Արտետա․ Պետք է պահպանենք այս տեմպը

15:29   5 մարտի, 2024

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է 6:0 հաշվով հաղթանակը «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 27-րդ տուրի արտագնա խաղում։

«Գերազանց հանդիպում անցկացրինք, կարեւոր արդյունք է այսքան շատ գոլերով եւ դարպասը անառիկ պահելով։ Թիմը ցուցադրում է ավելին ձգտելու հավակնություններ։ Մենք գոլեր խփեցինք շատ լավ կազմակերպված թիմի, կարողացանք 3-4 անգամ լիովին գերազանցել նրանց պաշտպանությունը։

Հիմա մեր խաղացողները հավատում են իրենց հնարավորություններին։ Երբ հաղթում ես, ամեն ինչ շատ հեշտ է դառնում։ Պետք է պահպանենք այս տեմպը։

Հույս ունենք, որ ավելի շատ միավորներ կվաստակենք, քան անցած մրցաշրջանում։ Վնասվածքներից հետո մի քանի խաղացողներ են վերադարձել, եւ սա հրաշալի է։ Շարժվում ենք առաջ»,- Արտետայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Արսենալը» անգլիական ֆուտբոլի պատմության մեջ միակն է, որին հաջողվում է երեք անընդմեջ արտագնա խաղում հաղթել 5+ գոլերի տարբերությամբ։

Նախորդ երկու արտագնա հանդիպումներում էլ «Արսենալը» 6:0 հաշվով հաղթել էր «Վեստ Հեմին», 5:0 հաշվով՝ «Բարնլիին»։

Պրեմիեր լիգայի 27 տուրից հետո «Արսենալը» 61 միավորով երրորդն է։ Առաջատարը «Լիվերպուլն» է՝ 63 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» ունի 62 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։