Գավառում անցկացվեց ուժային եռամարտի IRON EURASIA-7 մրցաշարը․ Հայաստանի թիմն առաջինն է

16:07   24 հոկտեմբերի, 2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Պաուերլիֆտինգի միջազգային ֆեդերացիայի և Պաուերլիֆտինգի Հայաստանի ֆեդերացիայի համատեղ ջանքերով  Գավառում անցկացվել է ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ)՝ IRON EURASIA-7 միջազգային մրցաշարը։

Մրցաշարին մասնակցել է 147 մարզիկ Հայաստանից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից․ մրցաշարն առցանց եղանակով անցկացվել է նաև Էստոնիայի, Լիտվայի, Ուկրաինայի և Անգլիայի մարզիկների համար, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը՝ վաստակելով 979 միավոր: Երկրորդ տեղում Իրանի թիմն է՝ 421 միավորով: Լավագույն եռյակը եզրափակել է Վրաստանի թիմը՝ 173 միավորով:

Հայ մարզիկներն աշխարհի ռեկորդով բացարձակ հաղթողներ են դարձել ձգում վարժությունում: 302.5 կգ արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել Արտյոմ Խուգոյանը՝ 179.600 միավորով: Երկրորդ տեղում Սերոբ Սիմոնյանն է (աշխարհի ռեկորդ՝ 270 կգ, 164.320 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լաբեր Գրիգորյանը (աշխարհի ռեկորդ՝ 265 կգ, 156.300 միավոր):

Բիցեպս վարժությունում ևս հայ մարզիկները ցույց են տվել լավագույն արդյունք: Հաղթող է ճանաչվել 110 կգ քաշային Արտյոմ Խուգոյանը՝ 75 կգ արդյունքով նաև աշխարհի ռեկորդ սահմանելով: Երկրորդ տեղը զբաղեցրել և արծաթե մեդալին արժանացել է Արթուր Ավետիսյանը, որը ևս աշխարհի ռեկորդ է սահմանել (70 կգ): Բրոնզե մեդալակիր է դարձել Կարեն Պետրոսյանը:

Երկամարտ (պառկած սեղմում + ձգում) վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Արտյոմ Խուգոյանը: Նա նաև աշխարհի ռեկորդ է սահմանել՝ 497.5 կգ արդյունքով: Երկրորդ տեղը զբաղեցրել է Վրաստանի ներկայացուցիչ Թեյմուրազ Աբսարիձեն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կառլեն Անտոնյանը: Վերջինս նաև աշխարհի ռեկորդ է սահմանել՝ 377.5 կգ արդյունքով:

Պառկած սեղմում վարժությունում առաջն տեղը զբաղեցրել է Արտյոմ Սոլոյանը՝ նաև աշխարհի ռեկորդ սահմանելով 195 կգ արդյունքով: Արծաթե մեդալակիր է դարձել վրացի Լևան Գորգոձեն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ներկայացուցիչ, պարամարզիկ Հարություն Մխիթարյանը: Հայ մարզիկնը նաև աշխարհի ռեկորդ է սահմանել 145 կգ արդյունքով:

Նմանօրինակ մրցաշար աշխարհում կազմակերպվել է առաջին անգամ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.