Հովհաննես Հարությունյանը «Փյունիկից» տեղափոխվեց «Սոչի»

11:33   17 հունվարի, 2024

Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Փյունիկից» տեղափոխվեց ռուսական «Սոչի», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հարությունյանը խաղացել է «Փյունիկի» ակադեմիայի տարբեր տարիքային խմբերում և 2016 թվականին նորամուտը նշել  գլխավոր թիմում:

Հարությունյանը 2021-ին «Արարատ-Արմենիայից» վերադառնալով հարազատ ակումբ՝  օգնել է թիմին նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Այդ մրցաշրջանում Հարությունյանը ներքին առաջնություններում 34 խաղից հետո դարձել էր 4 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:

2022-ի ամռանը Հարությունյանը մեծ ներդրում ունեցավ «Փյունիկի» եվրագավաթային պատմական դարձած շրջանում, որտեղ մեր թիմը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին, երկրորդ փուլերը, այնուհետև նորամուտը նշեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, տարավ հայկական ակումբների առաջին հաղթանակն եվրոպական մրցաշարի խմբային փուլում: 24-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամառվա եվրագավաթներում փայլեց արդյունավետությամբ՝ 5 խաղում դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հարությունյանը նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» գույներով հատեց 100 հանդիպման շեմը: Արդեն 2023/24-ի աշնանային հատվածում մեր սանը գրանցեց անձնական ռեկորդ ու անցկացնում էր կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանը. ներքին մրցաշարերում Հովհաննեսն իր անվան դիմաց ունի 11 գոլ և 3 արդյունավետ փոխանցում:

Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվեց ազգային թիմի կազմում: Նա ընդգրկվել է նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում 2022-ի արդյունքներով:

Transfermarkt-ը Հովհաննես Հարությունյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 400 հազար եվրո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.