Աշխարհի գավաթ․ Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ

17:34   6 ապրիլի, 2024

Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում: Ապրիլի 6-ից աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարի մեջ են մտել հայ ծանրորդերը: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը:

2023 թվականի Եվրոպայի փոխչեմպիոնը մասնակցում էր 89 կգ քաշայինների B խմբում: Պոկում վարժությունում Կարապետյանը պայքարը սկսեց 170 կգ-ից, որը ձախողեց: Հաջորդ երկու մոտեցումներում ձախողեց 171 կգ, ապա 175 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը զրո ստացավ եւ հրաժարվեց հետագա պայքարից հրում վարժությունից:

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի, մրցաշարում անհրաժեշտ է օլիմպիական ուղեգրին հավակնող ծանրորդների մասնակցությունը՝ անկախ արդյունքից:

Հայաստանի հավաքականը աշխարհի գավաթին մասնակցում է 5 ծանրորդով: Օլիմպիական վարկանիշների համար կպայքարեն նաեւ Սամվել Գասպարյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը (102կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

5 ծանրորդներն էլ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրերի հավակնորդներ են: Նրանցից ընտրվելու են երեք ուժեղագույնները տարբեր քաշային կարգերում: 

Աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ:

Ապրիլի 8, 22:00

Սամվել Գասպարյան (102 կգ, նախնական հայտ 400 կգ), Գարիկ Կարապետյան (102 կգ, նախնական հայտ 450 կգ):

Ապրիլի 11, 19:00

Վարազդատ Լալայան (+109 կգ, նախնական հայտ 450 կգ), Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ, նախնական հայտ 450 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։