Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան․ Այս հաղթանակն իմ հայ ազգինն է, մեր զինվորներինը

10:06   16 փետրվարի, 2024

Հպարտ եմ, որ կարողացա եւս մեկ անգամ հայ ազգս պատվով ներկայացնել Եվրոպայի առաջնության մրցհարթակում եւ նորից դառնալ չեմպիոն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուլղարիայից ասաց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը:

Փետրվարի 14-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում 21-ամյա Գոռ Սահակյանը երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 67 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում գրանցեց 311 կգ արդյունք (140+171):

«Շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել: Տպավորություններս անբացատրելի են: Այս առաջնությանը մոտ 2 ամիս էինք պատրաստվել, երիտասարդների աշխարհի առաջնությունից հետո: Ժամանակը մի փոքր քիչ էր: Կարող էի ավելին անել, բայց չստացվեց: Կաշխատեմ բոլոր թերություններս շտկելու վրա: Եվրոպայի առաջնությունից առաջ պատասխանատվությունն էր շատ մեծ, որ պետք է պահպանեմ տիտղոսս: 

 Հպարտ եմ, որ կարողացա եւս մեկ անգամ հայ ազգս պատվով ներկայացնել Եվրոպայի առաջնության մրցահարթակում: Այս հաղթանակն իմ հայ ազգինն է, մեր զինվորներինը: Նրանց շնորհիվ է, որ ապրում ենք: Նրանք են պաշտպանում մեր սահմանները, որպեսզի մենք կարողանանք այսպիսի հաղթանակներով մեր ազգին ուրախացնել: Այս հաղթանակներով ապացուցում ենք, որ կյանքն առջեւում է, պետք է պայքարել, որեւէ մեկը մեզանից ուժեղ չի: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատում են ինձ, ինձ տեսնելիս ասում են, որ ես եմ դառնալու չեմպիոն»,- ասաց Գոռ Սահակյանը:

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը երկամարտում հետ թողեց երկու թուրք ծանրորդների: Արծաթե մեդալակիր դարձավ Կաան Կահրիմանը (310 կգ՝ 142+168), բրոնզե մեդալակիր՝ Ֆերդի Արդալը (304 կգ՝ 135+169):

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.