ԱԱ․ Հայաստանի թիմը պարտության մատնեց ալբանացիներին (ֆոտո, վիդեո)

20:08   25 փետրվարի, 2024

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը առաջին հաղթանակը տարավ 2027 թվականի աշխարհի առաջնության ընտրական նախնական փուլում: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տնային խաղում ազգային հավաքականը 84:79 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին:

Հայաստան - Ալբանիա հանդիպումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ նվիրված երիտասարդ ալբանացի բասկետբոլիստի հիշատակին: Ալբանացիների հիմնը հնչելուց հետո Հայաստանի հիմնը կենդանի կատարեց երգչուհի Սոնա Ռուբենյանը:

Առաջին քառորդի մեկնարկեց երկու րոպե անց խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի անդամը Ալբերտ Թադեւոսյանը:

7-րդ րոպեին խաղն ընդհատվեց լուսատախտակի խոտանի պատճառով: Խնդիրը լուծելուց հետո Հայաստանի հավաքականը մեծ ակտիվությամբ մեկնարկեց խաղը: Առաջին քառորդն ավարտվեց Հայաստանի հավաքականի առավելությամբ 24:23 հաշվով:

Երկրորդ քառորդում Հայաստանի հավաքականն ավելացրեց ճնշումը, ավելացրեց գրոհները եւ հաշվի մեջ առաջ անցավ: Մրցակիցները գնացին հանգստի 48:42 հաշվով Հայաստանի առավելությամբ:

Մեծ ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը բացթողումներով սկսեց խաղակեսը: 10 միավորով առավելություն ունենալուց  հետո ալբանացիները իրար հաջորդող նետումներով ավելացնում էին միավորները, հայ բասկետբոլիստների գրոհներն անհաջող էին ստացվում: Երրորդ քառորդի վերջնամասում Անդրե Սփայթ-Մկրչյանի 3 միավորանոց նետումւ Հայաստանի թիմին օգնեց նորից առաջ անցնել հաշվի մեջ: Երրորդ քառորդն ավարտվեց 62:59 հաշվով նորից հայերի առավելությամբ:

Վերջին քառորդը լարված ստացվեց երկու թիմերի համար: Ալբանացիները պարբերաբար գրավում էին Հայաստանի թիմի զամբյուղը, Հայաստանի գրոհները ձախողվում էին:  Հայաստանի հավաքականի ավագ Անդրե Սփայթ Մկրտչյանի եւ Քրիս Ջոնսի տպավորիչ խաղի շնորհիվ ազգային ընտրանին ավելացրեց առավելությունը:

Մարզահամերգային համալիրի դահլիճում մեծ թվով երկրպագուներ էին եկել հետեւելու ազգային հավաքականի խաղին: Համալիրի մեծ դահլիճի տրիբունաները գրեթե ամբողջությամբ զբաղված էին: Հայաստանի հավաքականի երկրպագելու են եկել նաեւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ՖԱՖ երկրպագուների շարժումը, որոնք պարբերաբար երգերով, վանկարկումներով աջակցում են բասկետբոլիստներին:

2027 թվականի աշխարհի առաջնության ընտրական նախնական փուլի առաջին խաղում ազգային թիմը փետրվարի 22-ին արտագնա խաղում 91:106 հաշվով պարտվել էր ավստրիացիներին:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։