19:22 22 մարտի, 2012Երեւանի «Բանանցը» ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը նախապատրաստվել սկսել է ինչպես եւ բոլոր թիմերը` տարվա սկզբից: Թիմը երեք հավաք անցկացրեց, որոնցից մեկը ֆուտբոլի ակադեմիայում, երկուսն էլ Կիպրոսում:
«Բանանցը» շեշտը դրել է իր կադրերի վրա` թիմի կազմում պահելով միայն մեկ արտասահմանցի ֆուտբոլիստի` Դու Բալային:
Առաջնության մեկնարկից առաջ NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի հետ:
Պարոն Նազարյան, «Բանանցը» նախապատրաստական փուլն արդեն ավարտել է: Գո՞հ եք արդյունքներից:
Նախապատրաստական փուլից չեմ կարող դժգոհ լինել, իհարկե գոհ եմ: Ճիշտ է, ստուգողական բոլոր խաղերում հիմնականում պարտվել ենք, բայց ամեն դեպքում ֆուտբոլիստների կատարած աշխատանքից եւ իրենց գործի մոտեցումից գոհ եմ: Թե ինչ կստացվի առաջնության ընթացքում, ցույց կտա ժամանակը, հիմա ես ուղղակի չեմ կարող ասել, թե ինչպես կդասավորվի առաջնությունը մեզ համար:
«Բանանցն» այս տարի համալրված է սեփական կադրերով, բացառությամբ Դու Բալայի: Դուք ինչպե՞ս եք գնահատում ակումբի այս մոտեցմանը:
Շատ ուրախ եմ, որ ակումբը նման մոտեցում է ցուցաբերել: Ապագան պետք է կերտել այսօր, եւ դրա համար հենց այսօրվանից պետք է մտածենք նոր ֆուտբոլիստներ պատրաստելու մասին: Սա միայն ուրախացնող հանգամանք է, իսկ սեփական կադրերով հանդես գալով՝ «Բանանցը» արդեն զգալի առաջընթաց կունենա հենց իր դպրոցի զարգացման առումով:
Դուք գլխավորում եք նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականը: Հիմա «Բանանցից» շատ երիտասարդներ համարվում են երիտասարդականի թեկնածուներ: Նրանց մարզավիճակը բավարարո՞ւմ է:
Այս պահի դրությամբ բավարարում է, բայց միեւնույն է, ես հավաքականի խաղացողների ընտրությունը կատարելու եմ ոչ թե որպես «Բանանցի» գլխավոր մարզիչ, այլ որպես երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ` ուսումնասիրելով ու հետեւելով մյուս թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներին, նոր վերջնական որոշում եմ կայացնելու թիմի կազմի վերաբերյալ: Իսկ դրա համար մինչեւ Անդորրայի հետ հանդիպումը մենք ունենք 2,5 ամիս, այնպես որ պետք է հետեւեմ բոլոր ֆուտբոլիստներին, որպեսզի կատարեմ ճիշտ ընտրություն:
«Բանանցը» միշտ էլ խնդիր է դրել պայքարել ոչ միայն մրցանակային տեղերի, այլ նաեւ չեմպիոնական կոչման համար: Գավաթի խաղարկությունից «Բանանցը» դուրս մնաց անցյալ տարի: Այս տարի, այս կազմով «Բանանցը» կարո՞ղ է հավասար պայքար մղել մյուս թիմերի հետ:
Ճիշտն ասած, մեր մոտեցումը առաջնության խաղերին լինելու է հետեւյալը. յուրաքանչյուր խաղին պատրաստվել մաքսիմում հնարավորություններով ու դուրս գալ խաղադաշտ` երեք միավոր ձեռք բերելու նպատակով: Կստացվի, թե ոչ, ցույց կտա խաղը: Մենք ռազմավարական առումով ոչ մի առաջադրանք չունենք, մենք մեր գլխավոր խնդիրն ենք համարում յուրաքանչյուր խաղում երեք միավոր վաստակելը: Բացի այդ մեր հիմնական նպատակն է նաեւ թիմի ընդհանուր խաղի զարգացումը, ֆուտբոլիստների կատարողական վարպետության ու փորձի առաջընթացի ապահովում: Ինչ վերաբերում է առաջնության ընդհանուր ընթացքին, ապա կարծում եմ, որ հավասար ուժերով թիմեր են ու հետեւաբար հետաքրքիր մրցաշար է մեզ սպասվում:
Դուք ո՞ր թիմին եք ֆավորիտ համարում:
Երեւի թե «Ուլիսին»: Այն պատճառով, որ գործող չեմպիոնի կազմում ընդգրկված են փորձառու ֆուտբոլիստներ, եւ այդ առումով «Ուլիսը» որոշակի առավելություն ունի մյուսների նկատմամբ: Բայց դա չի նշանակում, որ մյուսները զիջելու են: Բոլոր ութ թիմերն էլ, կարծում եմ, կաշխատեն առավելագույնը հաջող հանդես գալու համար, դրանից բխում է, որ անզիջում ու հետաքրքիր պայքար է մեզ սպասվում, եւ դա կմեծացնի հայ ֆուտբոլասերի հետաքրքրությունը մեր առաջնության նկատմամբ:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.