Փարիզ-2024․ Դավիթ Չալոյանը պարտվեց քառորդ եզրափակիչում (ֆոտո)

00:54   3 օգոստոսի, 2024

Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի միակ մասնակից, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ եւ ավարտեց մրցելույթը։

+92 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Դավիթ Չալոյանը մենամարտեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆա Դրիսիի հետ, որը հաղթեց երեք ռաունդներում էլ (5:0)՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Առաջին ռաունդում Դավիթ Չալոյանը շատ ակտիվ էր գրոհում, հարվածները հասնում էին նպատակին: Իսպանիայի ներկայացուցիչը արնահոսեց, ռինգի մրցավարը կանգնեցրեց, բժշկական օգնություն ցույց տվեցին նրան: Առաջին ռաունդում անսպասելիորեն բոլոր մրցավարները հաղթանակը տվեցին Այուբ Ղադֆա Դրիսիին:

Երկրորդ ռաունդում մրցավարներից 4-ը նորից հաղթանակը տվեցին իսպանացուն: Չալոյանը հոնքի վնասվածք ստացավ: Ռինգի մրցավարը երկու անգամ կանգնեցրեց մենամարտը Ղադֆա Դրիսիի գլխին ստացած վնասվածքի արնահոսությունը կանգնեցնելու համար:

Երրորդ ռաունդում իսպանացի բռնցքամարտիկը պարբերաբար արգելափակում էր Չալոյանին՝ թույլ չտալով ավարտել գրոհը: Երրորդ ռաունդում մրցավարներից երկուսը առավելությունը տվեցին Դավիթ Չալոյանին, երեքը՝ իսպանացուն:

Հուլիսի 29-ին մեկնարկային մենամարտում Չալոյանը համառ պայքարում 3:2 հաշվով հաղթել էր անգլիացի Դելիշուս Օրիի նկատմամբ:

Աշխարհի փոխչեմպիոնն ավարտեց պայքարը իր առաջին Օլիմպիական խաղերում:

Դավիթ Չալոյան

Բռնցքամարտ, +92 կգ քաշային կարգ

Ծնվել է 1997 թ. սեպտեմբերի 30-ին Շիրակի մարզի Այգաբաց գյուղում։

Անձնական մարզիչներն են Կարեն Ղազարյանը եւ Ռուդիկ Մկրտչյանը։

Դավիթ Չալոյանը Հայաստանի հնգակի չեմպիոն է, 2014 թ. Հայաստանի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2015 թ. Սերբիյայի «Ոսկե ձեռնոց» մրցաշարի բրոնզե մեդալակիր, 2015 թ. Ուկրաինայի Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, 2021 թ. բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

2021 թ. նոյեմբերի 5-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ամենահեղինակավոր քաշային կարգում Չալոյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ Գերծանրքաշայինների եզրափակիչում  հայ բռնցքամարտիկը մրցավարների որոշմամբ պարտվեց 2021թ․ Ռուսաստանի չեմպիոն, 22-ամյա Մարկ Պետրովսկուն՝ 1։4։

2022թ. Սերբիայի միջազգային մրցաշարի հաղթող  է,

2023 թ. Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիր:

Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել էր Բանգկոկում անցկացված վերջին  վարկանիշային մրցաշարում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.