21:30 1 օգոստոսի, 2024Բրիտանացի կին գրող, «Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը սոցիալական ցանցերում արած գրառմամբ անդրադարձել է Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով բռնցքամարտի կանանց մրցաշարում իտալացի Անջելա Կարինիի (66 կգ) կրած պարտությանը ալժիրցի Իման Խելիֆից, որը 2023թ․ աշխարհի առաջնությունում չէր անցել գենդերային թեստը (չէր համարվել կենսաբանորեն կին) եւ տեստոստերոնի բարձր մակարդակի պատճառով որակազրկվել էր, սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն այս տարի որոշել էր, որ նա կին է եւ թույլատրել նրա մասնակցությունը կանանց մրցումներին։
Փարիզի Խաղերում Անջելա Կարինին մենամարտի առաջին 46 վայրկյանում դեմքին եւ գլխին մի քանի ուժեղ հարվածներ ստանալուց հետո հրաժարվել էր շարունակել պայքարը։ Նա հայտարարել էր, որ երբեք այդքան հզոր հարվածներ չի ստացել կարիերայում։
«Սա սպորտ չէ։ Տղամարդիկ բանեցնում են իրենց իշխանությունը կանանց նկատմամբ՝ կարմիր մարզահագուստով ստոր խաբեբայից մինչեւ կազմակերպիչներ։
Երիտասարդ մարզուհուց խլեցին ամեն ինչ՝ հանուն որի մարզվել էր, քանի որ նրա դեմ ռինգ էր դուրս եկել տղամարդ։ Սա խայտառակություն է։ Մարզիկների անվտանգության մասին բոլոր հայտարարությունները դատարկախոսություն են։ Փարիզի Խաղերի վրա ընդմիշտ բիծ կմնա Կարինիի հետ տեղի ունեցածը»,- գրել է Ջոան Ռոուլինգը։
Քառորդ եզրափակիչում Իման Խելիֆին օգոստոսի 3-ին կմենամարտի հունգարացի Աննա Համորիի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.