Գրիշա Թամրազյան. Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչի անարդար մրցավարության մասին լռելն անբարոյականություն է (ֆոտո)

09:06   10 օգոստոսի, 2024

Եվ ՀԱՕԿ-ի պատվիրակությունն է Փարիզում եւ Կառավարության ներկայացուցիչը: Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտում կողմնակալ մրցավարությունը, խայտառակությունը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ: Արթուրը չի ընդունում այս արծաթը: Նա կրծքից հանեց մեդալը ի ցույց աշխարհի, որ ինքն անհաշտ է մրցավարության հետ: Բողոքարկման գործընթացը պետք է տանել մինչեւ վերջ, այլ չթողնել զուտ խոսակցությունների մակարդակին, ինչպես դա եղավ Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո: Այս անարդարության մասին լռելն անբարողայակություն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց ԿԳՄՍ նախկին փոխնախարար, Արթուր Ալեքսանյանի ընկեր Գրիշա Թամրազյանը, որն այս օրերին գտնվում է օլիմպիական մայրաքաղաքում եւ մրցավայրից հետեւել է Արթուր Ալեքսանյանի մցրելույթներին Փարիզի Օլիմպիական խաղերում:

Պարոն Թամրազյան, Դուք այս օրերին գտնվում եք Փարիզում եւ հայտնի է, որ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտից հետո Հայաստանը բողոքարկել է: Մանրամասնեք, ի՞նչ բողոքարկում է ներկայացվել:

Փարիզի Օլիմպիական խաղերում ըմբշամարտի մրցաշարում խայտառակ անարդար մրցավարություն էր: Բացի Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտից, անարդար որոշումներ եղան մեր մյուս մարզիկների նկատմամբ, իսկ Արթուրինը գագաթնակետն էր:

Արթուր Ալեքսանյանը իրանցի Սարավիին աշխատանքային գոտուց դուրս հրեց, մրցակիցը երկու ոտքով հայտնվեց գորգից դուրս, ապա երկու միավորանոց հնարք արեց: Այս պարագայում մրցավարները մեկ միավոր պետք է տային Արթուր Ալեքսանյանին, Սարավիի միավորը պետք է չհաշվեին, որովհետեւ նա աշխատանքային գոտուց դուրս էր: Այս դրվագը պետք է հասկանալի մեկնաբանվի, որպեսզի հանրությունը եւ ըմբշամարտի կանոններին քիչ տեղյակ մարդիկ ավելի լավ հասկանան, թե ինչ է տեղի ունեցել:  Եթե այդ դրվագը ճիշտ գնահատվեր, մրցավարները ճիշտ դատեին, Արթուր Ալեքսանյանը 2:1 հաշվով կշարունակեր գոտեմարտը, Սարավիին հենց այնպես միավորներ չէր տրվի:

Այժմ բողոքարկման գործընթաց է սկսվել: Ես կարծում եմ, որ այս ամենի մասին լռելը անբարոյականություն է: Այս անարդարության մասին բոլորը պետք է խոսեն:

Բողոքարկումը լինում է այսպես՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) բողոք է ներկայացնում Միջազգային Օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ): Եթե մեր հայտը մերժվում է, ՄՕԿ-ը չի ընդունում, հաջորդ քայլը Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան դիմելն է, որտեղ լուծվում են մարզական վեճերը: Նախադեպ արդեն եղել է: 2023 թվականի աշխարհի առաջնությունում 87 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց թուրք ըմբիշը, հունգարացին եւ իր երկրի ֆեդերացիան բողոքարկեցին եզրափակիչ գոտեմարտը եւ, եթե չեմ սխալվում, 2 ամիս անց հունգարացի ըմբիշը ստացավ ոսկե մեդալ: Այսինքն՝ 87 կգ քաշային կարգում երկու աշխարհի չեմպիոն եղավ:

Կարծում եմ, որ այս գործընթացը պետք է արագ կազմակերպել, բոլորը պետք է խոսեն այս մասին, քանի որ Արթուրը  ոչ միայն Հայաստանի, ամբողջ աշխարհի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկն է: Նա կենդալի լեգենդ է:

