Արթուր Ալեքսանյանը նվաճեց Փարիզ-2024-ի ուղեգիր եւ կպայքարի ԱԱ-ի 5-րդ տիտղոսի համար

19:49   22 սեպտեմբերի, 2023

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի աշխարհի 5-րդ չեմպիոնության համար:

97 կգ քաշային կարգի առաջատարը կիսաեզրափակիչում հերթական տպավորիչ հաղթանակը տարավ: Գյումրեցի ըմբիշը մրցեց լիտվացի Մինդաուգաս Վենցայտիսի հետ եւ երկու րոպեկում հաղթանակի հասավ 9:0 հաշվով:

Ինչպես նախորդ գոտեմարտերում, կիսաեզրափակիչում էլ Ալեքսանյանը մեկ բռնվածքով 4 գլորում վստահ հաղթանակի հասավ: Հայաստանի առաջատար ըմբիշը կիսաեզրափակիչում տարած հաղթանակով նվաճեց նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Օլիմպիական չեմպիոնը աշխարհի առաջնությունում պայքարը սկսել 1/16 եզրափակիչից, որտեղ 10:4 հաշվով հաղթել է Եվրոպայի փոխչեմպիոն, ռումինացի Նիկու Օժոգին։

1/8 եզրափակիչում մեկ բռնվածքով 4 գլորումով պարտության էր մատնել ԱՄՆ ներկայացնող Ջոզեֆ Պատրիկ Ռաուին (9:0):

Քառորդ եզրափակիչում նույն տեխնիկայով 9:0 հաշվով առավելության էր հասել Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովի նկատմամբ:

Երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի եւ գործրղ չեմպիոն Մալխաս Ամոյանը (77կգ): Մրցակիցը Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեւ Ժադրաեւն է։  Մալխաս Ամոյանը կպայքարի նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:

Հունահռոմեականների օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.