09:04 7 հոկտեմբերի, 2023Աշխարհի առաջնության գալուց նպատակս մեկն էր՝ նվաճել օլիմպիական ուղեգիր, որն էլ արեցի: Այժմ կպայքարեմ աշխարհի կրկնակի չեմպիոնի տիտղոսի համար: Քանի որ որակավորման փուլում ոտքիս վնասվածքով ամենաբարձր միավորներ եմ վաստակել, եզրափակիչում ամեն ինչ էլ կարող է լինել:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Անտվերպենից ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը:
Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 7-ին եւ 8-ին տեղի կունենան առանձին գործիքների եզրափակիչները: Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից հոկտեմբերի 7-ին տիտղոսի համար կպայքարեն Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը:
Հոկտեմբերի 8-ին աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկրորդ անգամ կփորձի նվաճել Արթուր Դավթյանը հենացատկի եզրափակիչում:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը հոկտեմբերի 1-ին բազմամարտով արդեն ապահովել է Փարիզ-2024-ի ուղեգիրը:
«Ուրախ եմ, որ կարողացա գլխավոր նպատակս իրականացնել, նվաճել օլիմպիական ուղեգիր: Առաջին օրը բազմամարտում լավ մասնակցեցի: Սպասվածից ավելի լավ եղավ արդյունքը: Այստեղ գալուց նպատակս մեկն էր, որ նվաճեմ ուղեգիր: Ոտքի վնասվածք ունեի, որն ինձ շատ խանգարեց մարզումային փուլում: Կարելի է ասել՝ հենացատկը չէի պատրաստվել: Այնպես, ինչպես ցատկեցի մրցմանը, չէի արել մարզումների ժամանակ: Երկրորդ ցատկը շատ լավ ստացվեց, բազմամարտը նորմալ անցա, բարձր միավորներ վաստակեցի եւ ուղեգիր ապահովեցի: Շատ լավ է, շատ ուրախ եմ, որ ուղեգիրն արդեն ունեմ: Աշխարհի առաջնությունից հետո առաջնային խնդիրս կլինի ոտքիս բուժումը: Դրանից հետո արդեն աստիճանաբար կսկսեմ պատրաստվել Օլիմպիական խաղերին:
Ինչպես արդեն ասացի հենացատկում սպասվածից բարձր արդյունք ցույց տվեցի: Վնասվածքովս պայմանավորված, չէի սպասում, որ առաջին տեղով դուրս կգամ եզրափակիչ, քանի որ չէի կարողացել պատրաստվել: Վնասվածքս ստացել էի հավաքներից առաջ, բայց քանի որ աշխարհի առաջնությունում բազմամարտով էր ամենաիրատեսականը ուղեգիր նվաճելը, անպայման պետք է մասնակցեի:
Հենացատկի եզրափակիչից սպասելիքներ ունեմ: Քանի որ առաջին տեղով եմ դուրս եկել եզրափակիչ, ինձ թվում է՝ ամեն ինչ էլ կարող է լինել»,- ասաց Արթուր Դավթյանը:
Աշխարհի չեմպիոնը բազմամարտում անվանական ուղեգիր է նվաճել:
Նշենք, որ աշխարհի առաջնությունում առանձին գործիքներում խաղարկվում է 6 ուղեգիր: Օլիմպիական ուղեգիր նվաճում են միայն ոսկե մեդալակիրները: Արթուր Դավթյանի աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու դեպքում օլիմպիական ուղեգիրը կհասնի արծաթե մեդալակրին:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից ուղեգրերի համար պայքարելու հնարավորություն ունեն Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետսիյանը։
Հոկտեմբերի 7-ին նժույգ թափերի եզրափակիչում կմրցի Հարություն Մերդինյանը: Նժույգ թափեր վարժության եզրափակիչի առաջին պահեստայինը Գագիկ Խաչիկյանն է:
Օղակների վարժության եզրափակիչում մեդալների համար կպայքարեն Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.