Փարիզ-2024. Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը փորձարկել են մրցումային գործիքները (տեսանյութ)

00:18   25 հուլիսի, 2024

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը եւ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը Փարիզում մասնակցել են մարմնամարզությության  օլիմպիական մրցաշարի գլխավոր փորձին։

Հուլիսի 24-ին Օլիմպիական Փարիզում անցկացվեց սպորտային մարմնամարզության գլխավոր փորձը մրցումային դահլիճում։ Արթուր Դավթյանը փորձարկել է հենացատկի գործիքը, Վահագն Դավթյանը՝ օղակների վարժությունը։

Այս մասին NEWS.am Sport-ին Փարիզից հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Նշենք, որ «պոդիում» փորձին մարմնամարզիկները մասնակցում են մրցումային մարզահագուստներով, փորձարկում գործիքները, ներկայացնում իրենց վարժությունները։

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Փարիզի մրցահարթակ դուրս կգան հուլիսի 27-ին: Որակավորման փուլը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-22:00 (ըստ ենթախմբի):

Սպորտային մարմնամարզության մրցաշարը կանցկացվի Փարիզի  «Բերսի» մարզապալատում  (Bercy Arena):

Արթուր Դավթյանին եւ Վահագն Դավթյանին Փարիզի մրցահարթակում կօգնի հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը։

Հակոբ Սերոբյանը մրցավարական կազմում կսպասարկի Օլիմպիական խաղերը։

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերը կանկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.