Կարեն Աղամալյանը՝ Փարիզից․ Դավիթը հաղթեց շատ ծանր մենամարտում, ցույց տվեց իր կամային հատկանիշները

13:36   30 հուլիսի, 2024

Դավիթը հաղթեց շատ ծանր մենամարտում: Գոհ եմ ռինգում նրա աշխատանքից, ցույց տվեց իր կամային հատկանիշները: Շնորհավորում եմ բոլորիս եւ շնորհակալ եմ այն մեծ աջակցության համար, որ զգում ենք այստեղ:

Այսպես աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանի հաղթական մեկնարկը Փարիզի Օլիմպիական խաղերում օլիմպիական մայրաքաղաքից մեկնաբանեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Հուլիսի 29-ին բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն, +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը կամային հաղթանակ տարավ Եվրոպական խաղերի չեմպիոն, անգլիացի Դելիշուս Օրիի նկատմամբ:

Լարված պայքարում Չալոյանը Օրիին հաղթեց 3:2 հաշվով եւ պայքարը շարունակում է քառորդ եզրափակիչում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքով Չալոյանը անգլիացուն հաղթեց ծանր ու համառ պայքարում:

«Դավիթը շատ լավ մենամարտ անցկացրեց: Իսկապես շատ ծանր մենամարտ էր: Սա ռեւանշ էր, քանի որ Լեհաստանում անցկացված Եվրոպական խաղերում անգլիացին հաղթել էր նրան կիսաեզրափակիչում: Ռեւանշը կայացած է:

Գոհ եմ ռինգում նրա աշխատանքից, անցկացրած մենամարտից, ցույց տվեց իր կամային որակներ:

Առաջին ռաունդի գնահատականներն այն չէր: Բոլոր 5 մրցավարները անգլիացուն շնորհեցին հաղթանակը, որն այդքան էլ այդպես չէր: Բայց դա չխանգարեց Դավիթին պոկել մենամարտը եւ առավելության հասնել երկրորդ եւ երրորդ ռաունդներում:

Երրորդ ռաունդի վերջնամասում, ըստ մեր տակտիկայի, Դավիթը գնաց պաշտպանության: Ես արդեն զգում էի, որ հաղթում է եւ այդտեղ ճիշտ էր պաշտպանվելը, այլ ոչ գրոհելը:

Շնորհավորում եմ բոլորիս, Դավիթին՝ հրաշալի մենամարտ անցկացնելու համար:

Հաջորդ մրցակիցը նույնպես ուժեղ բռնցքամարտիկ է, իսպանացի Այուբ Ղադֆա Դրիսին է: Նրա հետ նույնպես հանդիպել է Չալոյանը Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում եւ պարտվել: Այստեղ էլ սպասում ենք ռեւանշի, մեր երկրորդ ռեւանշին: Իսպանացու հետ նույնպես շատ ծանր մենամարտ է սպասվում:

Հաղթելու դեպքում Չալոյանը կապահովի բրոնզե մեդալ: Այս քաշային կարգում այն էլ Օլիմպիական խաղերում թույլ բռնցքամարտիկ չկա: Մեր հաջորդ մենամարտում էլ պետք է կռիվ տանք, պայքարենք հաղթանակի համար:

Շնորհակալ եմ բոլորին մեծ աջակցության համար, այստեղ մենք զգում ենք բոլորի աջակցությունը»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը Փարիզի Օլիմպիական խաղերում երկրորդ մենամարտը կանցկացնի օգոստոսի 3-ին, Երեւանի ժամանակով 00:24-ին: Քառորդ եզրափակիչում Չալոյանի մրցակիցը կլինի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, իսպանացի Այուբ Ղադֆա Դրիսին է:

Դավիթ Չալոյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին:

Լուսինե Շահբազյան 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.