23:36 25 հուլիսի, 2024Փարիզի 2024 թ. ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին ընդառաջ Ֆրանսիայի մայրաքաղաքում պաշտոնապես բացվել է «Հայաստանի օլիմպիական տունը»:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը, Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, ՀԱՕԿ-ի, ՀԲԸՄ-ի և մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ:
«Հայաստանի օլիմպիական տան» դեմքը ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն Յուրի Ջորկաեֆն է:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հավաքականի մարզիկներին, որոնց շնորհիվ հնարավորություն ունենք ներկայացնելու մեր երկիրը 33-րդ Օլիմպիական խաղերին:
«Ակնկալիքը մեկն է՝ տեսնել ՀՀ դրոշը բարձրացված, տեսնել ուրախ և հաղթանակած ժպիտներ»,- ասել է Վահագն Խաչատուրյանն ու հաջողութուն մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկներին:
ՀՀ նախագահը նաև կարևորել է Կառավարության կողմից ֆիզիկական կուլտուրային և սպորտին հատկացվող մեծ ուշադրությունը, այդ թվում՝ մասսայական սպորտի զարգացման ուղղությամբ, որի նպատակով տարվա ընթացքում 5 մարզաձևերից անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է «Հայաստանի օլիմպիական տան» բացման կապակցությամբ. «Հուսով եմ՝ մինչև օգոստոսի 11-ը մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունենալու այստեղ պատվելու մեր մարզիկներին: Հուսով եմ՝ Օլիմպիական խաղերից հետո կխոստանանք առնվազն չորս նոր մարզադպրոց կառուցել ՀՀ-ում՝ մեր օլիմպիականների պատվին»:
Արայիկ Հարությունյանը նշել է՝ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը սպորտին և հայ մարզիկներին առավելագույնս սատարելու հանձնառություն է ստանձնել. տարեցտարի ավելանում են ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները, ՀՀ-ում անցկացվում են մարզական խոշոր առաջնություններ, ենթակառուցվածքների զարգացման նպատակով կառուցվում են նոր մարզադպրոցներ: Արայիկ Հարությունյանն ընդգծել է՝ Հայաստանը 2027 թվականին հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը՝ պատրաստ լինելով ընդունելու շուրջ 6000 մարզիկների աշխարհի տարբեր ծայրերից: Այս առումով ֆրանսիական փորձի ուսումնասիրությունը ևս կարևոր է:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկայացրել է «Հայաստանի օլիմպիական տուն» նախաձեռնության մանրամասները:
«Ֆրանսիան մեզ համար բարեկամ և հայաշատ երկիր է: «Հայաստանի օլիմպիական տան» նպատակը երկրպագու-մարզիկ կապերն ամրապնդելն է: Այստեղ կհանդիպեն մարդիկ, որոնք կուզենան հայանալ, զգալ հայկականը: Մարզիկներն իրենց ելույթների հաջորդ օրը գալու են Հայաստանի օլիմպիական տուն, շփվելու են լրագրողների և երկրպագուների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ տեղում՝ մեծ էկրանին, երկրպագուները հնարավորություն են ունենալու հետևելու մարզիկների ելույթներին»,- ներկայացրել է նախարարի տեղակալը:
Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ նախաձեռնությունն իրականացվում է «Fastex», «ՅՈՒՆԻԲԱՆԿ» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների հետ համագործակցությամբ և շնորհակալություն հայտնել աջակցության համար:
«Պետությունը, իհարկե, շատ մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, հատկացնում է մեծ գումարներ, բայց սպորտը միայն պետության աջակցությամբ չի կարող զարգանալ. անհրաժեշտ են մարդիկ, որոնք կա՛մ կսիրեն սպորտը կա՛մ՝ երկիրը:
Սիրել սպորտն ու երկիրը՝ գրեթե հոմանիշներ են: Երկիրը ճանաչելի դարձնելու ամենակարճ և դյուրին ճանապարհը սպորտի միջոցով հաղթանակներ կերտելն է: Հայաստանի տունը գործելու է Հայ բարեգործական ընդհանուր միության շենքում, ինչի համար ևս շնորհակալ ենք ՀԲԸՄ մեր գործընկերներին»,- ասել է նախարարի տեղակալը:
«Հայաստանի օլիմպիական տունը» կգործի Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում՝ 118 Rue, Courcelles 75017, Paris հասցեում: Հայկական տունը կբացվի ամեն օր՝ ժամը 15:00-ից 23:00-ը: Այդ ժամերին այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ և ձեռք բերել ատրիբուտիկա՝ աջակցելու հայկական մարզիկներին մարզադաշտերում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.