12:35 19 հունիսի, 2024Անկախ նրանից, թե որ ազգի ներկայացուցիչ կլիներ գլխավոր մրցավարը, միեւնույն է՝ մենք մերժելու էինք հայտը եւ դուրս էինք գալու մրցաշարից նախնական պայմանավորվածությունը խախտելու համար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:
Կազանում այս օրերին անցկացվող ԲՐԻԿՍ մարզական խաղերում գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականը չի մասնակցել մրցաշարին՝ գլխավոր մրցավարին փոխելու պատճառով: ՀՄՖ նապագահ Գագիկ Վանոյանի խոսքով, խնդիրը կապված է եղել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի հետ նախնական պայմանավորվածությունը խախտելու հետ:
«Ի սկզբանե, երբ Հայաստանի թիմին գրանցել ենք ԲՐԻԿՍ խաղերին, կազմակերպիչներից առաջարկ ենք ստացել գլխավոր մրցավար նշանակել Հայաստանի ներկայացուցիչի: Այդ ժամանակ մենք ներկայացրել ենք միջազգային կարգի մրցավար Ասյա Սիմոնյանին, որն իր մրցավարական կատեգորիայով համապատասխանում էր գլխավոր մրցավար լինելուն: Անհարկի խոսակցություններ կային, որ Հայաստանը չունի բարձր կարգի մրցավար, ինչն, իհարկե, իրականությանը չի համապատասխանում: Պետք է լիներ Ասյա Սիմոնյանը:
Մրցումների մեկնարկից մի քանի օր առաջ տեղեկություն ստացանք, որ գլխավոր մրցավարը փոխվում է եւ նշանակվում է Ադրբեջանի ներկայացուցիչ, եւ մենք որոշեցինք հանել մեր հայտն այդ մրցաշարից: Անկախ նրանից, թե որ ազգի ներկայացուցիչ կլիներ գլխավոր մրցավարը, միեւնույն է՝ մենք մերժելու էինք հայտը եւ դուրս էինք գալու մրցաշարից նախնական պայմանավորվածությունը խախտելու համար։
Գլխավոր մրցավարը լուրջ դերակատարում ունեցող անձ է մրցաշարում: Առանց հիմնավոր պատճառի մեր պայմանավորվածությունը փոխում են, մեր մրցավարին հանում են եւ նշանակում այլ մրցավարի, այս պարագայում՝ Ադրբեջանի ներկայացուցիչի: Նման անպատասխանատու մոտեցումը թե՛ մեր ֆեդերացիայի հանդեպ, թե՛ ընդհանրապես սպորտի հանդեպ մեզ համար, բնականաբար, անընդունելի է, այդ պատճառով էլ թիմը հանեցինք մրցաշարից,- ասաց ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:
Գեղարվեստական մարմնամարզության մրցումները կանցկացվեն հունիսի 20-22-ին։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.