Սիմոն Իսրայելյանի հուշամրցաշարի հաղթողն ու մեդալակիրները

16:14   18 մարտի, 2024

Արդեն երրորդ տարին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանի անվան հուշամրցաշարը։

«Ուրարտուի» երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարի սկիզբը դրվեց 2022 թվականի մարտի 9-ին՝ Սիմոնի ծննդյան օրը։

Այս տարվա մասնակիցներն էին «Ուրարտու-մարզիչներ», «Ազատության արծիվներ», «Փյունիկ», «Հայաստանի լրագրողների թիմ», «Ուրարտու-վետերաններ», «Հայաստանի վետերաններ», «Սաութ-Վեստ Ուլտրաս» և «Արտաշատ» թիմերը։

Մրցաշարի երրորդ տեղի համար պայքարում «Արտաշատ» թիմը պարտության մատնեց «Հայաստանի լրագրողներ» թիմին։ Եզրափակիչ խաղում իրար հետ մրցեցին «Ուրարտու-մարզիչների» և «Ուրարտու-վետերանների» թիմերը։ Համառ ու անզիջում պայքարում վետերանները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Մեկական անգամ գոլով աչքի ընկան Վահագն Այվազյանն ու Արսեն Բալաբեկյանը։

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ «Ուրարտու-վետերանների» դարպասապահ, ակումբի գլխավոր թիմի դարպասապահների մարզիչ Ստեփան Ղազարյանը, իսկ «մարզիչների» հարձակվող Արթուր Բարսեղյանը 8 գոլով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։

Եզրափակիչ հանդիպումից հետո բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, հաղթող թիմը նաև գավաթով, որոնք հանձնեցին Սիմոն Իսրայելյանի հայրը՝ Սպարտակ Իսրայելյանը և «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։

Ավանդույթի համաձայն, մայիսին տեղի կունենա Simon Cup միջազգային մանկապատանեկան մրցաշարը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։