09:05 31 հոկտեմբերի, 2023Ես շատ եմ սիրում իմ ազգին: Իմ արյան մեջ է հայը: Ինձ համար մեծ ցավ է յուրաքանչյուր կորուստ, ոտնձգություն իմ հայրենիքի ու ազգի նկատմամբ: Ուզում եմ՝ դառնանք այնպիսի երկիր, որ աշխարհը մեզ հետ հաշվի նստի: Յուրաքանչյուրս մեր ոլորտում ուժեղանալով մեր երկիրը կդարձնենք հզոր:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան, գյումրեցի Վահան Բիչախչյանը:
24-ամյա ֆուտբոլիստը արդեն շուրջ երկու տարի փայլում է լեհական ակումբում՝ պարբերաբար աչքի ընկնելով գոլերով, գոլային փոխանցումներով եւ լավագույնի կոչումը ստանալով: Այդպես՝ սեպտեմբերին Բիչախչյանը ճանաչվել էր «Պոգոնի» լավագույն ֆուտբոլիստ: Հայ եւ լեհ երկրպագուների սիրելին դեռ չի մտածում ակումբը փոխելու մասին, քանի որ շատ է սիրել լեհերին եւ «Պոգոնը»:
Սեպտեմբերի 19-21-ը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած լայնամասշտաբ պատերազմական գործողությունների օրերին Վահան Բիչախչյանը սոցիալական էջերում պարբերաբար անդրադառնում, միջազգային հանրության ուշադրությունն էր հրավիրում տեղի ունեցող իրադարձություններին:
Ֆուտբոլիստի խոսքով, ելքը հզորանալու ճանապարհն է, որը պետք է անի յուրաքանչյուրն իր բնագավառում:
Վահան, պատերազմական վերջին գործողությունների, արցախայության բռնի տեղահանման օրերին ակտիվ էիր սոցցանցերում: Ինչպե՞ս հաղթահարեցիր այս շրջանը հայրենիքից հեռու, ի՞նչ ազդեցություն թողեց քեզ վրա տեղի ունեցածը:
Ցավոտ է այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արցախում իմ հայրենակիցների հետ: Տխուր է այդ ամենը տեսնելը: Մեր ազգը շատ է տանջվում: Հատկապես վերջին շրջանում մենք մի քանի պատերազմ տեսանք, զոհեր ունեցանք: Պետք է առաջ նայենք, փորձենք լինել ուժեղ մենք մեզանով եւ հույսներս չդնենք որեւէ մեկի վրա: Մենք մեզ պետք է օգնենք, ավելի ուժեղ դառնանք, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ: Եթե մենք մեզ չօգնենք, երբեք ուրիշը մեզ չի օգնի: Գտնում եմ, որ ուժեղանալու հարցում ուրաքանչյուրս մեր մասնագիտության մեջ պետք է փորձենք հաջողությունների հասնել, հաղթանակներ ունենալ, աճել, զարգանալ: Պետք է այնքան հզոր դառնանք, որպեսզի մեզ հետ բոլորը հաշվի նստեն, ավելի լուրջ վերաբերվեն: Միասնականության ուժը մեզ կհզորացնի: Սպորտում, կրթության մեջ, մշակույթում եւ մյուս բնագավառներում ամեն մեկը պետք է իր առջեւ խնդիր դնի հասնել հաջողության: Ուզում եմ, որ մեր երկրի, մեր ազգի հետ այլեւս նման դեպքեր չլինեն: Սրտանց ուզում եմ՝ դառնանք այնպիսի երկիր, որ աշխարհը մեզ հետ հաշվի նստի: Ամենակարեւորն այդ է, որ ամեն մարդ սկսի իրենից: Հզորանալու ճանապարհը սա է: Այլեւս պետք չէ մեղավորներ փնտրել, ասել՝ այս մեկը կապ ուներ, մյուսը՝ ոչ: Այն, ինչ տեղի է ունեցել, բոլորս ենք մեղավոր:
Ես շատ եմ սիրում իմ ազգին, միշտ եմ սիրել, մանկուց: Իմ արյան մեջ է հայը ու ինձ համար մեծ ցավ է յուրաքանչյուր կորուստ, ոտնձգություն իմ հայրենիքի ու ազգի նկատմամբ:
