Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը պարգեւատրվեց օլիմպիական արծաթե մեդալով եւ հանեց այն (ֆոտո)

00:38   8 օգոստոսի, 2024

Փարիզի «Champ-de-Mars» մարզապալատում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի հաղթողի եւ մեդալակիների պարգեւատրման արարողությունը:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը պարգեւատրվեց օլիմպիական չորրորդ՝ արծաթե մեդալով:

Ալեքսանյանին պարգեւատրեց Միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչը եւ արծաթե մեդալը գցեց Արթուր Ալեքսանյանի պարանոցին: Պարգեւատրվելուց հետո Ալեքսանյանը հանեց արծաթե մեդալը: Նենադ Լալովիչը ոսկե մեդալակիր Սարավիին պարգեւատրելուց հետո մոտեցավ Ալեքսանյանին եւ հետաքրքրվեց, թե ինչու է հանել մեդալը: Ալեքսանյանն ինչ-որ բան հուշեց, ձեռքն ուղղելով մրցագորգի կողմը: Մինչեւ պարգեւատրման ավարտը, Արթուր Ալեքսանյանը արծաթե մեդալը ձեռքը պահեց:

Վերջում, երբ բոլորը պետք է լուսանկարվեին, Արթուր Ալեքսանյանը իջավ պատվո հարթակից եւ մոտեցավ Նենադ Լալովիչին:

Օլիմպիական չեմպիոնը Փարիզ-2024-ի եզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց Իրանի ներկայացուցիչ Սարավիին: Երկրորդ մրցափուլում Սարավին ոտքի գործադրումով հրեց Ալեքսանյանին եւ երկու միավորանոց հնարք կատարեց:

Արթուրը չելենջ պահանջեց, բայց մրցավարները չբավարարեցին: Պարգեւատրման արարողության ժամանակ Արթուր Ալեքսանյանը մեդալը հանելով ցույց տվեց, որ համաձայն չի մրցավարների որոշման եւ իր պարտության հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.