09:05 5 նոյեմբերի, 2023Բռնի տեղահանումից հետո արցախցի ֆուտբոլիստները ծանր վիճակում են: Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է գործունեությունը Երեւանում, բայց հավաքականի հետ կապված ծրագրեր դեռ չկան: Երեւանում գործունեությունն է շարունակում «Լեռնային Արցախ» ակումբը: Թիմն ամբողջությամբ պահպանված է եւ այժմ խաղում է Առաջին խմբում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մհեր Ավանեսյանը:
Պարոն Ավանեսյան, բռնի տեղահանումից հետո ի՞նչ կարգավիճակ ունի Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան, գործունեություն ծավալո՞ւմ է, թե՞ ոչ:
Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան գործունեությունը շարունակում է Հայաստանում եւ համագործակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ֆուտբոլի Արցախի հավաքականի հետ կապված դեռեւս ծրագրեր չունենք, բայց ֆեդերացիան աշխատանքը կատարում է: Հայաստանի ֆեդերացիայի հետ սերտ համագործակցության մեջ ենք: Որեւէ խնդիր չունենք, մեծ աջակցություն ենք ստանում ՀՖՖ-ից:
Հոգեբանական ի՞նչ վիճակում են բռնի տեղահանված ֆուտբոլիստները: Ինչպե՞ս են հաղթահարում այս շրջանը:
Բոլորի մոտ էլ ծանր վիճակ է: Հավաքականի ֆուտբոլիստներին հրավիրել ենք «Լեռնային Արցախ» ակումբ: Նրանք այժմ ադապտացիայի փուլում են: Ծանր վիճակ է, բայց հույս ունեմ, որ նրանց մոտ ամեն ինչ կկարգավորվի եւ շուտ կընդգրկվեն ֆուտբոլի մեջ:
ConIFA-ի աշխարհի առաջնության եվրոպական գոտու D խմբի Աբխազիա - Արցախ ընտրական հանդիպումը հետաձգվել էր եւ պետք է անցկացվեր մինչեւ հոկտեմբերի 30-ը: Կա՞ որեւէ հստակություն այս հարցում: Մասնակցելո՞ւ եք խաղին, եթե անցկացվի:
Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA-ի) Աբխազիա -Արցախ հանդիպման մասով դեռ որեւ հստակություն եւ տեղեկություն չկա: Տեղյակ չենք, թե ինչ է լինելու: Եթե հրավեր ստանանք, այդ ժամանակ կկարգավորենք այս հարցը, կհասկանանք, թե ինչ ենք անելու: Առայժմ որեւէ տեղեկություն չունենք՝ անցկացվելու է, թե ոչ:
«Լեռնային Արցախ» ակումբը շարունակո՞ւմ է բնականոն գործունեությունը:
«Լեռնային Արցախ» ակումբը շարունակում է գործունեությունը: Թիմը պահպանվել է, տեղափոխվել է Երեւան: Այժմ մասնակցում ենք Հայաստանի Առաջին լիգային: Հերթական խաղը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, որտեղ կմրցենք «Արարատ 2» թիմի հետ: Ակումբի գործունեությունը նորմալ շարունակվում է: Մարզումներն անցկացնում ենք Ձորաղբյուրում՝ «Արարատի» մարզական համալիրում: Խաղերը նույնպես այնտեղ ենք անցկացնում: Թիմն ամբողջությամբ պահպանված է, բոլորը տեղափոխվել եւ ֆուտբոլային կարիերան շարունակում են Հայաստանում: Մեզ հետ են նաեւ լեգեոներները:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.