Ալեքսանդրա Գրիգորյան․ Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու կարողացա առաջին տեղը գրավել

11:27   22 փետրվարի, 2024

Ուրախ եմ, որ կարողացա մեր դրոշը բարձրացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, 55 կգ քաշային կարգում 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 196 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Անցած գիշեր գյումրեցի ծանրորդը Հայաստանի թիմի հետ վերադարձավ հայրենիք: Եվրոպայի նորընծա չեմպիոնին դիմավորեցին մեծ ցնծությամբ, ծաղկեփնջերով:

«Շատ ուրախ եմ, որ կարողացա նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Պոկում վարժությունից հետո չեմպիոն դառնալու հույսս կորցրել էի: Չէի հավատում, որ հրում վարժությունում կկարողանամ շրջանցել մրցակիցներիս: Մեդալի հույս ունեի: Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու կարողացա առաջին տեղը գրավել:

Ուրախ եմ, որ կարողացա մեր դրոշը բարձրացնել: Փարիզի Օլիմպիական խաղերին չենք մասնակցելու: Կփորձենք 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում բոլորիս հույսերն արդարացնել»,- ասաց Ալեքսանդրա Գրիգորյանը:

Ալեքսանդրա Գրիգորյանը 55 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունում գրանցեց 81 կգ արդյունք, հրում վարժությունում՝ 115 կգ: Սա Ալեքսանդրայի առաջին մեծ նվաճումն է մեծահասակների կազմում:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։