Սերժ Սարգսյանը ներկա է եղել «Լեւոն Արոնյան» գրքի շնորհանդեսին (ֆոտո)

21:03   23 նոյեմբերի, 2012

Նոյեմբերի 23-ին Երեւանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում տեղի ունեցավ «Լեւոն Արոնյան» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, շախմատի օլիմպիական եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանը եւ նրա մտերիմները, թիմակիցները։

Այսօր շախմատիստ Լեւոն Արոնյանն աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է, բայց քչերը գիտեն, կամ կարող են պատկերացնել, թե որքան դժվարին ճանապարհ է անցել նա այս բարձունքին հասնելու համար։

Ամենից լավ այդ ուղու մասին, բնականաբար, գիտի Լեւոնի մայրը՝ Սեդա Արոնովանը, ով որոշեց որդու 30-ամյակի առթիվ գրել Արոնյանի կյանքի պատմությունը։

Տիկին Արոնովան նշում է, որ գիրք գրելու ցանկություն իր մոտ միշտ եղել է, հատկապես՝ որդու փառահեղ հաղթանակներից հետո։ Այդ բոլոր պատմությունները եւ հիշողությունները տեղ գտան նրա անդրանիկ ՝ «Լեւոն Արոնյան» գրքում։

«Լեւոն Արոնյան» գրքում Սեդա Արոնովան (մասնագիտությամբ լեռնային ինժիներ) պատմում է Լեւոնի մանկության, պատանեկության եւ շախմատային Օլիմպ բարձրանալու ճանապարհի մասին։

ՖԻԴԵ-ի վարկանիշով աշխարհի երկրորդ լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանի շախմատային հաջողությունների գրավականը եղել է նրա ընտանիքը։ Տիկին Սեդան ժամանակին ջանք չի խնայել որպեսզի որդին սովորի շախմատ խաղալ։ Տարիներ անց Լեւոն Արոնյանը բոլոր հարցազրույցներում շնորհակալություն է հայտնում իր մորը՝ ասելով, որ նա  է դաստիարարակել իր մեջ պայքարելու եւ հաղթանակներով չբավարարվել ձգտումը եւ միշտ ձգտել ավելիին։

Շախմատ խաղալ Լեւոնը սովորել է իր ավագ քրոջից՝ Լիլիթից։ Լեւոնի կայացմանը եւ հետագա հաջող կարիերային նպատսել են նաեւ նրա ընկերները եւ հատկապես՝ Գաբրիել Սարգսյանը։ Տղաների ջերմ, նվիրված ըներությունը սկսվել է դեռ պատանեկան տարիներին։ 1998-ին տղաները միասին նվաճեցին Ստամբուլում կայացած առաջին պատանեկան Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը։ 2002-ին Լեւոնի ընտանիքը հեռացավ Հայաստանից եւ մշտական բնակություն հաստատեց Գերմանիայում։ Այդ ժամանակ 19-ամյա Լեւոնը հերթական անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն, իսկ նրան չընդգրկեցին Հայաստանի հավաքականում, որը պատրաստվում էր հերթական Շախմատային համաշխարհային օլիմպիադային։ Լեւոնին չհրավիրելը պատճառաբանեցին նրա բարդ բնավորությամբ՝ նշելով, որ այն կարող է խանգարել նրա մյուս թիմակիցներին։ 2004-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով Լեւոն Արոնյանը կրկին սկսեց հանդես գալ հայկական դրոշի ներքո։

Գրքում հեղինակը ներկայացրել է ոչ միայն Լեւոն Արոնյան շախմատիստի ուղին, այլ նաեւ նրան որպես մարդ, քաղաքացի, հոգատար որդի եւ հայրենասեր մարդ։

Լեւոնի ընկերներ Գաբրիել Սարգսյանի եւ Սերգեյ Մովսեսյանի համար գիքրի բոլոր մանրամասները վաղուց ծանոթ էին։

Հարցին, թե ինչպես մեկ բառով կբնութագրեք Լեւոնին, Սերգեյն ասաց. «գիսաստղ», իսկ Գաբիրելը նշեց, որ Արոնյանն առաջին հերթին լավ մարդ է, հետո՝ շախմատիստ։

Սեդա Արոնովան նախատեսում է գարնանը թողարկել նաեւ երկրորդ գիրքը, որն ավելի շատ կպատմի Լեւոն Արոնյան գորսմասյտերի մասին։

 

 

Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։