Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը հաղթեց համառ պայքարում եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

15:38   7 օգոստոսի, 2024

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին պայքարի մեջ մտած Սլավիկ Գալստյանը երկրորդ ծանր հաղթանակը տարավ եւ երեկոյան մրցահերթում կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում գոտեմարտեց աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում 5-րդ տեղը զբաղեցրած, Ֆրանսիայի ներկայացուցիչ Սիլա Մամադասայի հետ եւ  հաղթեց 3:2 հաշվով (ուղիղ եթեր):

Առաջին մրցափուլում Գալստյանը 2-միավորանոց գցումով հաշվի մեջ առաջ անցավ: Երկրորդ մրցափուլում   մրցակիցը նախ 1 միավոր վաստակեց, ապա գորգի մրցավարը պասիվություն տվեց Գալստյանին: Ֆրանսիայի ներկայացուցիչին չհաջողվեց հայ ըմբիշին պոկել մրցագորգից եւ հնարք կատարել: 2:2 հաշվից հետո վերջին վայրկյանին մրցակիցը բողոքարկեց, բայց մրցավարները չբավարարեցին՝ 1 միավոր տալով Սլավիկ Գալստյանին:

Մեկնարկային 1/8 եզրափակիչում Սլավիկ Գալստյանը ծանր գոտեմարտում 3:2 հաշվով հաղթեl 18 Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյին:

Երեկոյան մրցահերթում Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը կպայքարեն օլիմպիական մեդալների համար:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ):

Նրա մրցակիցը աշխարհի փոխչեմպիոն, Ասիայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանը: 

Մալխաս Ամոյանի մասնակցությամբ բրոնզե մեդալի գոտեմարտը նախատեսված է Երեւանի ժամանակով 20:15-ից եւ կլինի 7-րդ գոտեմարտը մրցագորգ B-ում:

Մալխաս Ամոյանից հետո եզրափակիչ գոտեմարտ կանցկացնի Արթուր Ալեքսանյանը, որը կպայքարի օլիմպիական երկրորդ չեմպիոնության համար:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոնը Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը կվիճարկի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի առաջնության չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ:

Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչը նախատեսված է Երեւանի ժամանակով 22:05-ից եւ կլինի 12-րդ գոտեմարտը B մրցագորգում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.