19:52 21 հունվարի, 2024Մարիա Գեւորգյանի մրցաշարից դուրս գալն ինձ ավելի մոտեցրեց առաջին տեղին, բայց դժվարացրեց հաղթանակս: Առաջնությունը շատ լարված անցավ ինձ համար, չնայած որ չունեցա ոչ մի պարտություն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շախմատի կանանց Հայաստանի եռակի չեմպիոն Սուսաննա Գաբոյանը:
Հունվարի 11-20-ը Երեւանի շախմատի տանն անցկացված շախմատի կանանց 79-րդ առաջնությունում Սուսաննա Գաբոյանը 7,5 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը եւ համալրեց ազգային հավաքականը։
«Հայաստանի առաջնությունը շատ լարված անցավ: Ինչպես նշեց գլխավոր մրցավարը՝ մինչեւ վերջին պահը լարված էր: Նախավերջին տուրն ինձ համար շատ անհաջող ստացվեց: Վատ դիրք ստացա, բայց հաջողվեց պարտված դրությունում ոչ-ոքի պահել: Նախավերջին տուրում եթե հաղթեի, կարելի է ասել՝ ապահովում էի չեմպիոնությունը, բայց խնդիրներ առաջացան, շատ վատ խաղացի: Վերջին պարտիայում ստացվեց այնպես, որ ինձ պետք էր չպարտվել՝ կամ հաղթել, կամ ոչ-ոքի ավարտել, որպեսզի պահպանեմ առաջատարի դիրքս: Հաջողվեց հաղթել, ինչի համար շատ ուրախ եմ:
Ամբողջ առաջնության ընթացքում պարտություն չունեցա, բայց դա չի նշանակում, որ մրցաշարն ինձ համար լարված չանցավ: Ամենալարվածը նախավերջին տուրը ստացվեց: Իրականում թվում էր, թե թերագնահատում էի մրցակցիս, որովհետեւ այդ աղջիկը մինչեւ ինձ բոլոր պարտիաներում պարտվել էր, բայց իմ մեջ մեծ լարվածություն կար մինչեւ խաղի ավարտը: Եթե պարտություն ունենայի, այդ պարտիան կպարտվեի, մնացածում հաջողվել էր հաղթանակներ տանել կամ ոչ-ոքիներ ունենալ:
Մարիա Գեւորգյանի մրցաշարից դուրս գալն ինձ ավելի մոտեցրեց առաջին տեղին, բայց նաեւ ավելի բարդացրեց հաղթանակս: Նրա դուրս գալուց հետո այնքանով փոխվեց մրցաշարի ընթացքը, որ ինքը դեռ պետք է մրցեր 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած մրցակիցների հետ, բայց քանի որ լքեց մրցաշարը՝ 2-րդ եւ 3-րդ տեղերի շախմատիստները մեկական միավորով առաջ էին գալիս, այդ դեպքում ինձ պետք էր ավելի շատ հաղթանակներ:
Այս տարի ունենք Համաշխարհային օլիմպիադա եւ հավաքականի կազմում գլխավոր նպատակը հաջող հանդես գալն է: Թիմային պայքար է եւ պետք է ամեն ինչ անենք լավ հանդես գալու համար»,- ասաց Հայաստանի եռակի չեմպիոնը:
Սուսաննա Գաբոյանը վերջին տուրում պարտության մատնեց Մելինե Հարությունյանին: Կանանց պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Մարիամ Ավետիսյանը, բրոնզե մեդալակիր՝ Միլենա Գասպարյան:
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.