Հայաստանի հավաքականի մարզիչ․ Ալբանիայի հետ բարդ խաղ է սպասվում

16:09   24 փետրվարի, 2024

Վաղը Ալբանիայի դեմ պետք է մեր խաղը խաղանք ու ամեն ինչ լավ կլինի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի օգնական,  բելգիական «Լիեժ Բասկետ» ակումբի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը վերջերս համալրած Ալեքս Զամպիերը:

Աշխարհի առաջնության ընտրական նախնական փուլում փետրվարի 25-ին Հայաստանի հավաքականը կընդունի Ալբանիայի հավաքականին:

Փետրվարի 24-ին հավաքականը բաց մարզում անցկացրեց Ալեքս Զամպիերի գլխավորությամբ: Ռեքս Կալամյանը բաց կթողնի Հայաստան - Ալբանիա հանդիպումը: Գլխավոր մարզիչը ներկա չէր նաեւ Ավստրիա - Հայաստան խաղին, որտեղ ազգային թիմը պարտվեց 91:106 հաշվով:

«Հայաստանի հավաքականին միացել եմ գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի առաջարկով: Նա ինձ առաջարկեց օգնել իրեն հավաքականում: Ռեքս Կալամյանին ճանաչում եմ մի քանի տարի եւ կարծում եմ, որ նա մեծ մարզիչ է:

Մարզիչին օգնելը, մարզչություն անելն իմ կարծիքով շատ կարեւոր է յուրաքանչյուր թիմի համար: Բասկետբոլն ավելին է, քան սպորտ ինձ համար: Ուրախ եմ այստեղ գտնվելու եւ Հայաստանի հավաքականի հետ աշխատելու հնարավորություն ստանալու համար:

Քիչ ժամանակ եմ ճանաչում թիմին: Նախորդ խաղից առաջ եւ այս ընթացքում արդեն հասցրել ենք հասկանալ միմյանց: Շատ դժվար է 4 օրվա ընթացքում պատրաստվել կարեւոր խաղի: Մեզ անհրաժեշտ է երկար ժամանակ եւ մեծ աշխատանք բարձր արդյունքի հասնելու համար: Ավստրիայի խաղից հետո տղաները վերականգնվելու կարիք ունեին: Երեկ մենք ունեցանք ազատ օր, որպեսզի կարողանան հանգստանալ եւ տրամադրվել առաջիկա խաղին:

Կարծում եմ, որ վաղը Ալբանիայի հետ բարդ խաղ է սպասվում: Պետք է ամեն ինչ անենք, խաղանք մեր խաղը ու ամեն ինչ լավ կլինի:

Հայկական բասկետբոլն աճում է: Թիմում կան բարձրակարգ խաղացողներ, մասնավորապես կառանձնացնեմ Քրիս Ջոնսին, Անդրե Սփայթ-Մկրտչյանին, որոնք շատ լավ օրինակ են երիասարդ խաղացողների համար: Նրանց հետ մի թիմում խաղալը կօգնի աճել, տեսնել, թե ինչպես են խաղում բարձրակարգ բասկետբոլ, ինչ է թիմային պայքարը եւ երկիր ներկայացնելը»,- ասաց Ալեքս Զամպիերը:

2027 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի երկրորդ տուրի Հայաստան - Ալբանիա հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ կմեկնարկի 18:00-ին:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։