Պետք է ոտքի կանգնենք: Ինչպես ֆուտբոլում, պարտություններից հետո միշտ էլ հեշտ է մեղավորներ գտնելը, ինչ-որ մեկին փնովելը, վատաբանելը, բայց հենց պարտությունների ժամանակ պետք է միասնական լինենք, միմյանց գոտեպնդենք, աջակցենք, թևութիկունք լինենք, որպեսզի կարողանալ հաղթահարել այն: Ինչպես ֆուտբոլում, կյանքում էլ պարտությունները նորմալ են, բայց պետք է կարողանալ այն ընդունել, սխալները հասկանալ, լուծումներ գտնել եւ միասնական դուրս գալ այդ պարտությունից: Հայ ազգը ուժեղ է, երբ միասնական է: Մեզ հիմա անհրաժեշտ է միասնականություն:
Նշեցիր, որ հզորանալու ճանապարհը յուրաքանչյուրն իր ոլորտում հաջողություններ գրանցելու մեջ է: Անդրադառնալով քո ակումբային կարիերային, ի՞նչ փոխեց «Պոգոնը» քո մարզական կարիերայում: Գո՞հ ես այն արդյունքներից, որ պարբերաբար գրանցում ես:
«Պոգոնն» ինձ համար, միանշանակ, ճիշտ քայլ էր, քանի որ Լեհաստանի առաջնությունը շատ ուժեղ է: Այստեղ թիմերի միջեւ մրցակցությունը շատ բարձր է: Բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում: Ամեն ինչ բարձր մակարդակի վրա է՝ հավասար եվրոպական ֆուտբոլին. առաջնությունը, մեդիան, երկրպագուները, յուրաքանչյուր խաղի մթնոլորտը: Մեր կամ մյուս թիմերի խաղերը մշտապես անցնում են լեփ-լեցուն մարզադաշտերում, մենք էլ մեր կողմից փորձում ենք հետաքրքիր ու դիտարժան խաղ ապահովել:
Լեհաստանի առաջնությունում մրցաշարային աղյուսակում 5-րդն եք 13-րդ տուրից հետո: Ինչպե՞ս է ընթանում առաջնությունը «Պոգոնի» համար:
Առաջնությանը լավ էինք սկսել, հետո ցավալի պարտություն ունեցանք, ինչից հետո թիմի մոտ սկսվեց վատ խաղեր, վատ արդյունքներ: 4-5 խաղ անընդմեջ չէինք կարողանում հաղթել: Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո վերադարձանք ավելի ուժեղ: Ամբողջովին կերպարանափոխված «Պոգոն» տեսանք: 4 խաղում հաղթանակ տարանք: Հաջորդեց հերթական ցավալի պարտությունը «Լեգիայից», որից հետո հաղթեցինք մեր երկու հիմնական մրցակիցներին՝ «Լեխին» եւ «Կրակովիային»: Այս երկու թիմերը մեր երկրպագուների եւ մեր քաղաքի համար ընդգծված մրցակիցներ են: Հիմա Լեհաստանում առաջնությունն այն մակարդակի է, որ չես կարող ասել՝ ով ում կհաղթի: Այս պահին թիմերը հավասար են, ամեն խաղին էլ անակնկալներ կարող են լինել: Լրջորեն պատրաստվում ենք, որպեսզի կարողանանք հետագայում էլ հաղթանակներ ունենալ:
Լիարժեք ինտեգրվե՞լ ես «Պոգոնին», լեհական կյանքին:
Այո, լիարժեք: Շուտով երկրորդ տարին կլրանա «Պոգոնում», բայց տպավորություն է, թե շատ երկար ժամանակ եմ այս ակումբում եւ այս երկրում: Շատ լավ թիմ է, անձնակազմը, տղաներ լավն են, ամենակարեւորը՝ շատ լավ մարդիկ են մեր թիմում հավաքված:
Շատ եմ կապվել «Պոգոնին», երկրպագուներին, քաղաքին, բոլորին: Ինձ լիարժեք եմ զգում այստեղ: Փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի կարողանամ իմ նկատմամբ վստահությունն ու սերը վերադարձել ակումբին, երկրպագուներին:
Լեհ երկրպագուների կողմից շատ ես սիրվել: Քո յուրաքանչյուր գոլ նրանց կողմից ընդունվում է մեծ ցնծությամբ, վանկարկումներով եւ քեզ նվիրված երգով: Որքանո՞վ է այդ սերն օգնում քեզ խաղադաշտում:
