21:37 27 ապրիլի, 2024Այսօր աղջկաս ծննդյան օրն է: Ցանկանում էի նրան ոսկե մեդալով շնորհավորել։ Այս արծաթն ինձ ավելի մոտիվացրեց Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ։
Այս մասին Ռիմինիում ասաց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։ Հենացատկի եզրափակիչում նա հավաքեց 14.850 միավոր։ Չեմպիոնի տիտղոսը նվաճած բրիտանացի Ջեք Ջերմեյնի արդյունքն է 14.883:
Արծաթե մեդալով պարգեւատրվելուց հետո Արթուր Դավթյանը հանեց մեդալը՝ խոստովանելով, որ զայրացած է իր գրանցած արդյունքի վրա։
«Եզրափակիչում եղավ նույնը, ինչ որակավորման փուլում. երկրորդ ցատկս լավ չկատարեցի։ Ճիշտ է, որակավորման փուլում լրիվ ուրիշ ցատկ էի կատարել, բայց այսօր իմ բարդ ցատկը կատարեցի։ Ստացվեց սխալներով։ Նույն սխալը կրկնվեց, ինչ առաջին օրն էր, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ պետք է աշխատենք եւ շտկենք։
Զայրացած եմ, որ ոսկե մեդալ չնվաճեցի, այսօր աղջկաս ծննդյան օրն է, 5 տարեկան է դառնում։ Ցանկանում էի նրան ոսկե մեդալով շնորհավորել։ Այս արծաթն ինձ ավելի մոտիվացրեց Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ։ Պարտվելուց հետո միշտ ցանկանում ես հաղթել։ Կաշխատենք այս սխալների վրա, որ ամենակարեւոր մրցաշարում՝ Օլիմպիական խաղերում չկրկնեմ»,- ասաց Արթուր Դավթյանը։
Հայաստանի թիմի առաջատարը որակավորման փուլում վաստակել էր 14.416 միավոր միավոր: Առաջին ցատկի գնահատականը 15.100 էր: Երկրորդ ցատկի ժամանակ բարդությունը նա փոխեց: Մրցավարները գնահատեցին 13.733 միավոր:
Լուսինե Շահբազյան
NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.