից, թե ոչ:

Փարիզի մրցահարթակում Լալայանն արեց իր առավելագո՞ւյնը, թե՞ կարող էր ավելին:

Երկամարտի 467 կգ երկամարտի արդյունք Վարազդատ Լալայանն առաջին անգամ արեց: Մարզումներին գնացել էինք այս քաշերին, բայց մրցահարթակում չէինք փորձարկել: Նորություն արեց: Երկուսն էլ, այդ թվում եւ Գոռ Մինասյանը մրցահարթակում առաջին անգամ էին մոտենում այդ քաշերին: Երկուսն էլ իրենց արդյունքները բարելավեցին: Օլիմպիական խաղերում արդյունքներ ավելացնելը, բարելավելը ամեն մարդու չի տրվում: Մարզումներին, ինչպես ասացի, արել էինք, բայց մարզումներն ուրիշ է, մրցումներն՝ ուրիշ: Տարբեր բաներ են, տարբեր հոգեբանական վիճակներ:  Մրցահարթակում հոգեբանական ճնշումը մեծ է, պատասխանատվությունը շատ է:

Անդրանիկ Կարապետյանը զբաղեցրեց  7-րդ տեղը: Ի՞նչը խանգարեց մեդալային պայքարի համար:

Անդրանիկ Կարապետյանը կարող էր մեդալակիր դառնալ: Եթե տղայի բարձրացրած 177 կգ-ն հաշվեին, նա մեդալի համար կպայքարեր: Այստեղ ավելի վատ բարձրացրածները հաշվեցին, իսկ նրա չնչին սխալը՝ ոչ: Մրցավարները գիտեին, որ այս տղայի ձեռքը կոտրած է, նա ամեն մոտեցմանը ցույց էր տալիս, որ ձեռքը կոտրած է, միեւնույն է, իրենց գլուխը «հաստացրին» եւ չհաշվեցին տղայի մոտեցումը, այդ պատճառով էլ նա դուրս մնաց մեդալային պայքարից: Հրում վարժության 215-ը չէր կարող անել, պարզ էր, բայց փորձեցինք: Անդրանիկ Կարապետյանի ուժեղ կողմը պոկում վարժությունն է:

Ինչպե՞ս եք գնահատում Գարիկ Կարապետյանի 4-րդ տեղի արդյունքը:

Ինչ վերաբերում է Գարիկին, նա նույնպես լավ աշխատեց օլիմպիական մրցահարթակում, բայց իր հնարավորություններից ցածր հանդես եկավ հրում վարժությունում: Պոկում վարժությունում նույնիսկ մի քիչ ավելացրեց: 185 է եղել նախկին արդյունքը, այստեղ 186 կգ արեց: Հրում վարժությունում երեւի լարվածությունը մեծ էր եւ խանգարեց նրան: Գումարած դրան, 3 կգ-ի չափ քաշ էր պահել, իջեցրել, գուցե դա էլ ազդեց նրա վրա, չգիտեմ: Հրում վարժության վրա սովորաբար ազդում է քաշ պահելը: Արդյունքը մնաց 212 կգ-ի վրա:

Փարիզ-2024-ում ծանրորդների մրցելույթները, արդյունքները եւ կատարած աշխատանքը Ձեզ գոհացնո՞ւմ է:

Գոհ եմ այս արդյունքներից: Ուրախ եմ, որ Վարազդատ Լալայանը օլիմպիական մեդալակիր դարձավ, Գոռ Մինասյանը կրկնակի մեդալակիր: Գոհ եմ նաեւ Անդրանիկ Կարապետյանից եւ Գարիկ Կարապետյանից: Սրանից ավել ի՞նչ կարող էին անել տղաները: Ինչ կարողացան, արեցին: Մարզիչ Հակոբ Փիլոսյանը շատ մեծ աշխատանք տարավ տղաների հետ: Երիտասարդ ժամանակ նրա սաներն են եղել: Այժմ մեծահասակներում շատ լավ աշխատանք է տանում նրանց հետ եւ կարողանում է հասցնել բարձր մակարդակի: Ես գտնում եմ, որ ինձ փոխարինող արդեն գտնվել է ի դեմս Հակոբ Փիլոսյանի: Վերջիվերջո, ես փոխարինող ունենալու եմ, չէ՞: Շատ ուրախ եմ, որ Հակոբ Փիլոսյանը կարողանում է այդ աշխատանքն անել:

Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, գնահատողը ես չեմ: Եթե ես լինեի իմ աշխատանքի գնահատողը, միշտ ինձ գերազանց կդնեի, ինչպես երեխան իրեն 5 կգնահատեր:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.