Նրանց սերը փոխադարձ է եւ այն ինձ իսկապես շատ է օգնում խաղադաշտում: Ինձ հաճելի է ունենալ այսպիսի երկրպագուներ, տեսնել, թե ինչպես են նրանք ուրախանում ամեն գոլից հետո, ինչպես են տոնում, երգում: Նրանք գալիս են ստադիոն, հետաքրքիր ֆուտբոլ դիտելու, գոլեր տեսնելու եւ հաղթանակ տոնելու: Այս ամենը պատասխանատու է:
Երկրպագուները շատ պահանջկոտ են: Որքան էլ մեր թիմի մոտ անհաջող խաղերի եւ պարտությունների շարք է լինում, մեզ երբեք չեն լքում: Նրանք միշտ մեզ հետ են՝ անկախ տանն ենք խաղոււմ, թե դրսում: Լեհաստանն էլ, ինչպես ասացի, փոքր երկրի չի եւ մի քաղաքից մյուսը գնալն այդքան էլ հեշտ չի, բայց նրանք գալիս են, եթե նույնիսկ նախորդ խաղերում ցավալի պարտություններ ենք ունեցել: Անհնար է այս սերն ու նվիրումը չգնահատել եւ չձգտել ուրախացնել նրանց: Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի մեր կողքին լինեն, եթե նույնիսկ պետք է 5, 10 ժամ ճանապարհ անցնեն: Այս վերաբերմունքը մեզ համար մեծ պատասխանատվություն է: Խաղում, պայքարում ենք նրանց համար:
Լեհ երկրպագուները նույնկերպ աջակցում են նաեւ Լեհաստանի ազգային հավաքականին: Հավաքականի ստադիոնը գտնվում է Վարշավայում: 52-53 հազար հանդիսական է տեղավորում ստադիոնը եւ խաղերի ժամանակ ուղղակի ասեղ գցելու տեղ չի լինում:
Իրականում Լեհաստանն առանձնանում է երկրպագուների բանակներով: Միայն «Պոգոնը» չէ, մյուս թիմերն էլ մեծաթիվ երկրպագուներ ունեն: Լեհերը ֆուտբոլի մեծ սիրահարներ են: Հենց երկրպագուների շնորհիվ մեր առաջնությունում շատ լավ մրցակցություն է ստեղծվել: Երկրպագուների միջեւ էլ մեծ մրցակցություն կա, ինչն ավելի է գեղեցկացնում յուրաքանչյուր հանդիպում:
Քո խոսքում նշեցիր, որ նույնիսկ իրար հաջորդող պարտություններից հետո խաղերն անցնում են լեփ-լեցուն տրիբունաներով: Ի՞նչպես անել, որ հայ երկրպագուներն էլ պարտություններից հետո նորից գան ստադիոն, Հայաստանի առաջնություններն անցնեն լեփ-լեցուն տրիբունաներով:
Պատճառը մեկն է, պետք է կարողանանք ամեն խաղում լավ խաղալ, նվիրվել, փորձել հաղթել: Պարզ է, ֆուտբոլում պարտություններ էլ կան, որեւէ մեկն ապահովագրված չի պարտությունից: Եթե երկրպագուները տեսնեն՝ թիմը պայքարում է, նվիրվում է, ցանկություն կա հաղթելու, բոլորն էլ կհասկանան եւ կընդունեն պարտությունը, հաջորդ խաղին նորից հավատով կգան ստադիոն: Իմ կարծիքով, մենք պետք է միասնական լինենք, որպեսզի երկրպագուներն էլ հավատան մեզ: Պարզ է, որ երկրպագուները միշտ էլ մաքսիմալիստ են եւ ցանկանում են միայն հաղթանակներ: Մեր ազգը պահանջկոտ է այս առումով, բայց նորմալ է, որովհետեւ բոլոր երկրներում էլ երկրպագուները պահանջկոտ են: Ուղղակի պետք է կարողանալ լավ խաղով եւ արդյունքով գոհացնել երկրպագուին:
Ի՞նչ ծրագրեր ունես «Պոգոնի» հետ: Մտածո՞ւմ ես ակումբը փոխելու կամ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Այդ մասով դեռեւս հստակություն չկա: Պայմանագիրս լրանում է 2025 թվականին: Տեսնենք, թե հետագայում ինչ կլինի: Առայժմ չեմ մտածում այդ ուղղությամբ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.