Էլմիրա Կարապետյան․ 2023-ն ինձ համար անսպասելի եւ ֆանտաստիկ էր մեդալների քանակով

09:05   7 հունվարի, 2024

Մրցաշրջան 2023-ում հայկական սպորտում փայլեց հրաձիգ, Հայաստանի հավաքականի առաջատար, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից,  Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Էլմիրա Կարապետյանը:

Երիտասարդ մայրիկը 2023 թվականին նվաճել է 11 մեդալ, դարձել աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող եւ մեդալակիր: Ի դեպ՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը անկախ Հայաստանի վերջին 20 տարիներում առաջին մեդալն էր հրաձգության Եվրոպայի առաջնություններում: Այս մեդալներով եւ մեծ նվաճումներով  Էլմիրա Կարապետյանը այդպես էլ չընդգրկվեց «Տարվա 10 լավագույն մարզիկների» կազմում, նաեւ չկար թեկնածուների ցանկում, ինչը բուռն քննադատությունների արժանացավ մարզական լրագրողների եւ հանրության կողմից:

Փարիզ-2024-ում Հայաստանի առաջին օլիմպիական ուղեգիրը նվաճած Էլմիրա Կարապետյանը NEWS.am Sport-ի համար ամփոփել է 2023 թվականը:

Մրցաշրջան-2023-ը...

2023 թվականն ինձ համար անսպասելի էր եւ ֆանտաստիկ մեդալների քանակով: Անսպասելի էր, որ մեկ տարվա ընթացքում կարող եմ 11 մեդալ նվաճել: Ես գիտեի, որ մեդալներ կնվաճեմ, բայց որ ամեն մրցաշարից մեդալով կվերադառնամ, չէի սպասում: Ես միշտ վստահ եմ եղել, որ հասնելու եմ իմ ուզած մեդալներին: Այնպես չի, որ 2023 թվականն ինձ համար բեկումնային էր, քանի որ միշտ իմացել եմ՝ ունեմ այդ բազան եւ գալու է մի օր, երբ ես յուրաքանչյուր մրցաշարից վերադառնալու եմ մեդալով: Իրականում, սա դեռ սկիզբն է, ես չեմ սիրում քչով բավարարվել: Առաջին օրը երբ մտել եմ հրաձգարան եւ կրակել ատրճանակով, հասկացել եմ, որ ունեմ տաղանդ, աշխատասիրություն եւ բախտ, որոնք բերելու են մեդալների:

Տարվա ամենամեծ հաղթանակը...

Ես կընդգծեի երկու հաղթանակ՝ աշխարհի գավաթի ոսկե մեդալն ու Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Աշխարհի գավաթի ոսկե մեդալը սպասված էր: Արդեն ժամանակն էր, որ ոսկե մեդալակիր դառնայի: Նույնը կասեմ նաեւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի մասին: Ժամանակը հասունացել էր, որ Եվրոպայի առաջնությունում ունենայինք մեդալ: Չեմ ցանկանում առանձնացնել, այս հաղթանակներից մեկն ընդգծել, որպես ամենամեծ հաղթանակ: Երկուսն էլ ինձ համար մեծ էին եւ շատ կարեւոր:

Ձախողում...

Ձախողում համարում եմ աշխարհի առաջնության չմասնակցելը, որն անցկացվեց Բաքվում: Ես պատրաստ էի այնտեղից մեդալով վերադառնալ:

Եվրոպայի բրոնզե մեդալը...

Շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա մեդալակիր դառնալ Եվրոպայի առաջնությունում: Վերջին 20 տարում հրաձգության Եվրոպայի առաջնություններում մեր առաջին մեդալն էր: Իմ կարիերայում էլ էր առաջինը:

Ամենահիշարժան օրը...

2023 թվականի ամենահարժան օրը տղայիս՝ Լեոնի առաջին քայլեր անելու օրն էր: Հստակ չեմ կարող հիշել ամսաթիվը, բայց այդ ժամանակ մենք Լեհաստանում հավաքի էինք, տղաս ինձ հետ էր: Լիոնը մեկ տարեկան երկու ամսական էր եւ հավաքի օրերին առաջին անգամ առանց բռնվելու քայլեց: Ես հասցրեցի տեսանկարահանել:

Ափսոսանքը...

Ափսոսանքս նույն ձախողման պատասխանն է: Ափսոսում եմ, որ Բաքու չգնացինք: Ես շատ էի ուզում՝ գնայինք: Աշխարհի առաջնություն էր, կարեւոր մրցաշար: 2022 թվականի աշխարհի առաջնությունում 5-րդ տեղ էի գրավել, նաեւ նվաճել էի օլիմպիական ուղեգիր: Այս աշխարհի առաջնությունում պատրաստ էի ավելի բարձր տեղ զբաղեցնել եւ մեդալ նվաճել: Ես վստահ գնալու էի մեդալի հետեւից:

Փարիզի Օլիմպիական Խաղերը...

Ես իմ ուղեգիրը նվաճել եմ 2022 թվականի աշխարհի առաջնությունում եւ այդ օրվանից իմ առջեւ մեծ նպատակ ու խնդիր եմ դրել, մեդալ նվաճել: Կանեմ առավելագույնը օլիմպիական մեդալակիր դառնալու համար: Ինչպես արդեն նշեցի, ցանկացած մեդալի տակ թաքնված է երեք կարեւոր հատկանիշ՝ տաղանդ, աշխատասիրություն եւ մարզական բախտ: Իմ կարծիքով՝ ես այդ երեքն էլ ունեմ: Չգիտեմ՝ մյուս մարզաձեւերում ինչպես է, բայց հրաձգությունում սպորտային բախտ կա: Վերջին կրակով կարող ես հաղթել կամ պարտվել: Վերջում կրակում է բախտի գործոնը:

Նամակ Ձմեռ պապին...

Ձմեռ պապին նամակ գրում եմ: Հավատում եմ հրաշքին եւ սովորաբար գրում եմ: Այս տարի գրել եմ «Շնորհակալություն»: Ամանորի գիշերվա հրաշքին հավատում եմ: Եթե սրտանց երազանք ես պահում, Ձմեռ պապն իրականացնում է: Կռիվ եմ անում այն մարդկանց հետ, որոնք չեն հավատում: Հրաշքներ կան ու կատարվում են:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.