Մահացել է եռակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը

18:05   5 սեպտեմբերի, 2023

94 տարեկանում մահացել է սպորտային մարմնամարզության եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։

«Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով պիտի տեղեկացնեմ, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ: Պատիվ և երջանկություն էր լինել ՔՈ ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ սիրելի՜ վարպետ»,- գրել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը ֆեյսբուքյան էջում։

1952-1962 թվականներին Ազարյանը 11 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1954-1958-ին՝ աշխարհի քառակի չեմպիոն, 1956-ին (օղակներ) եւ 1960-ին (օղակներ, թիմային)՝ եռակի օլիմպիական չեմպիոն։ Օղակների վարժության հայտնի «Ազարյանական խաչ» տարրը հայ մարզիկն առաջին անգամ կատարել է 1953 թվականին Լենինգրադում։

Մարզական կարիերան ավարտելուց հետո նա գլխավորեց մարմնամարզության դպրոցը Երեւանում, որը հետագայում կոչվեց իր անունով։

Ալբերտ Ազարյանը  2000 թվականին մարզական լրագրողների քվեարկությամբ՝ ճանաչվել է Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ։

2004-ին Աթենքում եւ 2008-ին Պեկինում Ալբերտ Ազարյանը եղել է Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը Օլիմպիական խաղերի բացման արարողություններում։

23 տարի Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան գլխավորելուց հետո Ալբերտ Ազարյանը 2021-ին ընտրվել էր Ֆեդերացիայի պատվավոր նախագահ։

Ֆեդերացիան ղեկավարելու տարիներին Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ հայ մարմնամարզիկները նվաճել են 34 մեդալ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, Եվրոպական, Համաշխարհային ուսանողական խաղերում, աշխարհի գավաթի խաղարկություններում:

Հիշեցնենք, որ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի բակում բացվեց եռակի օլիմպիական չեմպիոնի կիսանդրին:

Возможно, это изображение 1 человек, памятник и текст

Нет описания фото.



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.