12:23 1 հունվարի, 2024«Պարմայի», «Յուվենտուսի», ՊՍԺ-ի եւ Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ, կարիերան ավարտած Ջանլուիջի Բուֆոնը լավ գաղափար է համարում ժամանակակից ֆուտբոլում դարպասի չափի մեծացումը։
«Դարպասի չափը որոշվել է 1875 թվականին։ Այն ժամանակվա մարդաչափական տվյալներով հնարավոր է՝ դարպասի չափը շատ մեծ էր։ Հավանաբար, այն ժամանակ դա ճիշտ էր։ Բայց հիմա մենք տեսնում ենք շատ բարձրահասակ դարպասապահների եւ կարելի է մտածել դարպասի չափը մեծացնելու մասին։
30 տարի առաջ հեռվից կատարած 50 հարվածից 10-ն ավարտվում էր գոլով։ Այսօր 50-ից 3-ն է գոլ դառնում»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Tuttosport-ը։
Բուֆոնը իտալական «Պարմայի» ակադեմիայի սան է։ 1995-2001 թվականներին «Պարմայում» հանդես գալուց հետո նա տեղափոխվել է «Յուվենտուս», որի կազմում անցկացրել է 17 տարի, ապա մեկ մրցաշրջան խաղացել է ՊՍԺ-ում։ Փարիզից հետո նա վերադարձել է թուրինյան ակումբ, իսկ 2021-ին դարձյալ միացել «Պարմային»։
«Յուվենտուսի» հետ Բուֆոնը դարձել է Իտալիայի 10-ակի չեմպիոն, 5 անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, 6 անգամ՝ սուպերգավաթը։ Իտալիայի հավաքականի կազմում Բուֆոնը դարձել է 2006թ․ աշխարհի չեմպիոն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.