Մենք այստեղ որպես հասարակություն եւ ազգ գործ ունենք անելու: Արթուրը մեր երկրին բազմաթիվ հաղթանակներ ու հպարտանալու առիթներ է պարգեւում, այժմ եկել է ժամանակը, որպեսզի մենք բարձրաձայնենք այս անարդարության մասին, Արթուրին ընկալենք, ընդունենք, որպես Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնի: Այս անգամ պետք է գնալ մինչեւ վերջ:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոեւի հետ գոտեմարտում նորից ականատես եղանք մրցավարական աճպարարության, որի արդյունքով Արթուրը զրկվեց օլիմպիական ոսկե մեդալից: Տոկիոյից հետո բողոքարկումը եւ անարդարության բարձրաձայնումը մնաց խոսակցությունների մակարդակում:

Ի՞նչ դիրքորոշում եւ տեսակետ է հայտնում ՀԱՕԿ-ը այդտեղ: Պատրա՞ստ են պայքարել մինչեւ վերջ արադարությունը վերականգնելու համար, թե՞ կլինի նույն պատկերը, ինչ Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո էր:

Եվ ՀԱՕԿ-ի պատվիրակությունն է Փարիզում, եւ Կառավարության ներկայացուցիչը: Սա տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ: Արթուր Ալեքսանյանը չի ընդունում այս արծաթը: Նա կրծքից հանեց մեդալը ի ցույց աշխարհի, որ ինքն անհաշտ է մրցավարության հետ: Այդ մեդալն իրենը չի, իր մեդալը ոսկին է: Նա նույնը արեց նաեւ Տոկիոյում, նորից իր բողոքը ցույց տալով մրցավարությանը:

Առաջին քայլը պետք է լինի ՀԱՕԿ-ի կողմից ՄՕԿ-ին բողոք հղելը: Այստեղ գտնվելով տեղյակ եմ, որ այդ գործընթացը սկսվել է: Մերժումը ստանալուց հետո նոր պետք է դիմենք Լոզանի դատարան: Վստահ են՝ գորընթացը մինչեւ վերջ տանելու դեպքում արդարությունը վերականգնվելու է: 

Արթուր Ալեքսանյանը, մենք բոլորս մինչեւ հիմա անհաշտ ենք Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչի արդյունքի հետ: Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչը գագաթնակետն էր: Արթուրը հստակ գիտի իր գործողությունները, նա մարզիչներին ասաց, որ բողոքարկեն: Ասում է՝ տեսել է, որ Սարավին երկու ոտքով գորգից դուրս էր:

Բոլորին կոչ եմ անում այս մասին բարձրաձայնեն եւ փորձեն հանրությանը պարզ դարձնել, թե մենք ինչը եւ ինչու ենք բողոքարկում: Հասկանալի է, որ շատերը չեն տիրապետում ըմբշամարտի կանոններին: Սա ուղղակի խայտառակություն է: Այս մրցավարությունը հարիր չէ Օլիմպիական խաղերին: Նաեւ հանրությանը ցանկանում եմ կոչ անել Արթուր Ալեքսանյանին ընկալել, որպես Փարիզ-2024 օլիմպիական չեմպիոն: Արթուրը ըմբշամարտի համաշխարհային պատմության մեջ դարձավ 3-րդ ըմբիշը, ով ունի 4 օլիմպիական մեդալ: Մենք գործ ունենք ոչ թե հայ ամենատիտղոսակիր մարզիկի, այլ ըմբշամարտի համաշխարհային լեգենդի հետ: Բոլորս միահամուռ ուժերով այս գործընթացը պետք է հասցնենք ավարտին: Կառավարությունը, ՀԱՕԿ-ը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան եւ հանրությունը ամեն ինչ պետք է անեն, որ օլիմպիական ոսկե մեդալը վերադարձնենք Արթուրին:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.