Վահագն Դավթյան․ Աշխարհի գավաթից հետո մեծ տպավորություններով եւ դրական լիցքերով եմ եկել Ռիմինի՝ ԵԱ-ի

15:03   23 ապրիլի, 2024

Շատ ուրախ եմ, որ այս կարեւոր եւ պատասխանատու աշխարհի գավաթի վերջնական փուլում  հաղթող ճանաչվեցի, արդյունքում նվաճեցի օլիմպիական ուղեգիր եւ դարձա 2024 թվականի աշխարհի գավաթակիր։ Ամեն ինչ կներդնեմ, որ առավելագույնս հաջող հանդես գամ

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքանի անդամ, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը։

35-ամյա Դավթյանը Փարիզ-2024-ի մարմնամարզության օլիմպիական մրցաշարում կլինի Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը Արթուր Դավթյանի հետ։ Ապրիլի 19-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված աշխարհի գավաթի մրցաշարում Վահագն Դավթյանը օղակների վարժությունում նվաճեց ոսկե մեդալ եւ օլիմպիական ուղեգիր։ Եզրափակիչում գերազանց ցատկերով՝ Դավթյանը վաստակեց 14.833 միավոր։ Աշխարհի գավաթի նախորդ 2 փուլերից հետո Վահագն Դավթյանին օլիմպիական ուղեգրի համար պակասում էր չնչին միավորներ եւ միայն ոսկե մեդալ նվաճելու դեպքում կարող էր Փարիզ-2024-ի ուղեգրի արժանանալ։

«Աշխարհի գավաթից հետո մեծ տպավորություններով եւ դրական լիցքերով եմ եկել Ռիմինի Եվրոպայի առաջնության։

Սպասում էի, որ Դոհայում կունենամ ոսկե մեդալ, որովհետեւ նախորդ փուլերում մրցակիցներիցս տարբերությունը աննշան էր, բացի այդ հասկանում էի, որ միայն այս դեպքում հնարավորություն ունեմ ուղեգիր նվաճել եւ նպատակս իրականացնել։

Ուրախ եմ, որ այս կարեւոր եւ պատասխանատու աշխարհի գավաթի վերջնական փուլում  հաղթող ճանաչվեցի, արդյունքում նվաճեցի օլիմպիական ուղեգիր եւ դարձա 2024 թվականի աշխարհի գավաթակիր։

Փարիզ-2024-ն իմ առաջին Օլիմպիական խաղերն են, ինչի համար անչափ ուրախ եմ։ Ամեն ինչ կներդնեմ, որ առավելագույնս հաջող հանդես գամ»,- ասաց Վահագն Դավթյանը, որն այժմ Հայաստանի թիմի հետ Իտալիայի Ռիմինի քաղաքում է։ Ապրիլի 24-28-ն այնտեղ անցկացվելու է Եվրոպայի առաջնությունը։

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.