Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն (ֆոտո)

23:16   14 փետրվարի, 2024

Արթուր Ալեքսանյանը 7-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությում, 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց մինչեւ 23 տարեկանների աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիեւի հետ եւ 6:3 հաշվով փառահեղ հաղթանակ տարավ:

Առաջին մրցափուլի մեկնարկին ռուսաստանցի ըմբիշը անակնկալի բերեց Ալեքսանյանին եւ 2-միավորանոց գցում կատարեց: Գորգի մրցավարը պասիվություն տվեց Ալեքսանյանին, բայց չկարողացավ գլորում կատարել: Մրցակիցները գնացին հանգստի 3:0 հաշվով՝ Մուրտազալիեւի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ եւ գլորեց ռուսաստանցուն: Հաշիվը դարձավ 3:3: Մրցակիցը բողոքարկեց, որը չբավարարեցին: 4:3 հաշվից հետո Արթուր Ալեքսանյանը եւս 2 միավոր վաստակեց եւ գոտեմարտն ավարտեց 6:3 հաշվով:

Օլիմպիական չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր  թուրք Բեյտուլա Կաիսդագինի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 8:3 հաշվով պարտության էր մատնել Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգին: Կիսաեզրափակիչում Ալեքսանյանը գոտեմարտել էր բելառուս Աբուբակար Խաշլախանովի հետ եւ հաղթել 5:1 հաշվով:

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել նաեւ 2012, 2013, 2014, 2018, 2020 եւ 2023 թվականներին:

Գյումրեցի ըմբիշը 32 տարեկան է: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե, Տոկիո-2020-ի՝ արծաթե, Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր է, 2014, 2015, 2017 եւ 2022 թվականների աշխարհի չեմպիոն է, Եվրոպական խաղերի չեմպիոն:

2023 թվականի աշխարհի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր եւ նվաճել իր մարզական կարեիրայի 4-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Փետրվարի 13-ին Բուխարեսում Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը: Եզրափակիչում Մալխաս Ամոյանը 7:0 հաշվով հաղթել է թուրք Յուսուֆ Էմրե Բաշարին:

55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել հավաքականի նորեկ Մանվել Խաչատրյանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.