Երեւանում մեկնարկել է ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը (տեսանյութ)

21:31   23 դեկտեմբերի, 2023

Երեւանի Orange Fitness ակումբում մեկնարկել է ուժային եռամարտի Հայաստանի բաց առաջնությունը: Մրցումային առաջին օրը մրցահարթակ դուրս եկան հաշմանդամային սպորտի եւ ուժային եռամարտի բաց առաջնության մասնակիցները: Ուժային եռամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովի խոսքով՝ մարզիկների պատրաստվածությունն ու արդյունքները գոհացնող են:

 «Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ անցկազնում է Հայաստանի ուժային եռամարտի առաջնությունը: Առաջին մրցումային օրը մրցահարթակ են դուրս եկել հաշմանդամային սպորտի ներկայացուցիչները, որոնք մասնակցում են սեղմում հենարանից մրցաձեւում, իսկ բաց առաջնության մարզիկները՝ ուժային եռամարտում»,- ասաց Սերգեյ Ասատուրովը:

Մարզիչի խոսքով, ոգեւորիչ է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն մարզվում են, այլեւ դառնում մարզիկներ:

«Եթե մենք 6 տարի առաջ տեսնում էինք, ուղղակի, սիմվոլիկ արդյունքներ եւ ձգտում արդյունքի հասնելու, հիմա ունենք փաստացի արդյունքներ: Շատ բարձր ցուցանիշներ են դրսեւորում հաշմանդամային սպորտի մարզիկները, ինչը փաստացի իրենց եւ մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Ցանկացած սպորտում մարզիչի դերը կարեւոր է, հաշմանդամային սպորտում՝ առավել եւս»,- նշեց Սերգեյ Ասատուրովը:

Ըստ Ասատուրովի, այս տարի մրցումներում մարզերից եկած մարզիկների թիվն ավելի մեծ է: Մրցումներն անցկացվում են 2017 թվականից:

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Քոչարյանը նշում է՝ ամեն տարվա հետ գնում են դեպի կատարելագործման:

«Ամեն տարի փորձում ենք կատարելագործել՝ թե գործիքների առումով, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին, թե մարզիկներն են ավելի ոգեւորվում, անձնական արդյունքներն են զարգանում: Այս տարի, ի դեմս Սերգեյ Ասատուրովի, մենք առաջին անգամ ունենք միջազգային որակավորում ստացած մրցավար: Փորձում ենք ավելի զարգացնել, ավելի մոտիվացնել այս սպորտաձեւով զբաղվող մարզիկներին»,- ասաց Լեւոն Քոչարյանը:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով, ցավալի է, որ պատերազմների հետեւանքով ավելացել է զինհաշմանդամ մարզիկների թիվը, բայց ուրախ է, որ այս մրցումների կազմակերպումը նրանց մոտիվացնում է: Նա նշում է՝ հնարավորության դեպքում մարզիկները նաեւ արտերկրում են մասնակցում միջազգային մրցաշարերի: Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանին առաջին օրվա արդյունքները գոհացնում են:

 «Արդյունքներում բավական տարբերություն կա, աճ կա գրանցված, կան մարզիկներ, որոնք բավական լուրջ հաջողության են հասել, եւ նրանց հետ կապված լուրջ ծրագրեր ունենք. 2024 թ-ին արդեն միջազգային ասպարեզում հանդես կգան, եւ վստահ եմ՝ այնտեղից մենք մեդալներով ենք վերադառնալու, որովհետեւ այսօրվա արդյունքներն արդեն գոհացնող են: Ամենակարեւորը մարդկանց ինտեգրումն է, նրանք գալիս են սպորտային աշխարհ, ոմանք՝ մեծ սպորտ, իսկ մյուսների մոտ սա դառնում է առողջ ապրելակերպ: Մեր մարզիկների գերակշռող մասը պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղաներն են, որոնք չեն կոտրվել եւ իրենց կյանքը տեսնում են նաեւ սպորտի մեջ՝ գրանցելով մեծ հաջողություններ»,- նշեց Ստեփանյանը:

Ուժային եռամարտի Հայաստանի բաց առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 24-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.